Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկվա ողբերգական իրադարձությունը լուրջ հետաքննություն է պահանջում. Ավետիք Չալաբյան

Ապրիլ 12,2023 10:30

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկվա սադրանքի հետքերով

Երեկ թշնամական սադրանքի հետևանքով, մենք կորցրել ենք սահմանը պաշտպանող չորս եղբայրների՝ Արթուր Սահակյան, Մկրտիչ Հարությունյան, Հենրիկ Քոչարյան, Նարեկ Սարգսյան, ևս վեցը վիրավոր են, նրանց թվում նաև Սյունիքի հատուկ կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը: Ես խորին ցավակցություն եմ հայտնում զոհված մարտիկների ընտանիքներին, և արագ ապաքինում ցանկանում մեր վիրավոր եղբայրներին:

Միևնույն ժամանակ, երեկվա ողբերգական իրադարձությունը շարքային մարտական բախում չէր, և լուրջ հետաքննություն է պահանջում: Դիտելով այս սադրանքի տեսագրությունը, և հետևելով նախորդող լրահոսին, իմ մոտ մի շարք օրինաչափ հարցեր են առաջանում՝

ա) Տեղ գյուղի հանդիպակաց հատվածը նախկինում գտնվում էր Լաչինի միջանցքի անմիջական շարունակության վրա, և փաստացի՝ ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո: Այն, որ նրանք այդ հատվածից պետք է դուրս գան և վերատեղակայվեն դեպի հարավ, հայտնի էր առնվազն մեկ տարի առաջ: Ինչո՞ւ այդ ընթացքում Տեղի դիմաց ոչ մի ամրաշինական աշխատանք չի կատարվել, դիրքեր չեն ստեղծվել, տեղի չի ունեցել անհրաժեշտ պատրաստություն՝ նրանց հայկական ուժերով փոխարինելու համար, և կոնկրետ ո՞վ է դրա համար պատասխանատու;

բ) Տեղից դեպի Կոռնիձոր ռուսական խաղաղապահների վերատեղակայումը պետք է տեղի ունենար ապրիլի 1-ին: Ինչո՞ւ գոնե մի քանի օր առաջ այդ հատվածում չեն տեղակայվել հայկական ուժեր, ինչո՞ւ է թույլ տվել թշնամական զորքերի անարգել ներթափանցում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Կոնկրետ ո՞ր պաշտոնյան է թերացել կատարելու իր սահմանադրական պարտավորությունները, թույլ տալով, որ մեր երկրի ինքնիշխանությունը հերթական անգամ անարգել ոտնահարվի, և ե՞րբ է նա պարզվելու ու պատասխանատվության կանչվելու;

գ) անցած շաբաթ կառավարության նիստին, վարչապետի պաշտոնում գտնվող անձը հայտարարեց, որ Տեղ գյուղի հատվածում էական բարելավումներ են տեղի ունեցել, և ամեն ինչ արվում է՝ էսկալացիայից խուսափելու համար: Տեսագրության կադրերից երևում է, որ թշնամին մեր տարածքում անարգել ամրաշինական աշխատանքներ է կատարում, մեր դիրքից 100 մետր հեռավորության վրա, և նրան ոչ ոք չի խոչընդոտում, ենթադրաբար «էսկալացիայից խուսափելու» համար: Հետո էլ թշնամական մեքենան անարգել մտնում է մեր դիրքը, լկտի սադրանք սարքում, հետո էլ դիմահար կրակով սպանում մեր տղաներին, և միայն դրանից հետո համարժեք պատասխան ստանում: Ո՞վ է մեր զինվորներին հրաման տվել չկրակել թշնամու վրա, անարգել նրան թույլ տալ մեր տարածքում ամրապնդվել, հետո էլ անարգել  մեր դիրքերը մտել: Ո՞վ է այդ պաշտոնյան, և պատրաստ է նա արդյո՞ք այսօր պատասխանատվություն ստանձնել մեր զոհված եղբայրների անմեղ արյան համար:

Ես առաջարկում եմ տիկին Գլխավոր դատախազին, որը դեռ երեկ խրոխտ տեսքով քրեական հետապնդում էր նախաձեռնում ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ, նույն հետևողականությամբ քրեական հետաքննություն նախաձեռնել պարզելու, թե գործող իշխանության որ պաշտոնյաների գործողությունների կամ անգործության արդյունքում ենք մենք շարունակում հայրենիքի տարածքներ և մարդկանց կյանքեր կորցնել, և մասնավորապես, ով է պատասխանատու տվյալ դեպքի համար, երբ առնվազն չորս մարդկային կյանք ենք կորցել թշնամու դիմահար կրակից:

Քանի որ այս տիկնոջից լուրջ արդարադատություն չեմ ակնկալում, խոստանում եմ ինքս հետամուտ լինել այս հարցերի պատասխանները ստանալուն, և ի վերջո մեղավորներին օրենքով պատասխանատվության ենթարկելուն: Մինչ այդ, կոչ եմ անում մեր զինվորականներին՝ ենթարկվելու միայն Սահմանադրությանը, և աննահանջ պաշտպանելու մեր երկրի սահմանները, դա է միակ երաշխիքը, որ թշնամին անարգել չմտնի մեր դիրքերը, և դիմահար չսպանի մեր եղբայրներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930