Հայտնել էինք, որ ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հանդեպ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն Աննա Վարդապետյանին ասաց․ «Ըստ ցուցմունքների՝ Մհեր Սահակյանը նստած է եղել Վլադիմիր Վարդանյանից ձախ, իսկ նրանց միջեւ նստած է եղել Ալխաս Ղազարյանը։ Մեկ աթոռը եղել է դատարկ։ Ըստ ցուցմունքների՝ հարվածից պարոն Վարդանյանն ընկել է Ալխաս Ղազարյանի աթոռի մոտ։ Սա չի նշանակո՞ւմ, որ նա քայլ է արել դեպի Մհեր Սահակյանը։ Ինչո՞ւ չեք խոսում այդ մասին»։
Աննա Վարդապետյանը նշեց, որ սենյակում գտնվող աթոռների վրա մինչեւ հիմա կան արյան հետքերը, եւ դեպքի վայրի զննությունը կարեւոր է․ «Կարեւոր է երրորդ անձ Եղիշե Կիրակոսյանի ցուցմունքը։ Նա ասել է, որ ագրեսիվ վարքագծից զարմացած՝ սեւեռվել է պարոն Սահակյանի վրա։ Ուստի Եղիշե Կիրակոսյանի ցուցմունքով եւս հիմնավորվում է, որ Վլադիմիր Վարդանյանը չի շարժվել Մհեր Սահակյանի ուղղությամբ։ Արյան հետքերն այն աթոռների վրա են, որոնք Վարդանյանի ուղղությամբ են եղել»։
Աղվան Վարդանյանը նաեւ հետաքրքրվեց՝ Ալեն Սիմոնյանի հարցով չեք պատրաստվո՞ւմ ներկայանալ ԱԺ։ Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ այսօր խոսելու է միայն քննարկվող հարցից․ «Բայց մենք ստացել ենք հանցագործության մասին հաղորդում ԻՔՄ-ից՝ Ալեն Սիմոնյանի դրվագով եւ Արթուր Հովհաննիսյանի դրվագով։ Դրանք ուղարկվել են քննչական մարմնին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ