Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրս հայ է, մայրս՝ ֆրանսուհի»․ Ֆրանսիայում մեծացած Գրիգորը 2 տարի առաջ հայերեն գրել ու կարդալ սովորեց

Ապրիլ 11,2023 21:55

21-ամյա Գրիգոր Մարտիրոսյանը, որն այս օրերին գտնվում է Գյումրիում՝ աշխարհի 11 երկրներից հյուրընկալված միջազգային  «Մենթորության Արվեստը» թեմայով մենթորների վերապատրաստման միջազգային դասընթացին մասնակցելու,առիթը բաց չի թողնում հայերենը կատարելագործելու։

Երիտասարդը ծնվել է Փարիզում․ մայրը ֆրանսուհի, է, հայրը՝ հայ, որը 25 տարեկանից տեղափոխվել է Փարիզ։

Սակայն Գրիգոր Մարտիրոսյանը իրեն ներկայացնելիս՝ հպարտորեն ասում է՝ տատիկս Շուշիից է։ Նա պատմում է, որ տանը հայերեն խոսում են, սակայն քիչ, գրել-կարդալ սովորել է երկու տարի առաջ՝ առցանց դասընթացների մասնակցելով։

«Ես հայ եմ, հասկանում եմ, որ յուրաքանչյուր ոք պիտի վերադառնա դեպի իր արմատները, ճանաչի իր ինքնությունը, այդ պատճառով էլ ես սկսեցի հայերեն սովորել, իհարկե, տանը հայրս խոսում է հայերեն, բայց քիչ։ Ես գրել-կարդալ սովորեցի երկու տարի առաջ՝ օնլայն դասընթացների միջոցով։

Փարիզում եմ ծնվել, բայց սովորում էի Լիոնում՝ մի քաղաք, որտեղ մեծ թվով հայեր են բնակվում, որոնք ընդգրկված են քաղաքական կուսակցությունների, տարբեր ասոցիացիաների մեջ, շատ հաճելի քաղաք է՝ հայկական ինքնության պահպանման համար։ Լիոնը ինձ ձգում է, բայց հիմա ժամանակավորապես փոխանակման ծրագրով սովորում եմ Բեյրութում՝ քաղաքագիտություն եմ ուսումնասիրում։ Իհարկե, չգիտեմ ինչպիսի մասնագետ կդառնամ, բայց իմ կրթությունը, մասնագիտական գիտելիքները միանշանակ օգտագործվելու են հայ ազգի, հայրենիքի շենացման համար։

Առանց Հայաստան այլևս չեմ պատկերացնում ինձ, հաճախակի եմ գալիս, ընկերներ էլ ունեմ։ Մյուս տարի մտադրված եմ առնվազն 6 ամսով ապրել հայրենիքում, հայրենիքը կանչում է, ուզում եմ խորացնել գիտելիքներս իմ հայկական արմատների մասին, սա իմ համար շատ կարևոր է, այն իմ ինքնությունն է։

Հայկական ամեն ինչը ինձ դուր է գալիս՝ շրջել Երևանով, տեսակցել ընտանիքիս, շփվել ընկերներիս հետ, վայելել հայկական խոհանոցը, խմել հայկական գինին, այն, ինչ կապված է հայերի հետ, ինձ դուր է գալիս։ Ես Շառլ Ազնավուրի երգերի տակ եմ մեծացել»,-ասաց երիտասարդը։

Նա հայերեն խոսում է շատ վարժ, իհարկե, մեր զրույցի ընթացքում եղան արտահայտություններ, որոնք նրան անհասկանալի էին ու խնդրում էր թարգմանել։ Ու թեև միջազգային ծրագրում նա ներկայացնում է Ֆրանսիան, սակայն առիթը բաց չի թողնում հայերեն խոսելու, օտարերկրյա հյուրերին էլ իր հայրենիքը ներկայացնելու։

Նշենք, որ  մենթորների վերապատրաստման միջազգային դասընթացին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Նորվեգիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Հորդանանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Իտալիայից, Վրաստանից, Էստոնիայից և Ֆրանսիայից:  Մասնակիցները թվով 27-ն են, նրանք մի շաբաթ մնալու են Գյումրիում։

Վերապատրաստման միջազգային դասընթացը կազմակերպել է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Exploring Cultural campfire Opportunities (ECCO)» (Նորվեգիա) ՀԿ-ի հետ համատեղ՝ Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930