Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էական բարելավումներ»

Ապրիլ 12,2023 10:00

Մարտի 30-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ ադրբեջանական ուժերը Տեղ գյուղի հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել: Եթե «սահմանից առաջ են անցել», ապա պետք է ենթադրել, որ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք: Այնուհետեւ, մեկ այլ հայտարարությամբ ԱԱԾ-ն հայտնեց, որ սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում այդ հատվածում իրավիճակը «էականորեն բարելավվել է»: Ապրիլի 6-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, կրկնեց այդ ձեւակերպումը՝ նշելով, որ իրավիճակի որոշ «բարելավում կա»: Կիրակի օրը վարչապետն այցելեց Վայոց ձորի մարզ, ծանոթացավ աշխատավորների կյանքին եւ ղեկավար ցուցումներ տվեց: Երեկ ադրբեջանցիներն իրենց «բարելավված» դիրքերից մոտեցել եւ կրակ են բացել մեր զինծառայողների ուղղությամբ՝ կան զոհեր եւ վիրավորներ: Ժամանակին ճիշտ նույն կերպ «բարելավված» դիրքերից հակառակորդը երեկ կրակեց նաեւ Վարդենիսի ուղղությամբ:

Հետեւաբար, ոչ մի «բարելավում» եւ ոչ մի «սահմանների ճշգրտում» տեղի չի ունենում: Հակառակորդը 2,5 տարվա ընթացքում գրավել է Հայաստանի ինքնիշխան տարածքի մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր, այնտեղ դիրքավորվել է, եւ այդ դիրքերից պարբերաբար կրակ է բացում, որի արդյունքում զոհվում են Հայաստանի քաղաքացիները: Սա իրողություն է, որի մեղավորը ո՛չ «նախկիններն» են, ո՛չ «5-րդ շարասյունը», ո՛չ ռուսները, ո՛չ էլ «11 հազար դասալիքը»: Դրա միակ պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունը չի կատարում իր սահմանադրական պարտականությունները եւ չի ապահովում մեր երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ քաղաքացիների անվտանգությունը:

Տեղ եւ սահմանամերձ այլ գյուղերի բնակիչներն այդ իրողությունը տեսնում են իրենց աչքերով, ինչը, սակայն, չի խանգարի նրանց հաջորդ ընտրություններում միահամուռ ձայն տալ ՔՊ-ին, ինչպես որ դա արել են 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում: Գուցե ապրելով արդեն այլ գյուղերում:

Եթե պետության ղեկավարն ասում է, որ իր պատասխանատվության ներքո գտնվող երկրի տարածքի այս լճի կամ այն սարի համար նա պատերազմ չի վարի, դրանից հետո, իմ կարծիքով, նա ոչ մի վայրկյան չի կարող զբաղեցնել իր պաշտոնը: Որովհետեւ դա ուղիղ ազդանշան է հակառակորդին, որ նա նոր լճեր եւ սարեր գրավի (ինչը եւ անում է): Տեսականորեն, այո, պետք չէ թույլ տալ էսկալացիա, պետք է ամեն ինչ անել, որ խաղաղություն հաստատվի: Գործնականում Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի լինի նոր էսկալացիա եւ նոր զոհեր:

Խաղաղությունը հնարավոր չէ հաստատել միայն բանակցություններով  կամ ինչ-որ փաստաթղթեր ստորագրելով (չնայած դիվանագիտական հմտություններով մեր իշխանությունը նույնպես, մեղմ ասած, չի փայլում): Մեր եւ մնացած բոլոր ժողովուրդների բազմադարյա պատմությունը ցույց է տալիս, որ խաղաղության հնարավոր է հասնել միայն բանակի հստակ գործողություններով: Բայց ո՞ր բանակի: Այն բանակի, որն, ըստ ՔՊ-ականների, մինչեւ 2018 թվականը գոյություն չունե՞ր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Սրանք խաղաղ ժամանակների կուսակցությունից են, այսօրվա պատերազմների ժամանակներում մեզ պատերազմի կուսակցություն է պետք, (բայց ոչ ռազմական խունտա), մենք մեր անցած խաղաղ ժամանակները լիարժեք չօգտագործեցինք պատերազմներին պատրաստվելու համար, բայց եղածն էլ բավարար է, գնանք համաշխարհային մոբիլիզացիայի եւ ստեղծենք մեր ընդդիմադիր պատերազմի կուսակցությունը, ամենաժողովրդավարական ամենաթափանցիկ ընտրություններով մեր անմահ հերոսների նման լավագույններին բերենք իշխանության եւ պատրաստվենք լայնածավալ համաշխարհային պատերազմի: Այսօրվա պատերազմները գնում են բոլոր անխտիր ժողովուրդների դեմ, այսօր չկան հաղթող ու պարտվող ժողովուրդներ, այսօր կամ բոլոր ժողովուրդները կհաղթեն՝ եթե միաբանվեն, կամ էլ բոլորը կպարտվեն՝ եթե մնան այսօրվա նման անմիաբան: Ժողովուրդների Միաբանությունը սկսենք մեզնից՝ Երկրագնդի հայությամբ՝ մնացածները) կարող են հետո միանալ մեզ, ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի, կասեի մի քիչ այլ կերպ՝ սիրում ես խաղաղություն՝ սիրիր եւ խաղաղության համար պատերազմել:

  2. Հայ մարդ says:

    Հայաստանում վարչապետ աշխատող անձի հայտարարություններից տպավորություն է ստացվում, որ նա մեր երկրում հանդիսանում է ադրբեջանական բանակի շահերի պաշտպանը: Այսօր խորհրդարանում նա հայտարարել է, որ Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ՝ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով: Այսպիսի հայտարարությունից հետո մեր քննչական ու դատական կառույցներն այդքան «դուխ» չունեն, որ վարչապետի «վերսիային» հակառակ բան ասեն և գործն այլ ուղղությամբ տանեն: Օրինակ՝ դիտարկեն, որ ադրբեջանցիներն իրենց զինվորական հագուստով Սյունիքի բնակչի տուն մտնելով.
    ա) փորձում են խուճապ առաջացնել բնակչության շրջանում,
    բ) փորձում են հուսահատություն առաջացնել, որ մեր սահմանները գրեթե անպաշտպան են և թշնամու զինվորներն անարգել կարող են անցնել այդ սահմանով և լկտիորեն մտնեն մեր քաղաքացիների տները,
    գ) ստուգում են մեր իշխանությունների պահվածքը, թե հեշտությամբ կվերադարձնե՞ն ադրբեջանական զինվորներին որևէ հորինովի պատճառաբանության դեպքում:
    Զավեշտալին այն է, որ ըստ վարչապետի ունեցած տվյալների՝ երկրորդ զինվորը, որ մինչև հիմա փնտրվում է, ինքը հենց սահմանը հատելուց շատ չանցած, հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում վերադառնալ:
    Պատկերացնում ե՞ք վարչապետի «մտքի թռիչքը»՝ թշնամու զինվորը հանգիստ զրուցում է գյուղացիների հետ իր հետագա պլանների մասին, նրանց հետ անկեղծանում է, որ փոշմանել է սահմանն անցնելու համար:
    Ստացվում է, որ եթե մարդը փոշմանել է, էլ նրան բռնելու կարիք չկա, թեկուզ թշնամու զինվոր լինի, մարդը փոշմանել է, էլ ինչ թշնամի, արդեն քիրվայություն է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930