Լրահոս
Օրվա լրահոսը

Ինֆլյուենսերների բացասական ազդեցությունը հանրային կարծիքի վրա

Ապրիլ 12,2023 12:30

Ժամանակակից կյանքի հիմնախնդիրներից մեկը` հասարակության մեդիագրագիտության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունն է։

Շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր անհատ, լրատվական ու սոցիալական տիրույթներից օգտվելիս, պատկերացում ունենա տեղեկատվական խեղումների ու ապատեղեկատվության, քարոզչական հնարքների, թվային միջավայրի հնարավորությունների ու վտանգների մասին, գիտակցի այս ամենի դրական ու բացասական ազդեցությունը մարդու վրա։

Տեխնիկական հնարավորությունների զարգացման հետ միասին փոփոխվում է հասարակության մտածողությունը, եւ կարծիքի ձեւավորման գործընթացում այժմ արդեն շոշափելի դերակատարություն ունեն ինֆլյուենսերները։

Ինֆլյուենսերները` հանրային լսարան ունեցող մարդիկ են, որոնք մեր օրերում կարեւոր դեր են զբաղեցնում հասարակության մեջ, քանի որ համարվում են այս կամ այն երեւույթի նկատմամբ դրական կամ բացասական կարծիք ձեւավորող, ինչու ոչ՝ նաեւ ճաշակ ու համապատասխան վարքագիծ թելադրող անձինք։

Կարեւոր է, որ նման մարդիկ լինեն կրթված, գրագետ, գիտակցեն սոցիումում իրենց զբաղեցրած դիրքի նշանակությունն ու խոսքի կշիռը, որովհետեւ կամա թե ակամա կարող են դառնալ ինֆորմացիոն խեղումների աղբյուր, մանիպուլյացիաների եւ սխալ ուղղորդումների պատճառ։

Ժամանակակից հանրության մեդիագրագիտության մակարդակը բարձր չէ, որն ակներեւ է։ Որեւէ թեմայից անտեղյակ լինելու, իսկ շատ դեպքերում նաեւ կիսագրագիտության կամ բացարձակ անգրագիտության հետեւանքով բավական հեշտ է դարձել արհեստականորեն տարբեր տրամադրվածություններ ստեղծելը։

Նման տհաճ երեւույթներին ականատես ենք լինում գրեթե ամեն օր. ինֆորմացիոն խեղումների ու մարդկանց ուղեղների լվացման վառ օրինակ է 442 հզ. հետեւորդ ունեցող «Perfect TV» ալիքի գործունեությունը YouTube հարթակում. «Բաքուն քաղաքից վերածվեց անապատի» վերնագրով վիդեոն ունի 30 հազար դիտում, իսկ «Ալիեւի դղյակը օդ թռավ. թուրքերը պայթեցնում են ողջ Բաքուն» խորագրով վիդեոն 261հզ. դիտում։

Լսարան ունեցող մարդիկ, ինչպես նշեցինք, կարող են բացասական վերաբերմունք ձեւավորել որեւէ երեւույթի նկատմամբ, որը կարող է լինել ինչպես հիմնավորված, այդպես էլ անհիմն` թեմայի շուրջ սեփական անտեղյակության կամ անգրագիտության արդյունքում։

Արվեստի բնագավառը եւս գտնվում է այս ռիսկային գոտում, քանի որ ազդեցություն ունեցող մարդկանց (ինֆլյուենսերների) խորհրդով կարելի է դիտել-չդիտել այս կամ այն ֆիլմը, գնալ-չգնալ թանգարան որեւէ պատկերահանդեսի, կամ թատրոն` նոր բեմադրություններ դիտելու համար։

Որպես ապացույց կարող ենք դիտարկել հետեւյալ իրական դեպքը։

2022 թվականի ապրիլի 14-ին կայացավ Ա. Տերտերյանի «Սոմա. Կրակե Օղակ» օպերայի պրեմիերան, որը դասվեց Ե. Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառումների շարքին։ Սակայն, մինչ առաջնախաղը, ինֆլյուենսեր-հոգեւորականի շնորհիվ, կրոնական հիմքի վրա, շատ ուշագրավ իրարանցում ստեղծվեց համացանցում։

2022 թվականի մարտի 15-ին, օպերայի առաջնախաղից մեկ ամիս առաջ, Facebook սոցիալական ցանցում 26.000-ից ավելի հետեւորդ ունեցողներից մեկը` հիմնվելով ներկայացման ազդագրի վրա` «Դեւը օպերայում» խորագրով գրառում կատարեց, որով ոչ միայն բացասական արձագանքների ալիք բարձրացրեց Ե. Չարենցի ու Ա. Տերտերյանի ստեղծագործությունների նկատմամբ, այլեւ ներկայացումը որակեց «դիվապաշտական»` արտիստներին դարձնելով դիվապաշտական ծեսի մասնակիցներ ու կոչ արեց աղոթել «այդ չարությունը կանգնեցնելու համար», որովհետեւ դա, ինչպես շեշտվել էր գրառման մեջ, «ուրացում է Աստծուն»։

Գրառումը մեծ աղմուկ բարձրացրեց սոցիալական ցանցում. քրիստոնեական գաղափարախոսության տեսանկյունից հանդես եկող մի շարք օգտատերեր, Աստծո անունը անտեղի մեջբերելով (տասը պատվիրաններից` «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: (Ելից. 20:7)» խախտելով), անեծքներով ու անձնական վիրավորանքներով լի արտահայտություններով «խաչակրած արշավանք» իրականացրեցին այդ օգտատիրոջ ու Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնի համապատասխան գրառումների մեկնաբանություններում։

Ըստ մեկ տարի առաջ նույն օգտատիրոջ հայտնած տեղեկության, այս օպերան տարվա ընթացքում պետք է ցուցադրվեր քսանհինգ անգամ, սակայն այն ցուցադրվել է ընդամենը յոթ անգամ՝ 13-14.04.2022, 17-18.05.2022, 08.06.2022, 19.07.2022 եւ վերջինը` 21.10.2022։ Սա վառ օրինակ է, թե ինչպես կարող է ինֆլյուենսերը, ստույգ տեղեկություն չունենալով, իրականությունը չարտացոլող հայտարարություն կատարել։

Անհիմն հայտարարությունների տեսանկյունից անչափ ուշագրավ է այն փաստը, որ նման աղմկահարույց գրառումը կատարելուց առաջ, հեղինակը նույնիսկ չէր դիտել օպերային ներկայացումը, բացարձակապես պատկերացում չուներ, թե ռեժիսորի կողմից ինչպիսի խնդիրներ են առաջ քաշվել, ինչ ասելիք ու իմաստ է ներկայացումը կրում։ Ի վերջո, նաեւ հանդիսատեսի տպավորություններից պարզ դարձավ, որ այս ներկայացումը ոչ միայն որեւէ կապ չունի դեւերի պաշտամունքի հետ, այլ նաեւ սիրո հաղթանակի ու բարության մասին է։ Այս թեժ իրարանցման արդյունքում, փաստացի, գրառման հեղինակը ստացավ հազարավոր լայքեր, տեղ գտավ որոշ լրատվամիջոցներում ու լայնացրեց իր ճանաչելիության շրջանակը։

Մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը ժամանակի այն հիմնախնդիրներից է, որը հրատապ լուծման ուղիներ է պահանջում։ Կարեւոր է այնքանով, որ հանրային լսարան ունեցող մարդկանց կողմից, անգամ կրոնական հիմքի վրա կատարվող հայտարարություններից` մարդիկ ունակ լինեն տարբերակելու օգտակար տեղեկությունը` իրականությանը համապատասխանող ու անօգուտ ինֆորմացիան` անհիմն, զրպարտիչ, վիրավորական եւ իրականության հետ որեւէ աղերս չունեցող։

Արվեստի կառավարման ոլորտի մասնագետների համար, մեր ժամանակներում, շատ կարեւոր է մշտապես ուշադրության կենտրոնում պահել համացանցում տեղի ունեցող իրադարձություններն ու իրենց նախագծերի գովազդային արշավները մշակել այնպես, որպեսզի հնարավոր չլինի դրանք դարձնել անհիմն ու աղմկահարույց հայտարարությունների առարկա` թույլ տալով ինֆլյուենսերներին բացասական տրամադրվածություններ ձեւավորել։ Եվ որքան էլ ոլորտի մասնագետները պնդեն, որ նույնիսկ նման անհեթեթ իրավիճակների դեպքում պետք է մաքսիմալ օգուտ քաղել, քանի որ «սեւ փիառը» եւս գովազդ է, իսկ անվճար գովազդը շատ չի լինում, միեւնույն է, միայն մեդիագրագիտության բարձր մակարդակ ունենալու դեպքում կարող ենք կանխել նման դեպքերի կրկնությունը։

Վիգեն ՊԱՊՈՅԱՆ

ԵԹԿՊԻ-ի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության փոխնախագահ

«Առավոտ» օրաթերթ
11.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930