«Շահարկում են։ Տարօրինակ է հարցադրումը, որ թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալ է, հետեւաբար՝ ինչպե՞ս է զբաղվելու մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Տպավորություն է, որ դատախազությունը դեմոնիզացված կառույց է, որը զբաղվում է մարդու իրավունքների ոտնահարմամբ»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր ՔՊ-ի կողմից Անահիտ Մանասյանի՝ ՄԻՊ պաշտոնում առաջադրման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով գլխավոր դատախազի տեղակալ աշխատած Անահիտ Մանասյանի թեկնածության վերաբերյալ ընդդիմադիրների որակումներին։
Նա կոչ արեց տառակերությամբ չզբաղվել եւ լայնախոհ լինել նման հարցերում։
Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստում ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել է «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականներից Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը եւ այլք աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։
Անդրադառնալով սրան՝ Հայկ Կոնջորյանը հարց հնչեցրեց․ «Ի՞նչն էր խանգարում ընդդիմադիրներին նիստին մասնակցել, անգամ եթե հանձնաժողովի անդամներից մեկը վատառողջ էր, իսկ մյուսը գործուղման մեջ էր։ Չեն մասնակցել, որովհետեւ ձեր թեկնածուն, կներեք, քաղաքական մահապարտ-ահաբեկչի էր հիշեցնում, որը պատրաստ էր գնալ ու «պայթել»։ Իսկ երբ որեւէ մեկն ահաբեկչություն է կազմակերպում, դեպքի վայրում չի հայտնվում, որպեսզի ինքն էլ «չպայթի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ