Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվել են պետական պահպանության ծառայության պետի տեղակալը՝ վարչապետին վրաերթի օրը ուղեկցած շարասյան ղեկավարը, ինչպես նաեւ պետական պահպանության ծառայության աշխատակից։
Aravot.am-ի հետ զրույցում Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ այսօր դատարանում հնչած ցուցմունքները կոնկրետ դեպքի հանգամանքների մասով էական նշանակություն չունեն։
«Իրենց ցուցմունքներում անդրադարձան դեպքի հանգամանքներին, նշեցին, որ ոչինչ չեն տեսել, դեպքին ականատես չեն եղել, ճանապարհային ոստիկանության մեքենան ավելի առաջ է ընթացել՝ ըստ կանոնակարգի, եւ իրենք դեպքի մասին տեղեկացել են ռադիոկապի միջոցով»,-ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է արագության համար պատասխանատու լինելու հանգամանքին, ապա փաստաբանն ասաց՝ կառավարության որոշմամբ շարասյան ղեկավարը՝ տվյալ դեպքում պետական պահպանության ծառայության պետի տեղակալը անմիջական պատասխանատվություն է կրում արագության համար․«Վերջինս դատարանում պնդեց, որ ինքն այն կարծիքին է, որ պատասխանատվություն է կրում միայն կորտեժի արագության համար։ Այսինքն՝ պետական պահպանության ծառայության մեքենաների արագության համար եւ դրանցում գտնվող անձի անվտանգության համար։ Ըստ իր ցուցմունքի՝ ինքը պատասխանատվություն չի կրում ՃՈ ավտոմեքենաների արագության համար»։
Կարդացեք նաև
Հաջորդ դատական նիստի օր է նշանակվել մայիսի 29-ին, ժամը 16։00-ին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ