«Իսկ ինչո՞ւ էր ՔՊ-ն այդ նիստին քառասուն պատգամավորով եկել։ Եթե այդքան շատ էիք ուզում Էդգար Ղազարյանին լսեիք, կողմ քվեարկեիք, գար այստեղ՝ կլսեիք բոլորով»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր ՔՊ-ի կողմից Անահիտ Մանասյանի՝ ՄԻՊ պաշտոնում առաջադրման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով ՔՊ-ականների դիտարկումներին, թե ՄԻՊ թեկնածու առաջադրելու նիստում ինչո՞ւ ընդդիմությունը ներկա չէր՝ պաշտպանելու Էդգար Ղազարյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստում ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել է «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականներից Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը եւ այլք աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։
Արծվիկ Մինասյանը նշեց․ «Այդ նիստում խախտվել են ոչ միայն էթիկայի նորմեր, այլեւ հանցագործության հատկանիշներ, արարքներ են եղել։ Նիստում պատգամավորները հրապարակային սպառնալիքներ են հնչեցրել։ Եթե սրան քրեաիրավական արձագանք չլինի, ուրեմն խրախուսվում է շատ կոնկրետ վարքագիծ»։
Արծվիկ Մինասյանը նաեւ ասաց, որ հանձնաժողովի անդամ ընդդիմադիր պատգամավորներից մեկն այդ ժամանակ գործուղման է եղել, իսկ մյուսը՝ վատառողջ։
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանը նաեւ հարցադրում հղեց իշխանական մեծամասնությանը՝ ո՞վ է այն սադրանքի պատասխանատուն, երբ ԱԺ նախագահը գրում է, թե Աշոտ Փաշինյանը հարձակման է ենթարկվել, իսկ Աշոտ Փաշինյանը դա հերքում է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ