Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գիտեք, մենք ֆուտբոլ չենք խաղում, գնդակներ միմյանց փոխանցելու խնդիր չկա». Սարգիս Խանդանյանի արձագանքը՝ Մարիա Զախարովային

Ապրիլ 11,2023 15:43

«Առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ը որպես կառույց պետք է արձագանքի ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ տեղի ունեցածի վերաբերյալ, այն է՝ տեղի է ունեցել ագրեսիա եւ օկուպացվել են ՀՀ տարածքները: Այդ արձանագրումները մենք չենք տեսնում: Արձանագրումներն անելուց հետո՝ նոր հնարավոր կլինի խոսել մնացածի մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ արձագանքելով ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությանը, որ ամենաբարձր մակարդակով հաստատվել ու հաստատվում է, որ հայկական կողմի պատրաստակամության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է գալ Հայաստան:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ այս առնչությամբ ասել էր՝ «գնդակը Երեւանում է»: Սարգիս Խանդանյանն արձագանքեց. «Գիտեք, մենք ֆուտբոլ չենք խաղում: Մենք ՀՀ անվտանգության մասին ենք խոսում եւ այստեղ պետք են համապարփակ մոտեցումներ, գնդակներ միմյանց փոխանցելու խնդիր չկա: Մեր դիրքորոշումը նույնն է՝ պետք է հստակ արձանագրվի տեղի ունեցածը, տրվի գնահատական եւ այդ գնահատականի հիման վրա կձեռնարկվեն գործողություններ»:

Տեղեկացրել ենք, որ Սիսիանի բնակավայրերից մեկում ադրբեջանցի է հայտնվել, որը բնակիչներից մեկի տուն է մտել, խոսել հայերեն։ Բնակիչը կասկածել է, եւ ադրբեջանցին փախուստի է դիմել։ Եղել է զինվորականի հագուստով։ Նա իրավապահների մոտ է, պատմել է, որ երկու հոգով են եղել: Իսկ բնակիչներն ասել են, որ երեք հոգու են տեսել: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ որոնողական աշխատանքները շարունակվում են՝ մյուսներին հայտնաբերելու համար:

Հարցին՝ անվտանգային նկատառումներից ելնելով՝ ի՞նչ ռիսկեր կան, եթե նրանք գտնվում են այս պահին ՀՀ-ում՝ Սարգիս Խանդանյանը պատասխանեց. «Դե, մեկ հոգու Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը ես շատ բարձր չեմ գնահատում: Այդտեղ պետք է հաշվի առնել տեղանքի ռելիեֆը, որոնողական աշխատանքները կարող է բարդություններ ունեն»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է նրանց փոխանակեն հայ գերիների հետ՝ Սարգիս Խանդանյանը պատասխանեց. «Գիտեք, որ Հայաստանը գերիների փոխանակման հարցը երբեք բանակցությունների հիմք չի դարձրել, նոյեմբերի 9-ի հայտարարությունը հստակ է՝ բոլոր գերիները պիտի վերադարձվեն: Եվ այս պահանջը Ադրբեջանն արդեն 2 տարուց ավելի է՝ չի կատարում: Մենք մարդկային կյանքերի վրա չենք բանակցում եւ մեր պահանջը հստակ է Ադրբեջանից՝ մեր բոլոր գերիները պետք է վերադարձվեն»:

Ինչ վերաբերում է ադրբեջանցիների՝ ՀՀ տարածքում հայտնվելուն՝ նա ասաց, որ նախ պետք է ճշտեն, թե ինչ նպատակով են այստեղ՝ մոլորվե՞լ են, թե՞ լուրջ նպատակներ են ունեցել:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Սարգիս Խանդանյանն ասաց. «Մինսկի խմբի անդամ երկրները շահագրգռված են, առնվազն հրապարակային իրենց հայտարարություններում ասում են, որ տարածաշրջանում ուզում են խաղաղություն հաստատվի: Իսկ թե երաշխավորներ եթե լինեն, ինչ ֆորմատով կլինի, դա արդեն բանակցությունների առարկա է»:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտարարություն եղավ, որ դիմել են ռուս խաղաղապահներին՝ ադրբեջանցիների հետ անհետաձգելի հումանիտար հարցեր քննարկելու համար: Սարգիս Խանդանյանն ասաց, որ ինքը չգիտի, թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը. «Բնականաբար, այդ 4 ամսվա ընթացքում այնպիսի խնդիրներ են առաջացել, որ ենթադրաբար այդ հանդիպումը անհրաժեշտություն է եւ կարեւոր է, որ այդ հանդիպումը տեղի ունենա: Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի բացմանը, միակ ճանապարհը քաղաքական դիվանագիտական ճնշումն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930