Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Համաշխարհային կրթական տարածքը պետք է ծառայի որպես սերունդների եւ ազգերի միջեւ երկխոսության հիմնական մեխանիզմ. Արմեն Գեւորգյան

Ապրիլ 11,2023 21:21

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ-ում հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ապրիլի 10-ին Վաշինգտոնում կայացած Համաշխարհային խորհրդարանական ֆորումի պանելային քննարկման ժամանակ:

«Հարգելի՛ գործընկերներ,

Ուզում եմ ելույթս սկսել՝ ընդգծելով մեր օրակարգի թեմայի կարեւորությունը: Մենք ականատեսն ենք երեք սուր մարտահրավերների, որոնք խոր ազդեցություն են թողնելու մեր ապագայի վրա: Մասնավորապես, նկատի ունեմ հետեւյալը՝

– Բնապահպանական իրավիճակի վատթարացում,

– Համաշխարհային անվտանգության ճարտարապետության փոփոխություն,

– Ընդհանուր առմամբ մարդկային կապիտալի որակի անկում:

Մեզ համար առաջնահերթություն պետք է լինի կրթական մեգաոլորտում տեղաշարժերի եւ վերափոխումների գնահատումը: Այն պակաս նշանակություն չունի, քան մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացման կամ պոտենցիալ միջուկային աղետի աճող ռիսկերը:

Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել համաշխարհային մասշտաբի երկու փոխակերպումների վրա, որոնք տեղի են ունեցել 20-րդ դարից 21-րդ դար անցման ընթացքում:

Առաջին. Տեխնոլոգիական առաջընթացը մարդկանց սոցիալական ինտեգրման համար վերաստեղծել է բոլորովին նոր միջավայր, որտեղ խմբային ցանցերի եւ նախասիրությունների, կամ այլ կերպ ասած՝ «սոցիալական կյանքի» կարեւորությունն անհատի անվերապահ ազատության սկզբունքի եւ նույն միջավայրում ինքնարտահայտման նոր ձեւերի համեմատությամբ աստիճանաբար նվազել է:

«Wall Street Journal»-ի եւ Չիկագոյի համալսարանի կողմից իրականացված համապարփակ հարցումը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում, օրինակ, հայրենասիրությունը, կրոնական հավատքը, երեխաներ ունենալը եւ այլ առաջնահերթություններ, որոնք օգնել են սերունդների ընթացքում ձեւավորելու ամերիկյան ազգային բնավորությունը, կտրուկ կորցրել են իրենց կարեւորությունը: Կարծում եմ, որ այս միտումը բավականին տարածված է զարգացած երկրների մեծ մասում:

Երկրորդ. Աշխարհում տեկտոնական տեղաշարժերի պատճառով միջին խավը, որպես ազատ լիբերալ տնտեսական եւ սոցիալական հարաբերությունների հիմնական շարժիչ ուժ, քայքայվում է եւ որպես ցանկացած կայուն ժողովրդավարական ռեժիմի հիմք` փաստացի կորցնում իր պատմական նշանակությունը: Շատ զարգացող երկրներում, ամենայն հավանականությամբ, արդեն միջին խավ չի ձեւավորվի: Շատ տեղերում ականատեսն ենք նոր` թվային հասարակության ի հայտ գալուն, որի համար դժվար է սահմանել սոցիալական բարեկեցության եւ խմբային պատկանելության որեւէ չափանիշ: Միեւնույն ժամանակ, մենք գործ կունենանք մեկ այլ իրականության հետ, որտեղ ֆինանսավորվում են, այսպես կոչված, մետաիրականության եւ մետագիտակցության ավելի շատ հետազոտություններ:

Կարող ենք որոշակիորեն պնդել, որ գլոբալ կրթական միջավայրի հիմնարար վերափոխումներն ունեն հետեւյալ արտահայտությունները.

  1. Կրթության ոլորտում սպառողական մոտեցման ներդրման ակնհայտ միտումները, որտեղ «հաճախորդը միշտ իրավացի է»:
  2. Աշխարհում ժողովրդավարական ռեժիմների անկման եւ կրթության մակարդակի միջեւ փոխկապակցվածությունը:
  3. Կրթական համակարգի ներկայիս թերությունների պատճառով երիտասարդ սերնդի համար ապագա նյութական կորուստները:
  4. Մեր հասարակությունների վերամարմնավորումը որոշակի «թվային գաղութների», որտեղ կորպորացիաներն ու նրանց ալգորիթմները հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու գործիքներ են ստեղծում, եւ որոնք, ի վերջո, վատթարացնում են ժողովրդավարական կառավարման որակը, հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը:
  5. Ներազգային եւ ազգերի միջեւ, ինչպես նաեւ պետությունների ներսում խորացող անհավասարությունն ուժեղացրել է սոցիալական անարդարության գործոնները եւ հանրային անվստահության մակարդակի նվազումը:

Գործընկերնե՛ր, ամփոփելով իմ ընդհանուր դիտարկումները՝ թույլ տվեք առաջարկել հինգ լայն գաղափարներ, որոնք կարող են քննարկման շրջանակ եւ, ամենայն հավանականությամբ, գործելու խթաններ հանդիսանալ:

Առաջին. Այսօր աշխարհում ամենաշատը պակասում է դրականը: Ժամանակակից քաղաքական էլիտաների գործունեության արդյունքում ձեւավորվել է, այսպես կոչված, բացասական միտումը, որը չի լքում մարդկության զգալի մասին: Մենք պետք է կոտրենք նեգատիվիզմի այս միտումը եւ դա անենք կրթության, լավատեսության վերականգնման եւ լավագույնին ձգտելու միջոցով: Համաշխարհային կրթական տարածքը պետք է ծառայի որպես սերունդների եւ ազգերի միջեւ երկխոսության հիմնական մեխանիզմ: Կարծում եմ նաեւ, որ կրթությունն էկոլոգիապես անվտանգ կյանքի հիմնական շարժիչ ուժը պետք է լինի՝ խթանելով կանաչ մտածելակերպը:

Երկրորդ. Աշխարհում մեծ թափ է ստանում քաղաքական պոպուլիզմը: Ցավոք, ժամանակակից քաղաքական շատ դերակատարներ առանձնահատուկ նշանակություն չեն տալիս սեփական կրթական նվաճումների մակարդակին: Մենք պետք է մտածենք, թե ինչպես շարունակական կրթության եւ վերապատրաստման ծրագրերն իրականություն դարձնել քաղաքական որոշումների կայացման գործընթացում ներգրավվածների, մասնավորապես, խորհրդարանականների եւ կառավարությունների անդամների համար: Մեր անձնական օրինակներով կարող ենք նոր շարժիչ ուժ դառնալ կրթական աշխարհում:

Երրորդ. Աշխարհում ժողովրդավարությունից հեռանալն արտահայտվում է նաեւ կրթական հաստատությունների, հատկապես՝ բուհերի աշխատանքի նկատմամբ քաղաքական ուժերի կողմից վերահսկողության ուժեղացման միտումներով: Կարծում եմ՝ ժամանակն է, որ միջազգային կազմակերպությունները զգալի աջակցություն ցուցաբերեն ինստիտուցիոնալ հիմունքներով Ակադեմիական ազատության ինդեքսի պատրաստմանն ու հրապարակմանը: Կառուցվածքային եւ ապագային միտված բարեփոխումները դատապարտված են ձախողման, եթե երկրի ակադեմիական միջավայրը քաղաքական բարձր ճնշման տակ է գտնվում:

Չորրորդ. Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ մենք ականատես լինենք ամենաազդեցիկ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կոչին՝ կազմակերպելու կրթության խնդիրները քննարկելու եւ ի վերջո 21-րդ դարում կրթության զարգացման նոր ռազմավարության Շրջանակային փաստաթուղթ կյանքի կոչելու գագաթնաժողով: Իսկ մինչ նման ֆորումը կրթության զարգացման գլոբալ երկխոսությունը կարող է խթանվել, օրինակ, Մեծ քսանյակի եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Եվ ի վերջո, թերեւս որեւէ նոր նախաձեռնություն սկսելուց առաջ առավել խելամիտ կլինի կենտրոնանալ արդեն իսկ ընդունված որոշումների իրականացման վրա: Մասնավորապես, կարծում եմ, որ միջազգային հանրությունն ավելի պրագմատիկ կերպով պետք է հասնի Կայուն զարգացման 17 նպատակների իրականացմանը՝ բարձրացնելով ազգային ռազմավարությունների եւ միջկառավարական համակարգման ու փոխկապակցվածության մակարդակը: Չափազանց կարեւոր է գիտակցել, որ Կայուն զարգացման նպատակները չիրականացնելը, ցավոք, վկայելու է զարգացման նպատակներ սահմանելու եւ դրանց հասնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջազգային հանրության անկարողության մասին»,- ասել է Արմեն Գեւորգյանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930