Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համակուրսեցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին ազատ արձակելու միջնորդությունը՝ դատարանում․ սպանվածի հարազատները դեմ են․ «Ո՞նց պիտի փոխվի»

Ապրիլ 11,2023 22:50

«Սա պրոբացիայի ծառայության և քրեակատարողական հիմնարկի դիրքորոշումն է նաև։ Դրական զեկույցները տրվել են երկու պետական մարմինների կողմից։ Մենք ուղղակի միացել ենք երկու պետական մարմինների դիրքորոշմանը և ներկայացրել մեր դիրքորոշման իրավական և փաստական հիմնավորումներ, որոնք ներկայացվեցին դատարանին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովին 1996 թվականին սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կինը, նրա շահերի պաշտպան Զարուհի Մեժլումյանը։

Նշենք, որ դատարանն այսօր քննեց ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովին 1996 թվականին սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը:

Զարուհի Մեժլումյան

Զարուհի Մեժլումյանն ասաց՝ Մհեր Ենոքյանն ութ տարի աշխատում է, բուհական կրթություն  ստանում, դարձել է հեղինակային, թարգմանական գրքերի հեղինակ, չունի որևէ բացասական հաշվառում, տույժ, չորս անգամ խրախուսվել է, քրեական ենթամշակույթի հարող և կրող չի եղել, տարեցտարի արձանագրվում է դրական վարքագծի դինամիկայի շարունակական աճ։ Այնուհետև շարունակեց․ «Ութերորդ ամիսն է գտնվում է բաց տիպի ռեժիմում՝   այսինքն՝ ցածր վտանգային գոտում, մեղմ պայմաններում։ Տրվել են երկու դրական զեկույցներ, պետությունն ինքն է ներկայացրել պայմանական ազատման, 2018-ից ի վեր 4 ցմահ դատապարտյալներ արդեն իսկ ազատվել են, սակայն առաջին դեպքն է, երբ երկու դրական զեկույց կա, և անձը 27 տարի՝ երեք  տասնամյակին մոտ պատիժ է կրում»։

Զարուհի Մեժլումյանը նշեց, որ Մհեր Ենոքյանի վարքագիծն այնպես չէր, որ բալային համակարգի համար էր։ Այս առիթով պարզաբանեց․ «Բալային համակարգը ներդրվեց 2019-ից։ Երբ ներդրվեց, տեսանք, որ թույլատրելի 28 բալից էլ անցնում են Մհեր Ենոքյանի հավաքած միավորները։ Այն ժամանակ դեռևս չկար բալային համակարգ»։

Մեր այն փաստմանը՝ Աղաջանովների ընտանիքը Մհեր Ենոքյանի ազատ արձակման հարցում լուրջ մտահոգություններ ունի, նա պատասխանեց․ «Իհարկե, հասկանալի է իրենց դիրքորոշումը, բայց այն հիմնավորված և փաստարկված չէ։ Պրոբացիայի զեկույցում ևս արտացոլված է իրենց դիրքորոշումը՝ այսինքն՝ իրենց՝ լսելի լինելու իրավունքը ևս իրացված է։ Ըստ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի՝ տուժողի դիրքորոշումը չէ, որ դրվում է մարդուն ազատելու, կամ չազատելու հիմքում։ Դրվում են այլ հանգամանքներ, որոնք վերաբերվում են պատժի կատարման ընթացքին, վերասոցիալականացմանը և պատշաճ վարքագծին և կրկին հանցանք կատարելու հավանականությունը նվազ լինելուն։ Մենք տուժողի դիրքորոշումը կիսում ենք, ցավում ենք և 1996 թվականի ողբերգության հետևանքով որդուն կորցրած Աղաջանովների  ընտանիքի անդամների վիշտը խորը վերապրում, ցավում, ապրումակցում ենք, և նաև գիտակցում էինք, որ որևէ սփոփանքի խոսք չի կարող մեղմել այդ անդառնալի կորստի ցավը։ Բայց մեզ համար անհասկանալի է, թե ինչու դեպքից երեք ամիս անց նույն տուժողի իրավահաջորդը որևէ պատիժ չի պահանջել իրենց որդու կոկորդը կտրող, մահվան հիմնական պատճառը հանդիսացող Արամ Հարությունյանի հետ կապված»։

Կապված Մհեր Ենոքյանի՝ զղջումի հանգամանքի հետ Զարուհի Մեժլումյանը մեջբերեց պրոբացիոն ծառայության զեկույցը, որտեղ ներկայացված է Մհեր Ենոքյանի դիրքորոշումը․ «Խորապես զղջում եմ կատարվածի՝ Իոսիֆի մահվան համար։ Ցավում, տառապում եմ մինչ օրս։ Այս ողբերգությունը դժբախտացրեց մեր ընտանիքները։ Ես ունեմ իմ մեղքի բաժինը, քանի որ չեմ կարողացել կանխարգելել ողբերգությունն առհասարակ։ Ընդունում եմ իմ մեղավորությունը  կատարվածի մեջ, որ Իոսիֆը չկա, իր ընտանիքի հետ չէ։ Եթե հնարավոր լիներ ժամանակը հետ տալ, ապա այդ չարաբաստիկ օրն առհասարակ  ես ու Իոսիֆը չէինք գնա Արամենց տուն, և Իոսիֆը ողջ կլիներ։ Զղջում եմ կատարվածի համար, ընդունում եմ իմ  մեղավորության բաժինը։ Բայց ես չէի կարող կատարել այն արարքը՝ սպանությունը, որի մեջ ինձ անհիմն մեղադրել են»։

Ելենա Աղաջանովա

Մեզ հետ զրույցում սպանվածի քույրը՝ Ելենա Աղաջանովան հայտարարեց՝ Մհեր Ենոքյանի՝ վաղաժամկետ ազատ արձակումն իրենց համար ընդունելի չէ ու շարունակեց․ «Պետական մարմինը դա ընդունել է և միջնորդություն է ներկայացրել, որովհետև երբ Ենոքյանը դիմում է  ներկայացրել վաղաժամկետ ազատ արձակման համար, արդեն գործում էր բալային համակարգը։ Հիմա բանտարկյալները միավորներ են հավաքում, որոնք իբր պիտի բնորոշեն իրենց ուղղվածության աստիճանը, կամ սոցիալիզացիայի աստիճանը։ Շախմատի մրցումներին մասնակցելու համար են բալ տալիս, միավոր է ստանում, քանի որ ինքը գտնում է, որ բանտային ենթամշակույթի չի հարում, տարիքը 42-47 տարեկան է, դրա համար միավոր են տալիս։ Այսպես միավորներ են հավաքում, ու եթե դրանք գերազանցում են 18-ը, արդեն դրական վարքագիծն ավտոմատ գրվում է։ Արդեն ստիպված այդ քրեակատարողական հիմնարկը օրենքով պարտավորված է, որ ինքը պետք է միջնորդություն ներկայացնի։ Պատրաստվեք, որ հիմա հերթով բոլոր բանտարկյալները տենց դրական կերպար ստեղծելով դուրս են գալու։

Տեղեկացանք, որ ամբողջ այդ իր դրական վարքագիծը սկսեց ոնց որ ցուցաբերել վերջին տարիներին՝ հիմնականում 2018-2019-ից, մինչև այդ ինքը բավականին բացասական վարքագիծ ուներ մինչև 2013-2015-ը։ Դրանից հետո այս ճանապարհը որդեգրեց, հասկացավ, որ իրեն պետք է դրական վարքագիծ ներկայացնել, որպեսզի ինքը կարողանա այդ վաղաժամկետը ստանալ։ Իր իրավունքն է, բայց դա չի նշանակում, որ նա ուղղվում է, կամ փոխվում, կամ հնարավոր է՝ իր հոգեբանությունը փոխվի։ Մարդ ոնց կա, տենց էլ կա։ Եթե 20 տարեկանում կարողացել է այնպես մտածողություն, գաղափար ունենալ, որ պլանավորի, իրականացնի  այդպիսի դաժան սպանություն, ո՞նց պիտի փոխվի։ Հակառակը, մարդիկ մեծանալով փոխվում են դեպի ավելի վատը»։

Ըստ Ելենա Աղաջանովայի՝ այն, ինչ մենք տեսնում, լսում ենք Ենոքյանի կողմից, այն է, ինչ ինքն ուզում է, որ դիմացինը հավատա, լսի, համոզի դիմացինին։ Դրա  համար դա նրան չհամոզեց։ Այս առիթով շարունակեց․ «Ես նույն կարծիքին եմ, որ ինքը չպիտի լինի ազատության մեջ, ինքը պատրաստ չէ լինել ազատության մեջ, ինքը չպիտի ապրի սովորական նորմալ ապրող, աշխատող  մարդկանց հետ։ Ինքը լավ օրինակ չէ, ինքը լինելու է շատ վատ օրինակ և′ երիտասարդներին, և′ մնացածին»։

Հարցին՝ գործիքակազմ ունե՞ն այդ որոշումը կանխելու, Ելենա Աղաջանովան պատասխանեց․ «Մեր օրենսգիրքը գնալով փոխում են դեպի մեղմացում, ինչ վերաբերում է մարդասպաններին, և գործիքակազմ արդեն չունի պետությունը, դատախազությունը, որ իրենց կարծիքը լսելի լինի։ Եթե դատախազության կարծիքը բացասական է, ասում են, որ համոզիչ չէին իր բոլոր փաստարկները, տվյալները, որ նա կարող է ազատ արձակվել, ու եթե նրանց կարծիքը չպիտի լսվի, ուրեմն էլ ի՞նչ գործելակարգ ունի պետությունը»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 5-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930