ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը պատմական խայտառակություն էր․ ապրիլի 4-ին քննարկում էինք ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցը, որը վերածվեց ագրեսիվ մի հավաքի, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ մեկը մյուսին հերթ չտալով, բղավում էին տեղից, վիրավորում, թիրախավորում՝ սահմանափակելով ընդդիմության միասնական թեկնածուի խոսքի ազատության իրավունքը։
Ներկայացնեմ օմբուդսմենի ընտրվելու գործընթացին ներկայացվող եվրոպական մի շարք պահանջներ՝
Ըստ Օմբուդսմանի թեկնածուի ընտրության խորհրդարանի կոմիտեի՝ ընդդիմության ու իշխանության անդամների քանակը պետք է լինի համաչափ: Չի կարող կառավարող խմբակցությունը խախտել համամասնությունը ձայների հարցում՝ արհեստականորեն օգտագործելով այն, որ իրենք կազմում են մեծամասնություն:
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը Բոսնիա և Հերցեգովինայի վերաբերյալ կարծիք է հրապարակել․
Կարդացեք նաև
Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական խմբերն ունեն Օմբուդսմանի թեկնածուներ ներկայացնելու իրավունք և կառավարող քաղաքական ուժը չի կարող ճնշումներ գործադրել նրանց նկատմամբ, վիրավորանք հասցնել ընդդիմադիր քաղաքական ուժի թեկնածուին:
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի Մակեդոնիայի վերաբերյալ կարծիքը․
Անթույլատրելի է խորհրդարանում կառավարող խմբակցության այնպիսի վերաբերմունք, որը ենթադրում է գործնականում զրկել ընդդիմությանը Օմբուդսմանի թեկնածուի ընտրության հարցում դերից, ինչպես նաև կառավարող խմբակցությունն իրավունք չունի ստեղծել այնպիսի վիճակ, որ վերանա ընդդիմության հետ կոմպրոմիսի հնարավորությունը օմբուդսմանի հարցում:
Էլ չեմ խոսում քրեական օրենսգրքին հասցված վնասի մասին, որի առնչությամբ մեծ դժվարությամբ 7 էջանոց նամակ եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով քննության առարկա դարձնել ՔՊ քարտուղարի պահվածքը՝ տալով քրեաիրավական գնահատական։
ՀԻՄԱ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՄԱՍԻՆ․ Աշխարհի մի շարք երկրներում օմբուդսմենի պաշտոնը տրված է ընդդիմությանը՝ որպես զսպումների եւ հակակշիռների գործիք, քանի որ իշխանությունից պետք է օմբուդսմենը պաշտպանի քաղաքացիներին։ Իսկ Հայաստանում օմբուդսմենը դառնում է իշխանության համար հերթական վարչական պաշտոններից մեկը, որ պետք է զբաղեցնի բացառապես իշխանության կողմից վստահելի թեկնածուն, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը, քանի որ թեկնածուն ոչ միայն լայն ճանաչում չունի, էլ ուր մնաց հանրության շրջանում ունեցած վստահության պահանջը։
Մեկ այլ կարևոր արձանագրում․ դատախազության ներկայացուցչից՝ տվյալ դեպքում տեղակալից, կա կախվածություն, քանի որ դատախազը կարող է ցանկացած պահի մտնել խորհրդարան եւ միջնորդել՝ կալանավորել կամ անձեռնմխելիությունից զրկել որեւէ պատգամավորի։ Այսինքն՝ այդ կախվածությունը խանգարում է պատգամավորին իր ընտրության ժամանակ։ Մինչդեռ պատգամավորը պետք է գործի իր խղճով եւ համոզմունքով։
Ընդդիմությանը փորձում էին քննադատել իշխանական խմբակցության պատգամավորները, թե օմբուդսմենի թեկնածուն քաղաքական գործիչ չի կարող լինել, մինչդեռ դա եւս աշխարհում ընդունված պրակտիկա է։ Հենց մեր հարեւան Վրաստանում մեկ ամիս առաջ՝ մարտի 7-ին, քաղաքական գործիչը՝ Լևան Իոսելիանին, ընտրվեց օմբուդսմեն։
Հիշեցնեմ նաեւ, որ 7 տարի առաջ, երբ ՄԻՊ թեկնածու էր Արման Թաթոյանը, նրա մրցակիցը ընդդիմության կողմից առաջադրված ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր, որն ակտիվ մասնակցում էր ԱԺ հանձնաժողովի նիստի աշխատանքներին եւ թեկնածուի կարգավիճակով հարցեր էր տալիս Թաթոյանին, բայց Էդգար Ղազարյանը հարցեր տալու իրավունք չունեցավ։
Ես եւս, ինչպես հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ, կարծում էի, տիկին Մանասյան, որ ՄԻՊ հանձնաժողովի խայտառակ նիստի պատկերը տեսնելով, որը Ձեր ներկայությամբ շարունակվեց, Դուք պետք է հրաժարվեիք Ձեր թեկնածությունից և ասեիք, որ չեք շարունակի Ձեր աշխատանքը, քանի դեռ ապահովված չէ ՄԻՊ թեկնածուի ընտրության համար հարիր մթնոլորտ։
Այստեղ կարող է առաջանալ լեգիտիմության խնդիր… Մինչդեռ ՀՀ ՄԻՊ գրասենյակը ՄԱԿ-ում ունի ամենաբարձր վստահության նշաձող, և ես շատ եմ ցավում, որ կարող են նման հանգամանքները և այն խայտառակ նիստը, որում տեղի ունեցավ Ձեր ընտրության մի մասը, կարող են ստվերել ինստիտուտի բարձր հեղինակությունը. աշխատեք գոնե ընտրվելու դեպքում դրան խիստ ուշադրություն դարձնել և հասցեական գնահատական հնչեցնել առնվազն Ձեր ներկայությամբ հնչեցված սպառնալիքներին։
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական