Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս հարցաքննությունից ունեցանք այն, որ հրթիռների քանակական առումով որևէ շեղում չի եղել, դրանց կիրառության մասով՝ այսինքն՝ պահեստից ելքագրված լինելու վերաբերյալ տեղեկություններ ստացանք»․ Սերգեյ Հովհաննիսյան

Ապրիլ 11,2023 20:50

Հակակոռուպցիոն դատարանում հրթիռների գործով ապրիլի 11-ին հերթական դատական նիստի  ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը։ Այս նիստի ընթացքում հարցաքննվեց ՀՀ ՊՆ Ավիացիոն ունեցվածքի և սպառազինության ծառայության նախկին պետը։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ 4.7 մլն դոլարի հափշտակություն /վատնում/ կատարելու մեջ:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը վստահեցրեց․ «Հարցաքննության ընթացքում ի վնաս մեզ որևէ հանգամանք չնշվեց։ Ի տարբերություն  նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների, որոնք փորձ էր արվում մեկնաբանել ի վնաս մեզ, թեև այնտեղ էլ ոչինչ չկար, բայց այս ցուցմունքներն էլ ավելի հստակեցրին և տվեցին բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում նաև այն, որ մեղսագրվող արարքով մեղավորությունն առհասարակ բացակայում է»։

Մեր հարցին՝ հրթիռների անսարքության հարցով ի՞նչ հստակեցումներ եղան այս հարցաքննությամբ, քանի որ այս գործով նաև այդ հարցն է քննարկվում, Սերգեյ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Մեղադրանքի մի մասն է անսարքությունը։ Այսօր հարցաքննվող անձն այն մասնագետը չէր, որ կարող էր հստակորեն  պատասխանել հարցին՝ պիտանի՞ է, թե՝ ոչ, անսա՞րք է, թե՝ սարքին։ Ամեն դեպքում այս հարցաքննությունից ունեցանք այն, որ այդ հրթիռների քանակական առումով որևէ շեղում չի եղել, դրանց կիրառության մասով արդեն իսկ որոշակի տեղեկություններ ձեռք բերվեցին․ այսինքն՝ պահեստից ելքագրված լինելու վերաբերյալ  և զորավարժությունների ժամանակ դրանց կիրառման բացասական արդյունքների մասին տեղեկություններ չհայտնվեցին»։

Նշենք, որ դատարանը շուրջ չորս ժամ տևած հարցաքննությունից հետո դատական նիստը հետաձգեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին, ժամը՝ 12։00-ին։ Այդ նիստի ընթացքում կշարունակվի վկաների հարցաքննությունը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930