Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Ներսիսյան. Պետությունը և հանրությունը պետք է անընդհատ ձգտեն բացարձակ օրինականության, բայց արդյոք մենք պատրա՞ստ ենք և իրականում ձգտո՞ւմ ենք դրան

Ապրիլ 11,2023 17:28

ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը

«Այսօր ամենատարածված ու ներկայանալու համար ամենահարմար եղանակը «արդարություն, օրենքի առջև հավասարություն, արտոնյալների վերացում» և նմանօրինակ հայտարարություններով հանդես գալն է: Այն ունի հանրային մեծ պահանջարկ և բազմաթիվ սպասավորներ: Ես հրապարակային խոսքում մի քանի անգամ նշել եմ, հիմա կրկին շեշտում եմ, պետությունը և հանրությունը պետք է անընդհատ ձգտեն բացարձակ օրինականության, բայց արդյոք մենք պատրա՞ստ ենք և իրականում ձգտո՞ւմ ենք դրան:

Ցավոք շատերի հրապարակային  հայտարարությունները չեն համընկնում ձեռնարկած քայլերի ու գործողությունների հետ: Ավելի քան մեկ ամիս է, իրականացնում եմ Արցախի Հանրապետության պետական նախարարի պարտականությունները, այդ ընթացքում ընդունել եմ բազմաթիվ քաղաքացիների, իրավաբանական անձանց ներկայացուցիչների և այդ հանդիպումների ընթացքում հաճախակի եմ առնչվել իրենց օգտին բացառություններ անելու, օրենքը շրջանցելու կամ ըստ հարմարավետության կիրառելու, առանց հիմնավորման պետական աջակցություն ստանալու և նմանօրինակ այլ դիմումների, խնդրանքների ու առաջարկների:

Յուրաքանչյուր անգամ իմ կողմից տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ ու գնահատականներ, բայց ժամանակը խնայելու և այն առավել օգտակար նպատակի ծառայեցնելու համար ուզում եմ հայտարարել, որ անիմաստ են վերը նշված շարժառիթներով ու նպատակներով անձամբ կամ միջնորդի միջոցով ինձ դիմելու փորձերը, դրանք արժանանալու են բացասական պատասխանի:

Մյուս կողմից, գիտակցելով քաղաքացիներին մտահոգող խնդիրների բազմազանությունն ու հրատապ լուծման կարիքը, խնդրում եմ լինել համբերատար ու փորձել համընդհանուր կարգապահությամբ և օրինապաշտությամբ նպաստել հանրային հարաբերությունների արդարացի կարգավորմանն ու պետական մարմինների կողմից իրականացվող վարչարարության օրինականության, կամայականության արգելքի և վարչարարության համաչափության սկզբունքների իրացմանը»։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմ

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930