Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ոլորտում ենք տեսնում ոչ կոմպետենտ մասնագետներ, որոնց գործունեությունն ամեն օր է մեր երկրին վնաս հասցնում». Անդրանիկ Ամիրջանյան

Ապրիլ 11,2023 19:07

«Առավոտ»-ի զրուցակիցն է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Անդրանիկ Ամիրջանյանը

– Ինչպես գիտենք Դուք բոլորովին վերջերս միացել եք «Ապրելու երկիր» կուսակցությանը։ Ինչու՞ հենց «Ապրելու երկիր» կուսակցություն։

-Քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն ինձ մոտ առաջացել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, իսկ պատերազմին հաջորդած իրադարձությունները՝ մասնավորապես նոր տարածքների կորուստները, ինչպես նաև 2021 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ չկար այն քաղաքական ուժը, որին ժողովուրդը վստահում է։ Ինքս էլ դրանից հետո փնտրում էի մի կուսակցություն, որտեղ առաջնային կլիներ Արցախի և Հայաստանի անվտանգությունը։

Նախ պետք է հստակ արձանագրել, որ ոչ մի այլ ձևաչափ չի կարող փոխարինել կուսակցության գործունեությանը․ կուսակցություններն են, որ առաջարկում են քաղաքական ծրագրեր և գաղափարներ։ Կան և՛ անհատներ, և՛ կազմակերպություններ, որոնք նույնպես անկեղծ անհանգստացած են Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրներով, սակայն ինձ համար տեսանելի էր, որ Արցախի հարցով առավել գործուն քայլեր կատարում է «Ապրելու երկիր» կուսակցությունը։

-Որո՞նք են այդ գործուն քայլերը։

– Կուսակցության անդամները պատերազմից հետո բազմաթիվ այցելություններ են իրականացրել Արցախ։ Կուսակցության առաջնորդները՝ Մանե Թանդիլյանը և Մեսրոպ Առաքելյանը, Արցախի կողքին են եղել Արցախի համար ամենածանր և վճռորոշ պահերին։ Նրանք պատերազմից հետո զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ՝ ծառայելով Արցախը ոտքի կանգնեցնելու բարդագույն  գործին։ Հիմա էլ, երբ Արցախը շրջափակման մեջ է, չեն դադարում իրենց ջանքերը գործի դնել, խնդրի միջազգայնացման հարցում․ տարբեր երկրների դեսպաններին են ներկայացնում Արցախի շուրջ տեղի ունեցողն ու ուշադրություն հրավիրում դրանից բխող վտանգների վրա։

-Դուք ինչպե՞ս եք տեսնում ձեր գործունեությունը կուսակցության ներսում։

– Ինչպես ասացի՝ ինձ համար մեծ պատասխանատվություն էր քաղաքական քայլ կատարելը, առավել ևս որևէ կուսակցությանը միանալը։ Հասկանալով, որ քաղաքականությունն այլևս կարիք ունի մարդկանց, որոնք ի սրտե ցանկանում են երկիրն այս ճգնաժամից հանել, որոշեցի ինքս էլ  մասնակից դառնալ քաղաքական գործընթացներին և  իշխանություն դառնալու հայտ ներկայացրած ուժի մի մասնիկը դառնալ։  Վստահ եմ, որ չեմ փոշմանելու կայացրածս որոշման համար, որովհետև տեսնում են այստեղ հավաքված մարդկանց ազնիվ մղումները և երկրում դրական փոփոխություններ բերելու համար իշխանությունը միայն որպես գործիք օգտագործելու նպատակը։

Նաև շատ կարևոր է նկատել, որ «Ապրելու երկիր» կուսակցության գործունեությունը հիմնվում է հասարակության համախմբման և ոչ թե մասերի բաժանման վրա։ «Ապրելու երկիր» կուսակցությունը բաց է բոլոր խելամիտ առաջարկների և քննարկումների համար, որոնք միտված կլինեն, որպեսզի մենք իսկապես ունենանք ապրելու երկիր։ Կարծում եմ, որ այստեղ յուրաքանչյուրի ուժը կարող է ռեալիզացվել։

Ունեմ աշխատանքի փորձ պետական համակարգում, մասնավորապես պետական գնումների ոլորտում և քաղաքագետի կրթություն։ Ամենօրյա ռեժիմով ինձ համար տեսանելի են բազմաթիվ խնդիրներ, որոնք հնարավոր կլինեն լուծել շատ ավելի կարճ ժամկետներում, քան հնարավոր է պատկերացնել, և որոնց լուծման ուղղությամբ քայլեր պարզապես չեն տարվում։

-Արդյոք հնարավո՞ր էր տասնամյակների կուտակված խնդիրները մի քանի տարում լուծել։ Ինչպե՞ս եք դուք տեսնում մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծումը։

Կարելի էր գոնե լուծման ուղղությամբ տեսանելի քայլեր անել, որ խնդիրներն ավելի չխորանային։ Բայց մենք ամեն ոլորտում ենք տեսնում ոչ կոմպետենտ մասնագետներ, որոնց գործունեությունն ամեն օր է մեր երկրին վնաս հասցնում։ Ժամանակն անընդհատ մեր դեմ է աշխատում, այնինչ որակյալ, պատասխանատու և նվիրված մարդկանց, մասնագետների ներգրավմամբ կարելի է ստեղծել հենման կետ և այդտեղից սկսել մեր երկրի զարգացման համար նոր ճանապարհի կառուցումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930