Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախիջևանյան սահմանային գիծը կահավորվածության, դիրքային առավելության, տեխնիկական հագեցվածության առումով ավելի ապահովված է». Շիրազ Խաչատրյանը՝ ադրբեջանցի զինվորականների՝ ՀՀ տարածք ներխուժելու մասին

Ապրիլ 11,2023 16:18

«Շատ ցավալի է այն հանգամանքը, որ ադրբեջանցուն առաջինը ֆիքսել են ոչ թե սահմանը հսկող զինծառայողները, համապատասխան ուժային կառույցների ներկայացուցիչները, այլ հասարակ բնակիչները: Այստեղ ուշագրավն այն է, որ հատկապես նախիջևանյան սահմանային գիծը կահավորվածության, դիրքային առավելության, տեսադիտարկվող սարքերի, տեխնիկական վերազինման և այլնի առումով բավականին հագեցած է, քան օրինակ հայ-ադրբեջանական նոր ձևավորված արևելյան սահմանագծի հատվածները»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» հասարակական կազմակերպության փորձագետ Շիրազ Խաչատրյանն (գլխավոր լուսանկարում)՝ անդրադառնալով օրերս տեղի ունեցածին, երբ ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչներ էին հայտնաբերվել, ովքեր բնակիչների դռներն էին թակել:

Ապրիլի 10-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց. «01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են»: ՀՀ տարածք՝ անհասկանալի պայմաններում հայտնված Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցչին հայտնաբերել եւ պատկան մարմիններին են հանձնել ՀՀ քաղաքացիները: Մինչ այդ, արդեն մանրամասներ էին շրջանառվում ադրբեջանցիների՝ ՀՀ տարածքում գտնվելու վերաբերյալ: Մինչ այսօր, ՀՀ ՊՆ խոսնակը՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, տեղեկացրել է, որ ՀՀ տարածքում գտնվող Ադրբեջանի ԶՈՒ մյուս ներկայացուցչի որոնողական աշխատանքները շարունակվում են, մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ տարածքում հայտնված Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչներն ավելի շատ են եղել: Ուշագրավ էր այն հանգամանքը, որ նրանք Սիսիանում, Բնունիս համայնքում, թակել են 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանի տան դուռը. այդ տանը մեկ ամիս առաջ, դստեր հետ, եղել էր վարչապետի տիկինը:

Թե ինչպե՞ս են Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները հաջողել հայտնվել ՀՀ տարածքում, ինչո՞ւ են նրանց բնակիչները հայտնաբերել, ոչ թե պատկան մարմինների ներկայացուցիչները եւ այլ հարցերի մասին, մեր զրուցակիցը դեռ ձեռնպահ է մնում խոսել. «Չեմ ուզում շտապել և գնահատականներ հնչեցնել, բայց մեծ խնդիրներ ունենք զգոնության, սահմանները պատշաճ վերահսկելու և կարգապահության հետ կապված հարցերում: Եվ դրա միակ մեղավորն այս իշխանություններն են, ովքեր իրենց իշխանության գալու օրվանից, տապալել են անվտանգության հետ կապված ցանկացած միջոցառում, իսկ որտեղ էլ քիչ թե շատ հնից ներդրված համակարգեր են մնացել, կրկին, փաստացի, ցավոք, թերի են գործում, որի հետևանքով ունենում ենք այսպիսի իրավիճակներ: Հարցերը շատ են. թե ինչպե՞ս են ադրբեջանցիները ներթափանցել ՀՀ սահմանների խորք՝ մինչև 20 կմ, իրականում ի՞նչ նպատակներով են անցել սահմանը. հետախուզակա՞ն, ահաբեկչակա՞ն, թե մեկ այլ նպատակով, դեռևս կխուսափեմ գնահատականներ հնչեցնելուց: Իրավիճակի մանրամասները դեռևս պարզ չեն: Իրականում ո՞ւմ պատճառով կամ ինչի՞ հետևանք է եղել, բայց փաստ է, որ այս իշխանությունների կողմից անվտանգության համակարգում անընդհատ տապալումներ են արձանագրվում»:

Ինչ վերաբերվում է համընկմանը, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի զինվորները թակել են 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանի տան դուռը, որտեղ մեկ ամիս առաջ, դստեր հետ, հյուրընկալվել էր վարչապետի տիկինը, Շիրազ Խաչատրյանն ասաց. «Չեմ ուզում սենտիմենտալ գնահատականներ տալ, բայց այդ անձնավորությունը, նախ իր գործունեությամբ անընդհատ հարվածներ է հասցնում մեր զինված ուժերին, և, չգիտեմ, գուցե խորհրդավոր բան եմ ասում, բայց այդ կինը որտեղ ոտք է դնում, կարճ ժամանակ հետո ադրբեջանական զինվորականներ են հայտնվում»:

Հարցին՝առկա անվտանգային մարտահրավերների ՀՀ սահմանների նման «թափանցիկության» պայմաններում համարժե՞ք է գործող իշխանության ծրագիրը՝ ՀՀ ԶՈՒ-ը ԱԱԾ սահմանապահ զորքով փոխարինելու մասով, Շիրազ Խաչատրյանը պատասխանեց. «Երբ այս իշխանությունները խոսում են զինված ուժերը սահմանապահ զորքերով փոխարինելու անհրաժեշտության մասին, այնպիսի տպավորություն են փորձում ստեղծել, թե իբր սահմանապահ զորքերը զերծ են ադրբեջանական հնարավոր հարձակումների վտանգից, և սահմանային այդ հատվածներում հարաբերական հանգիստ պետք է լինի։ Դա ուղղակի միֆ է, ծուղակ. ադրբեջանական հարձակման վտանգ կա ցանկացած ուղղությամբ։ Խնդիրն այստեղ այն է, թե մենք իրականում ի՞նչ փոփոխություններ ենք ցանկանում իրականացնել զինված ուժերում կամ սահմանապահ զորքերում: Օրինակ, հնարավոր էսկալացիայի պայմաններում, որքա՞ն համահունչ են գործելու զինված ուժերը և սահմանապահ զորքերը։ Այդ առումով, կարծում եմ, հսկայական աշխատանքներ կան անելու։ Պարզ է, որ ամեն ստորաբաժանում ունի իր ռեսուրսները, հնարավորությունները, սակայն այստեղ խնդիրն այն է նաև, որ ադրբեջանական կողմը սահմանագծի տարբեր ուղղություններով կարողացել է ռազմավարական և մարտավարական այնպիսի տեղակայումներ ապահովել, որ ռիսկային իրավիճակներում առավելություն ունենա։ Եվ ի վերջո, խնդիրները, մեծ հաշվով, ոչ թե բնագծային տրամաբանության մեջ պետք դիտարկել, այլ նորից եմ կրկնում, եթե զինված ուժերում բարեփոխումների համար չկա ձևավորված անհրաժեշտ միջավայր, չկա պատշաճ կարգապահություն, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, ապա դժվար թե կարողանանք ինչ որ գործում քայլ առաջ շարժվել»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարներում․ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 16-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Մարիամի հետ Սյունիքի մարզում ենք։ Այսօր Բնունիս համայնքում պատիվ ունեցանք հյուրընկալվել 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած Գոռ Գասպարյանի ընտանիքում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930