Բախի ամենաբարդ ու ծավալուն գործը հանդիսացող եւ նրա հոգեւոր ժառանգության ու ողջ բարոկկո դարաշրջանի հոգեւոր երաժշտության գագաթնակետը համարվող «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան բոլոր ժամանակների մեծագույն ստեղծագործություններից է, իր տեսակով չգերազանցված նվաճում եւ հանուն մարդկության փրկության Քրիստոսի զոհաբերությունը պատկերող կոթող։ Այս ստեղծագործության հիմքում Մատթեոսի ավետարանի 26, 27 գլուխներն են, որտեղ մանրամասն նկարագրվում են Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի տառապանքները։ Հանճարեղ այս ստեղծագործությունը կատարման առումով կարծես նույնպես չարչարանքների է ենթարկվել։ Այն մի քանի անգամ Բախի կյանքի օրոք կատարվելուց հետո, կոմպոզիտորի մահից հետո (1750թ.) մոռացության է մատնվել եւ միայն 80 տարի անց 20-ամյա կոմպոզիտոր Մենդելսոնը ներկայացնելով այս երկը, այն անվանել է «մեծագույն քրիստոնեական ստեղծագործություն»։
«Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան օրերս հնչեց Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Զատկի փառատոնի» փակման համերգին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։ Համերգը ղեկավարեց Գերմանիայից հրավիրյալ դիրիժոր Քրիստոֆ Կոնցը, մենակատարներն էին՝ սոպրանո Ջեսիկա Նայլսը (ԱՄՆ), մեցցո սոպրանո Մոյրա Թերիզ Քարմեկը (ԱՄՆ), տենորներ Կայ Կլուգեն (Գերմանիա), Էըրոն Շիհընը (ԱՄՆ), բասեր Ալլեն Բոքսըրը (ԱՄՆ) եւ Միլան Սիլյանովը (Շվեյցարիա), մասնակցում էին Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած Հայաստանի պետական կամերային, Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» եւ Քրիստինա Ոսկանյանի ղեկավարած Երեւանի պետական կամերային երգչախմբերը։ Մինչ համերգին ներկա գտնվելը մենք փորձեցինք համացանցից տեղեկություններ քաղել առաջին անգամ մեր երկիր այցելած դիրիժորի եւ մեներգիչների մասին։ Պարզվեց, որ հրավիրյալ բոլոր երաժիշտները հանդիսանում են հոգեւոր երաժշտության լավագույն կատարողներից։
Օրատորիան պարունակում է կերպարային երեք խումբ. առաջինը ձեւավորում է Ավետարանիչը, Քրիստոսը եւ Ավետարանի գործող կերպարները։ Ավետարանիչի խոսքը զուսպ վերաբերմունքով անցյալում տեղի ունեցած դեպքերի պատմություն է, նաեւ որոշիչ պահին տեղի ունեցող իրադարձության վերապրում։ Այստեղ երգչախումբը հանդես է գալիս որպես ավետարանական պատումի ամբոխ։ Երկրորդ խումբը հավատացյալներն են, ովքեր մշտապես Քրիստոսի հետ են նրա երկրային տառապանքներում, նրանք արտահայտվում են քնարական խմբերգային ու մենակատարային երգեցողությամբ։ Իսկ երրորդ խումբը եկեղեցու կերպարն է՝ արտահայտված խմբերգերի միջոցով։
Առաջին անգամ այս ստեղծագործությունը կատարվել է 1727թ., Չարչարանաց շաբաթի Ավագ Ուրբաթի օրը եւ ըստ էության մեներգիչները Ավագ Ուրբաթի պատմության կարեւոր կերպարներն են՝ Հիսուս, Հուդա, Պետրոս, երկու քահանայապետեր, Պիղատոս Պոնտացի ու նրա կինը, երկու սուտ վկաներ ու երկու աղախիններ։ Մեներգիչներին հաճախ տրված են արիաներ, որոնց միանում են մարդկանց ոչ մեծ խմբեր, այս դեպքում՝ երգչախմբեր։ Հիսուսի կերպարով ներկայանում է բասը, որին մշտապես ուղեկցում է լարային խումբը, իսկ Քրիստոսի չարչարանքների մասին պատմում է Ավետարանիչը (տենորը), որը ռեչիտատիվ ներկայացնում է Ավետարանի տեքստը՝ թավջութակի, ալտի, երգեհոնի նվագակցությամբ։ Տեղեկացնենք, որ օրատորիան սկսվում է Հուդայի դավաճանությունից, ապա խորհրդավոր ընթրիքն է՝ ավարտվելով Հիսուսի ձերբակալությամբ։ Իսկ ստեղծագործության երկրորդ մասում նկարագրվում են քահանայապետերի տանը Հիսուսի հարցաքննությունը, խաչելությունը, մահն ու թաղումը։
Փորձեցինք հնարավորինս մատչելի ներկայացնել կամ, ավելի ճիշտ՝ ուրվագծել մոտ երեք ժամ տեւողությամբ այս մոնումենտալ գործը, քանի որ հայաստանյան մշակութային կյանքում կատարվում էր երրորդ անգամ։ Առաջին անգամ 2000թ. օրատորիան դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ մատուցվել է բացառապես հայ երաժիշտների կատարմամբ, երկրորդը՝ 2021թ., գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ հայաստանյան կոլեկտիվների՝ պետական կամերային նվագախմբի ու երգչախմբի, Երեւանի պետական կամերային եւ «Տիրամայր Հայաստանի» երգչախմբերի մեկնաբանությամբ, մենակատարները նույնպես հրավիրված էին Գերմանիայից։
Անդրադառնալով օրերս «Չարչարանքներ ըստ Մատթեոսի»-ի կատարմանը, փաստենք միայն, որ ստեղծագործության ավարտին դահլիճի արձագանքից միանշանակ պարզ էր, որ հանդիսատեսը պարզապես հիացած էր։ Մեր շնորհավորանքին ի պատասխան՝ դիրիժոր Քրիստոֆ Կոնցը չթաքցնելով ոգեւորությունն, ասաց. «Վաստահ էի, որ այս ստեղծագործությունը հենց այսպիսի արձագանք կունենա հավատացյալ ունկնդրի կողմից, որ կարող ես չհասկանալ գերմաներենով հնչած օրատորիայի լիբրետիստ Քրիստիան Ֆրիդրիխ Հենրիցի պոեզիան, բայց չէ՞ որ այստեղ Բախի աստվածային երաժշտությունն է…»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում՝ կադր մաեստրո Կոնցի ղեկավարությամբ «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիայի կատարումից:
«Առավոտ» օրաթերթ
11.04.2023