Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք կկու չենք, որ անընդհատ զարկվելու «իրավունքից» օգտվենք՝ վերջում ամեն ինչ կորցնելով. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 12,2023 11:11

Թշնամու ոչ մի խոսք չպետք է անտեսենք՝ լինի դա դրանց ներքին, թե արտաքին լսարանի համար ասված։ Մենք էլ մեր հերթին չպետք է սխալ թույլ տանք՝ դրանց ասածներին վերագրելով «արկածախնդրություն» բառը։ Այն պարզ պատճառով, որ թշնամու արածը ոչ թե արկածախնդրություն է, այլ՝ հաշվարկված քայլ, տառացիորեն ահաբեկչություն։ Ահաբեկչություն է Բերձորի միջանցքի փակումը, հիդրոահաբեկչություն է մեր ջրերի մոտ դրանց հաստատվելը, մշակութային ահաբեկչություն է դրանց վերահսկողությանն անցած հայապատկան տարածքներից հայկական հետքը վերացնելը։ Կարող ենք շարունակել՝ տնտեսական ու քաղաքական ահաբեկչության փաստեր բերելով։ Տնտեսական է, երբ Ալիեւը ասում է, թե փոխհատուցում է ուզելու ՀՀ-ից՝ «իրենց հայրենի Ղարաբաղում» 30 տարի ոսկի արդյունահանելու համար։ Քաղաքական ահաբեկչություն է, երբ բացահայտ հայտարարում է, թե թույլ չի տալու Հայաստանին վերականգնել իր քաղաքական եւ ռազմական ներուժը։ Այս ամենը ահաբեկչություն է, եւ թշնամին ահաբեկչական մի քայլից անցնում է երկրորդին, երրորդին, որովհետեւ չի ստանում հակաահաբեկչական պատասխանը։

1926 թ. երբ Խորհրդային Միությունում առաջին մարդահամարը տեղի ունեցավ, «ադրբեջանցիները» տեղ չէին գտել ազգությունների ցանկում։ Յակուտները, վայնախները, պերմյակները կային, «ադրբեջանցի» կոչվածները՝ ոչ։ 3 տարի անց Թիֆլիսում վիճակագրական պաշտոնական տեղեկատու լույս տեսավ՝ «Անդրկովկասը թվերով», բայց «ադրբեջանցիներն» այստեղ էլ չկային։ Հիմա Ադրբեջան կոչվող արհեստածին պետությունը, որ պատմության թատերաբեմում ընդամենը մի ակնթարթի պատմություն ունի, «ադրբեջանական պատմական հողեր» է համարում Սյունիքը, Սեւանն ու Երեւանը, խոստանում է «հետ բերել»։ Ի դեպ, 2022 թ. փետրվարի 3-ին կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է հայտարարել, թե Հայաստանում թուրքերն անշարժ գույք, ընկերություններ են ձեռք բերել վերջին տարիներին։ Նույն 2022 թ. կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանն ասում է, թե անշարժ գույքի գործարքների տոկոսը Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ բավական քիչ է. «Թուրքիայի քաղաքացիների դեպքում՝ 100-ից պակաս, Ադրբեջանի քաղաքացիների դեպքում՝ մեկ տասնյակից պակաս»։ Եթե մեզ թվում է, թե այս 100-ից պակասը այս պահին մեզ համար խնդիր չէ կամ վաղը չի ավելանալու, եւ ազգային անվտանգության տեսակետից խնդիր չի դառնալու, ապա չարաչար սխալվում ենք։ Չենք մոռացել չէ, թե ինչպես խորհրդային տարիներին «եղբայրական ադրբեջանցի ժողովուրդը» հանկարծ խնդիր «չառաջացնելով» տիրացավ ՀԽՍՀ-ի բերրի հողերին՝ հասնելով Արարատ, Մասիս, Վեդի…

Թյուրքի հետ խաղաղության սինաբանության մեկ այլ օրինակ եւս։ Եթե հանկարծ միամտորեն որեւէ մեկը կկարծի, որ ինքը քաղաքականության հետ կապ չունի եւ ճանապարհների, իբր, ապաշրջափակման դեպքում թյուրքական տարրի հետ տնտեսական կապ կլինի, ու դա իրեն կօգնի լավ ապրել, ապա մեղմ ասած չարաչար սխալվում է։ Քանզի թշնամին անթաքույց խոսում է իր նպատակների մասին. «Աշխարհագրական առումով Զանգելանը Արեւելյան Զանգեզուրի մաս է կազմում եւ գտնվում է Արեւելյան Զանգեզուրում։ Արեւմտյան Զանգեզուրը եւս մեր պատմական հողն է, եւ այդ տարածքով անցնելու է Զանգեզուրի միջանցքը»։

Օրինակներն այնքան շատ են, որ թվարկումը կարող է տասնակ էջեր լցնել։ Եվ սրանք պատմությունից չեն, այլ՝ մեր օրերից։ Հանրության այն շերտը, որ մեր զգուշացումներին չի հավատում, կարող է լսել թշնամուն, որ չի թաքցնում իր նպատակները։ Այս տեսակ հարեւանի հետ խաղաղությունը կեղծիք է եւ մեր պարանոցին արագ սեղմվող օղակ։ Մենք կկու չենք, որ անընդհատ զարկվելու «իրավունքից» օգտվենք՝ վերջում ամեն ինչ կորցնելով։ Մեր գենոմը արծվի տիրույթում է, որ թեկուզ վիրավոր, միշտ օգտվում է զարկելու իրավունքից։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930