Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանը ՀԱՊԿ-ի առաքելության հարցում ունի՞ կարմիր գիծ

Ապրիլ 12,2023 12:00

Եթե ՀԱՊԿ-ականները չեն ընդունում, չեն ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ապա ոչ միայն անհասկանալի, այլեւ անիմաստ է դառնում այդ կառույցի ներկայությունը ՀՀ տարածքում

Դատելով պաշտոնական Երեւանից վերջին շաբաթներին արված հայտարարություններին` Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման շուրջ գործընթացներ են ծավալվում եւ Հայաստանի իշխանությունների հետ այդ թեման ակտիվորեն քննարկվում է:

Անցյալ շաբաթ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում նշեց, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության հնարավոր տեղակայման ժամկետները կախված են Երեւանից։ «Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո ասել էր՝ ռուսական կողմը գոհ է, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ խաղաղապահներ ընդունելու հարցում։ Այդ քայլը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, Ռուսաստանը եւ մյուս դաշնակիցները պատրաստ են դրան»,- ասել է Զախարովան։

Նա նաեւ հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ում նման որոշումները համակարգվում, ընդունվում եւ հաստատվում են ամենաբարձր մակարդակով՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ։ «Ինչ վերաբերում է ժամկետներին, ինձ թվում է, որ այստեղ էլ ամեն ինչ պարզ է. ամեն ինչ կախված է հայ գործընկերներից։ Հենց նրանք պատրաստ լինեն, մենք կարող ենք վերադառնալ բովանդակային աշխատանքի՝ համախմբելու Կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ եղանակները։ Այնպես որ, գնդակը Երեւանի կողմն է»,- ասել էր Զախարովան։

Մոսկվան, այսպիսով, բավարարված է Հայաստանի «շահագրգռվածությամբ», ավելին, ռուսական կողմն անգամ այդ առաքելության տեղակայման ժամկետների մասին է ակնարկում։

Իսկ ի՞նչ էր ասել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջին բանակցությունների հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում այդ թեմայով:

Միրզոյանին լրագրողը հարց էր ուղղել, թե`«ինչո՞ւ է Երեւանն անտեսել Մոսկվայի մտահոգությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ դիտորդների աշխատանքի վերաբերյալ, եւ ինչո՞վ է պայմանավորված այնտեղ ՀԱՊԿ առաքելության տեղակայման մերժումը»։ Միրզոյանը պատասխանել էր. «Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելությանը, ապա առաքելության մանդատը շատ հստակ որոշված է եւ այդ մասին տեղեկատվությունը հրապարակային է. այն քաղաքացիական դիտորդական առաքելություն է։ Առաքելությունը, կրկնում եմ, կրում է բացառապես քաղաքացիական բնույթ։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ առաքելության վերաբերյալ Ձեր հարցին, ապա, հավանաբար, հարցը կամ հարցի ձեւակերպումը, թերեւս, ճիշտ չէ, քանի որ Հայաստանը երբեք չի հրաժարվել նման առաքելությունից։ Ավելին, նման որոշման նախագիծը սեղանին է եւ այս նախագծի շուրջ աշխատանքները շարունակվում են։ Հիշեցնեմ, որ այստեղ մեզ համար առանցքայինն այն էր, որ մեր տպավորությամբ ՀԱՊԿ-ն անուղղակիորեն կարծես ինքը չի ճանաչել ՀԱՊԿ պատասխանատվության հստակ գոտին: Մեր տեսանկյունից դա ինչ-որ չափով խնդրահարույց էր։ Բայց կրկնում եմ, որոշման նախագիծը դրված է սեղանին, աշխատանքները շարունակվում են»։

ՀԱՊԿ առաքելության տեղակայման թեմային օրերս անդրադարձել է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` վստահեցնելով, որ Հայաստանը երբեք չի մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելության Հայաստանում տեղակայումը: «Հայաստանը երբեք չի մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը, ուղղակի այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է նաեւ նման առաքելություն լիներ, շարունակում է գտնվել լրամշակման փուլում: Եվ մեզ համար կարեւոր է, որ կատարվեն այն արձանագրումները, որոնք, կարծում ենք, որ պետք է օբյեկտիվորեն ներկայացնեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Բնականաբար, առանց այդ պնդման ընդունման, առանց իրավիճակը մանրամասն գնահատելու, դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի առաքելություն ու ինչ տարածքում պետք է այդ առաքելությունն իրականացվի»,-ասել է Խանդանյանը: Այսպիսով՝ Հայաստանը երբեք չի մերժել այդ առաքելությունը, Հայաստանը ցանկացել է, որ հստակորեն արձանագրվի խնդիրը, փաստաթուղթը լրամշակման փուլում է: «Եվ այն փուլում, երբ Հայաստանը գտնի, որ այնպիսի նախագիծ է ներկայացվել, որը բավարարում է պաշտոնական Երեւանի դիրքորոշումներն ու ցանկությունները, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին»,-հավելել է նա:

Պաշտոնական Երեւանը մի քանի անգամ հրապարակավ դժգոհություն հայտնել է ՀԱՊԿ-ի ցուցաբերած անգործության առիթով: Խոսքը վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո այս կազմակերպության կողմից անդամ պետության նկատմամբ գործողությունների վերաբերյալ դիրքորոշում չարտահայտելու փաստին:

Որքան էլ ՀԱՊԿ-ից ակնարկեն, թե այդ կառույցը չի կարող դիրքորոշում արտահայտել, քանի որ ՀԱՊԿ-ականները նաեւ ջերմ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, թե` դիրքորոշում արտահայտելն այդ կառույցի գործը չէ, անգամ եթե ակնարկեն, թե` քանի որ Հայաստան-Ադրբեջան սահմանները հստակեցված չեն, այդ իսկ պատճառով այս կառույցը չի կարող հայտարարություն անել, միեւնույն է, փաստը հետեւյալն է` Հայաստանն անդամակցում է մի կառույցի, որի անդամները մեկ ուրիշ անդամի նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ դիրքորոշում չունեն, կամ ունեն` չեն կարողանում արտահայտել:

Ակնհայտ է, որ Մոսկվան ձգտում է ամեն գնով ՀԱՊԿ առաքելություն տեղակայել, ըստ երեւույթին` մեծ մտավախություններ ունենալով մեր տարածաշրջանում Արեւմուտքի դիրքերի ամրացման առիթով: Հայաստանի ներկայիս իշխանությունները, եթե ռուսական կողմի հետ ակտիվ բանակցային գործընթացում են ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցով, այստեղ կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչելն ու հարգելն է: Եթե ՀԱՊԿ-ականները չեն ընդունում, չեն ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ապա ոչ միայն անհասկանալի, այլեւ անիմաստ է դառնում այդ կառույցի ներկայությունը Հայաստանի Հանրապետության տարածքում: Թե ինչ պատճառներով անդամ պետությունները չեն կարող դիրքորոշում արտահայտել` դա արդեն պաշտոնական Երեւանին չպետք է հետաքրքրի:

Բացի այդ, եթե ռուսական կողմի համար գերնպատակ է ՀԱՊԿ առաքելության տեղակայումը, ապա ի՞նչ է ստանալու պաշտոնական Երեւանը դրա վերաբերյալ  համաձայնություն տալու պարագայում:

Ըստ երեւույթին, Մոսկվան ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ ստացել է Բաքվի ու Անկարայի համաձայնությունը: Ի տարբերություն ԵՄ առաքելության Հայաստանի տարածքում տեղակայվելու փաստի, Բաքվից ու Անկարայից ՀԱՊԿ առաքելության հնարավոր տեղակայման առիթով բացասական գնահատականներ չեն հնչել: Մինչդեռ Մոսկվան ու Բաքուն, կարծես, համաձայնեցված, ու ընդգծված ընդդիմանում եմ ՀՀ տարածքում ԵՄ առաքելության տեղակայման փաստին, նույնիսկ արդեն մեղադրանքներ են հնչեցնում, թե մեր տարածաշրջանում իրավիճակը ապակայունացել է, իբր` «ԵՄ առաքելության տեղակայումից հետո»: Ու հիմա այս համատեքստում, ռուսական կողմը որպես իրավիճակի կայունացման գործոն նշում է հենց ՀԱՊԿ առաքելության տեղակայումը:

Ինչեւէ, պաշտոնական Երեւանի հետ ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցով բանակցությունների ֆոնին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցյալ շաբաթ աշխատանքային այցով մեկնեց Թուրքիա: Բանակցությունների օրակարգում, ի թիվս այլ հարցերի` նաեւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցն էր, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնման թեման, ինչպես նաեւ` «3+3» ձեւաչափով երկրորդ հանդիպման հնարավորությունը: «3+3»-ը 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած եւ Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձեւաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությունը։ Մոսկվայում 2021թ. դեկտեմբերի 10-ին կայացավ առաջին նիստը` «3+2» ձեւաչափով. Վրաստանը հրաժարվեց մասնակցել դրան՝ հայտարարելով, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Լավրով-Չավուշօղլու բանակցությունների օրակարգում էր նաեւ էներգետիկայի, Ուկրաինայի, հացահատիկի գործարքի հարցերը, Անկարա-Դամասկոս երկխոսությունը: Չավուշօղլու-Լավրով հանդիպմանը Ղարաբաղի հարցի քննարկումը հաստատել է նաեւ թուրքական կողմը։ Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում Չավուշօղլուն հայտնեց, որ Լավրովի հետ հանդիպմանը քննարկվելու են թուրք – ռուսական առեւտրային, էներգետիկ եւ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ Սիրիայի հակամարտությունը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը եւ «Ղարաբաղի հարցը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»։

Անկարա` Լավրովի այցի նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում մի շարք հարցերի հետ միասին նաեւ նշվել էր. «Պլանավորվում է մանրամասն մշակել Անդրկովկասում համագործակցությունը խորացնելու հարցերը, այդ թվում՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնում, կոմունիկացիաների եւ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնում»։

Շարունակությունը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930