Լրահոս
Օրվա լրահոսը

«Մկրատի արյան հետքերը պատկանում են ոչ թե Վլադիմիր Վարդանյանին, այլ նրան, ում մոտից այն հայտնաբերվել է»․ Աննա Վարդապետյան

Ապրիլ 11,2023 17:24

Հայտնել էինք, որ ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հանդեպ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։

«Կարդացիք, թե ես պնդել եմ, որ Վլադիմիր Վարդանյանը հարձակվել է Մհեր Սահակյանի վրա։ Նման բառ լսեցի։ Ես ե՞րբ եմ նման ցուցմունք տվել, ո՞վ է ձեզ նման տվյալներ տվել։ Ես ուղղակի ասել եմ, որ Վլադիմիր Վարդանյանը բղավելով քայլել է դեպի Մհեր Սահակյանը»,-գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը միջադեպի մասնակից է եղել եւ հարցաքննվել որպես վկա։

Աննա Վարդապետյանը հստակեցրեց, որ կարծեցյալ պաշտպանության մասին ցուցմունքներն է ընթերցել․ «Ձեր եւ Արծվիկ Մինասյանի ցուցմունքներում շեշտվել է կարծեցյալ պաշտպանության իրավիճակը»։

Գեղամ Նազարյանը նաեւ հետաքրքրվեց՝ արդյոք սա այն դե՞պքն էր, որ իրավապահներին օրերով կտրել-բերել են ԱԺ, սա արդյոք այն գո՞րծն է, որի համար բյուջեի միջոցները կարելի էր մսխել։ Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Գործը քննել է ծանր հանցագործությունների քննության վարչությունը, որովհետեւ վարույթը նախաձեռնվել է ծանր հանցագործության դրվագով։ Անձի մոտ խուզարկության արդյունքում հայտնաբերվել էր արյան հետքերով մկրատ։ Հետագայում պարզվել էր, որ այն պատկանում է ոչ թե Վլադիմիր Վարդանյանին, այլ նրան, ում մոտից հայտնաբերվել է։ Ուստի մսխում չկա։ «Հայաստան» խմբակցության փորձագետը ներկայացրել է մկրատի պոչը եւ փաստել, որ արյունը շեղբի վրայի պարոն Վարդանյանինը չէ։ Ուստի մկրատը որպես զենք գործադրելու դրվագը դուրս եկավ»։

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Արման Ղազարյանն էլ հարցրեց՝ ըստ որոշ տեղեկությունների, միջադեպի օրը Վլադիմիր Վարդանյանն անձնական պատճառներով եղել է դյուրագրգիռ․ «Այդ հանգամանքը քննության առարկա դարձե՞լ է»։

Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Վիգեն Խաչատրյանի ցուցմունքում առկա է տվյալ այն մասին, որ աշխատակիցներից մեկի ամուսնու վթարի պատճառով հոգեկան ապրումներ են եղել։ Հանցավոր վարքագծի ձեւավորման մոտիվացիայի շրջանակում դա հերքվել է»։

Աննա Վարդապետյանը նաեւ պատասխանեց հարցին, թե ինչ պատիժ է սպառնում Մհեր Սահակյանին․ «Սա մեկ արարք է՝ ոչ մեծ ծանրության հանցագործություն, եւ նոր քրեական օրենսգիրքը թույլ չի տալիս անձի հանդեպ ազատազրկում կիրառել։ Կիրառելի են, օրինակ, տուգանքը կամ հանրային աշխատանքը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930