«Էլ ի՞նչ պետք է լիներ, որ այստեղ ամբողջ հրապարակը լցված լիներ հայությամբ, ուրիշ էլ ինչի՞ էինք սպասելու։ Այսօր, ըստ էության, Ադրբեջանը միակողմանի իրականացնում է սահմանազատում։ Իր համար ընդունելի բոլոր ստրատեգիական բարձունքները վերցնում է։ Վաղը չէ մյուս օրը նույնիսկ խաղաղության պայմանագրի անհրաժեշտությունը չի լինելու»,-այսօր Ազատության հրապարակում «Միասին» շարժման կազմակերպած հանրահավաքում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի ամբողջ սահմանները գտնվում են պետության ու պետականության համար կործանարար սպառնալիքի տակ․ «Գիտակցո՞ւմ ենք այն արհավիրքը, որի առջեւ հայտնվել ենք»։ Նա կոչ արեց ամբողջ հայությանը հավաքվել․«Դառնանք մի բռունցք, ուրիշ ճար չկա, փրկությունը մենք ենք անելու, մեզանից յուրաքանչյուրը, ոչ թե նրանք կամ ինչ-որ մեկը մեր փոխարեն»։
Հանրահավաքին մասնակցում էր նաեւ 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։ Նա իր ելույթում ասաց՝ իշխանության խոստացված խաղաղության դարաշրջանում մեզ սպասվում է սողացող պատերազմ եւ սպանդ․ «Նիկոլ Փաշինյանի ասած 29,800 քառակուսի կիլոմետր տարածքն օր օրի կրճատվում է։ Վաղն այս բոլոր առաջխաղացումները սպասվում են Արարատում, Վարդենիսում, Ջերմուկում, Երեւանում։ Իսկ մեզ արնաքամ անելով հյուծող, մեր սերունդը լափող դահիճները հայտարարում են, թե ակցիա անողները վտանգում են մեր սահմանները»։
Կարդացեք նաև
Մելիքյանը երիտասարդությանը կոչ արեց դուրս գալ պայքարի՝ հանուն զոհված տղաների հիշատակի, հանուն իրենց ապագայի․«Դիմում եմ առաջին եւ քառօրյա պատերազմի մասնակիցներին՝ տղե՛րք, ձեր պահած Արցախն այսօր հանձնվում է, հանձնվում է նաեւ Հայաստանը։ Կանգնե՛ք հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն մեր զավակների, եւ ամեն բան հնարավոր կլինի հետ շրջել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ