Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամոքսի ցավ կամ մարսողական խանգարումներ․ պատճառներից մեկը կարող է լինել սթրեսը

Ապրիլ 12,2023 09:30

Ստամոքսի ցավի կամ մարսողական խանգարումների պատճառները բազմաթիվ են, և քիչ չէ նաև սթրեսի դերն այդ խնդիրների զարգացման գործում։

«Սթրեսն ու տագնապը որովայնի ցավեր ու աղեստամոքսային համակարգի այլ ախտանշաններ առաջացնող տարածված պատճառ են»,- գրում է Չիկագոյի բժշկական համալսարանի գաստրոէնտերոլոգ Նինա Գուպտան։

Սթրեսը մարսողական համակարգի վրա ազդում է նյարդային համակարգի միջոցով․ այն կարող է փոփոխել սննդի տեղաշարժման արագությունն ու աղիներում մանրէների հավասարակշռությունը։ Սթրեսի պատճառով վատ սնվելը, վնասակար սովորությունների, կոֆեինի չարաշահումը նույնպես թողնում են բացասական ազդեցություն մարսողական համակարգի վրա։

Աղիները հաճախ են անվանում «երկրորդ գլխուղեղ», քանի որ աղիներում կա նյարդերի մեծ մակերես, որը վեգետատիվ նյարդային համակարգի մասն է կազմում։ Harvard Health-ի տվյալներով, «մարսողական տրակտը պատող նեյրոնները ազդակներ են հղում մկանային բջիջներին, որպեսզի դրանք կծկումների միջոցով առաջ մղեն սնունդը՝ տարանջատելով սննդանյութերն ու թափոնները»։

Էնտերալ նյարդային համակարգը հաղորդակցության մեջ է գտնվում կենտրանական նյարդային համակարգի հետ, և այդ կապով է բացատրվում, թե ինչու է սթրեսը մարսողական խնդիրներ առաջացնում։

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի տվյալներով՝ սթրեսը կարող է խորացնել հետևյալ հիվանդությունների ու խնդիրների հետ կապված ախտանշանները՝

  • որովայնի փքվածություն, գազեր, զկռտոց,
  • այրոց, թթվային ռեֆլյուքս,
  • սրտխառնոց ու փսխում,
  • փորլուծություն,
  • փորկապություն,
  • խոցեր,
  • գրգռված աղու համախտանիշ։

Որովայնի փքվածություն, գազեր, զկռտոց

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի տվյալներով՝ սթրեսը կարող է որովայնի փքվածություն, գազեր և այլ ախտանշաններ առաջացնել՝ դանդաղեցնելով մարսողական գործընթացները։ Որպես լուծում առաջարկվում են ռելաքսացիայի մեթոդները (մեդիտացիան, երաժշտությունը և այլն), ֆիզիկական վարժությունները, որոնք խթանում են հաստ աղիքի շարժունակությունը։ Նաև խորհուրդ է տրվում ծամոն չծամել, խուսափել գազավորված ըմպելիքներից և չօգտվել ըմպելիքների համար նախատեսված ձողիկներից։

Այրոց, թթվային ռեֆլյուքս

Harvard Health-ի տվյալներով՝ սթրեսը կարող է ավելացնել ստամոքսահյութի արտադրությունը, ինչը կարող է հանգեցնել այրոցի կամ թթվային ռեֆլյուքսի առաջացման։ Որպես լուծում առաջարկվում է չծխել, հետևել առողջ սննդակարգին, սահմանափակել սուրճի, թեյի, կոլայի օգտագործումը, ուտել փոքր չափաբաժիններով, խուսափել քնելուց առաջ սնվելուց, կիրառել ռելաքսացիային նպաստող մեթոդներ։

Սրտխառնոց և փսխում

Տագնապային զգացումները կարող են մի շարք աղեստամոքսային խնդիրներ հարուցել, այդ թվում՝ սրտխառնոց, փսխում, փորացավ, աղիների աշխատանքի խանգարում։ Որպես լուծում առաջարկվում են ֆիզիկական վարժությունները, ռելաքսացիային նպաստող գործողությունները, առողջ դիետան, ինչպես նաև թեյերը (անանուխի), որոնք հանգստացնում են ստամոքսը։

Փորլուծություն

Սթրեսի հորմոններն ազդում են ողջ օրգանիզմի, այդ թվում՝ աղիների վրա։ Օրինակ՝ սերոտոնինը խթանում է աղիները՝ կծկումների ալիքներ առաջացնելով հաստ աղիքում։

«Դա կարող է սրտխառնոց, գազեր, որովայնի փքվածություն ու սպաստիկ ցավեր, փորլուծություն, անգամ քրտնարտադրություն առաջացնել», -մեկնաբանում է գաստրոէնտերոլոգ Քրիստին Լին։ Այս դեպքում ևս լուծումը պարզ է՝ պետք է գիտակից մոտեցում ցուցաբերել սնվելու հարցում՝ հիշելով, որ սնունդ ընդունելիս հարկավոր է հնարավորինս պահպանել հանգստությունն ու փորձել կենտրոնանալ սնվելու բուն գործընթացի վրա։

Փորկապություն

Սթրեսի ամերիկյան ինստիտուտի տվյալներով՝ հայտնվելով «խփիր ու փախիր» ռեժիմում՝ դանդաղում է արյան շրջանառությունը դեպի աղիներ, ինչը հանգեցնում է փորկապության։ Սթրեսի հորմոններից մեկը նույնպես դանդաղեցնում է աղիների աշխատանքը։ Բուժումը ներառում է ֆիզիկական վարժությունները, բջջանյութով հարուստ դիետան, բավականաչափ հեղուկի օգտագործումն ու ռելաքսացիայի մեթոդների կիրառումը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930