«Հանրայնացրեք ձեր մասնակցությամբ բանակցային գործընթացները։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանն արդեն մի անգամ մի էջ հրապարակել է։ Ամեն անգամ ասում ենք ու նորից ենք ասում՝ պարոն Մամիջանյան, հանրայնացրեք։ Մենք կաշկանդված ենք որպես իշխանություն, ուստի դուք հանրայնացրեք»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Բայց մենք դրա կարիքը չունենք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ինքն է դա արել՝ Կապանում ասուլիսի ժամանակ։ Նա հստակ ներկայացրեց, թե ինչ բանակցային ժառանգություն է ստացել։ Թող քաղաքացիները դա նայեն ու հասկանան, թե ինչ երանելի ժառանգություն էր դա։ Էլ չասեմ, որ համանախագահները դրանից հետո հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով կոնֆիդենցիալ փաստաթղթերը չհրապարակել։ Այ դա է մեր ու ձեր տարբերությունը․ մենք հասկանում ենք ինչն է կարելի հրապարակել։ Հետո խոսեցին ՌԴ ներկայացուցիչները՝ ասելով, որ Շուշին երբեք չի եղել բանակցային գործընթացի մեջ՝ որպես քննարկվող փոխզիջում։ Երբեք»։
Մամիջանյանը հավելեց․ «Նաեւ Ալիեւն է ասել, որ ըստ այն ժամանակ բանակցվող փաթեթների՝ Քարվաճառն ու Լաչինը երբեք չէին լինելու ադրբեջանական։ Սրանից ավելի էլ ի՞նչ հանրայնացում եք ուզում։ Հիշեցնեմ նաեւ, որ 2018թ․-ին Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել էր Ադրբեջանի նախագահի հետ՝ չստեղծել սահմանային լարում, որովհետեւ ինքը ներքաղաքական հարցեր ուներ։ Փաստացի, Ալիեւին բերին մեր վրա․․․Փաշինյանը նաեւ Սյունիքից զորքերի հետքաշման հրաման է տվել, որը հակասում է նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությանը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ