Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին Վարդապետյան, կատակ եք անո՞ւմ»․ Մհեր Սահակյանը՝ գլխավոր դատախազին

Ապրիլ 11,2023 20:20

Ինչպես հայտնել էինք, ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հանդեպ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։

Մհեր Սահակյանը ելույթի իրավունք ուներ, եւ նախ պատմեց, թե ինչ է եղել միջադեպի ժամանակ։ Ըստ նրա՝ մարտի 31-ին կայացած աշխատանքային քննարկման ժամանակ  Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված Արծվիկ Մինասյանը հարց է բարձրաձայնել, թե վավերացումն արդյոք ռիսկեր չի առաջացնի՞ ՀՀ-ի համար, եւ  ՔՊ խմբակցության պատգամավորները, որոնք ներկա են գտնվել այդ քննարկմանը, բուռն են արձագանքել եւ անհարկի վիրավորանքներ հնչեցրել։

Մհեր Սահակյանն ասաց, որ այդ ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ, իսկ երբ սկսել է կողմնակալ ու սադրիչ պահվածք դրսեւորել, ինքը  գոռացել  է Վարդանյանի վրա․ «Հերթական անգամ Վլադիմիր Վարդանյանը ձեռքը սեղանին է հարվածել՝ ցուցադրաբար նայելով իմ աչքերի մեջ, մեղադրանքներ հնչեցրել ու պահանջել, որ լռեմ։ Բայց ես ոչինչ դեռ չէի արտահայտել։ Ես էլ նույն տոնով ձեռքս հարվածելով սեղանին եւ ոտքի կանգնելով՝ պահանջեցի, որ հարգանք ցուցաբերի ընդդիմադիր պատգամավորների հանդեպ եւ կողմնակալ չվերաբերվի։ Վլադիմիր Վարդանյանը տեղից վեր կացավ, բղավեց, որ ում վրա ուզի, երբ ուզի՝ կբղավի, եւ մոտեցավ ինձ։ Հաշվի առնելով իր ագրեսիվ պահվածքը՝ մեկ քայլով ուղղվեցի եւ հարվածեցի՝ ինքնապաշտպանական նպատակներով»։

Հետո, Մհեր Սահակյանի խոսքով, ինքն անմիջապես հեռացել է, որպեսզի վեճը չընդլայնվի։ Նա նշեց՝ համաձայն չէ միջնորդագրի այն պնդումների հետ, թե իր արարքներում կա խուլիգանության հանցակազմ․ «Իմ մոտ տպավորություն է, որ  մեղադրանքը կառուցված է բացառապես Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքի հիման վրա: Տիկին Վարդապետյան, դուք կատա՞կ եք անում: ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, իշխող խմբակցության քարտուղարը սպառնում է լեզու ու ականջ կտրել։ Դուք խուլիգանության հատկանիշներ չեք տեսնում, բայց իմ արարքի մեջ եք տեսնո՞ւմ, ով ընդամենը պահանջել է հարգալից վերաբերմունք: Արդյո՞ք սա ձեր կողմից կիրառվող երկակի ստանդարտ չէ։ Եթե եղել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում,  ապա ես պատրաստ եմ կրել պատասխանատվություն՝ ընդհուպ մինչեւ ազատազրկում։ Հավաստիացնում եմ, որ իմ արարքներում խուլիգանությունը բացակայում է»։

Մհեր Սահակյանը հայտարարեց, որ այս գործը կեղծ է, ինչպես եւ բոլոր մյուս քաղաքական հետապնդումները, որոնցով իշխանությունը հասարակությանը շեղում է իրական խնդիրներից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930