Ինչպես հայտնել էինք, ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հանդեպ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով Աննա Վարդապետյանին, հիշեցրեց դեպքը, երբ նա վարչապետի օգնական եղած ժամանակ խմբագրել էր Ռուբեն Հայրապետյանի որդուն մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի որոշումը՝ իր քայլը որակելով որպես մասնագիտական օգնություն։ Գեղամ Մանուկյանը հարցրեց՝ հիմա Մհեր Սահակյանի դեպքում որեւէ բարեկամական աջակցության եւ խմբագրումների առաջարկներ ստանո՞ւմ է։
Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Վերջնական դատական ակտով հաստատվել է հանցակազմի բացակայությունը, եւ դրա վերաբերյալ բոլոր քննարկումներն արդեն համարում եմ շահարկում։ Պարզաբանել եմ, որ ստացել եմ հարցում-խնդրանք, ոչ թե ես եմ նախաձեռնել։ Խնդրանք է եղել՝ որակման հետ կապված մասնագիտական տիրույթում հարցը քննարկել։ Ես ամոթալի բան չեմ տեսնում մասնագիտական հարց քննարկելու մեջ։ Մենք անընդհատ մասնագիտական քննարկումների մեջ ենք այն մարդկանց հետ, որոնք ոլորտի լավագույն մասնագետներն են»։
Հիշեցնենք՝ վարչապետի օգնական եղած ժամանակ Աննա Վարդապետյանի կողմից վերոնշյալ գործողությունների հետքերով հաղորդում էր ներկայացվել հանցագործության մասին, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել էր, քանի որ քննիչի գործողություններին ապօրինի ներգործության հանգամանքը չէր հիմնավորվել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ