Խնամքի հաստատություններում դիտորդական խումբը, որում ներառված է նաև ՀՔԱՎ-ը, հրապարակել է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն 2023 թ. մարտի 29-ի այցի վերաբերյալ հրատապ զեկույցը։
Դիտորդները ահազանգում են «Զատիկ» շուրջօրյա խնամքի կենտրոնում երեխաների նկատմամբ ֆիզիկական և սեռական բռնությունների, նվաստացուցիչ վերաբերմունքի, ինքնավնասումների դեպքերի, ինքնասպանության փորձերի մասին և պնդում, որ փակ հաստատության վարչակազմը դրանց ոչ միայն բավարար չի արձագանքում, այլև ապահովում է բոլոր այն նախադրյալները, որոնք խթանում են դեպքերի շարունակականությունը։ Մարտի 29-ին դիտորդական խումբը չհայտարարված այց է կատարել խնամքի կենտրոն։ Այցի վերաբերյալ կազմված հրատապ զեկույցը հրապարակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեկնաբանությունը ստանալուց հետո։
Ստորև՝ հատվածներ զեկույցից (աննշան խմբագրումներով)․
Երեխաների առողջության իրավունքը
Կարդացեք նաև
Կենտրոնում խախտվում է խնամք ստացող դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման իրավունքը։ Դեռահասներն իրազեկ չեն սեռական հասունացման, սեռական և վերարտադրողական առողջությանը վերաբերող հարցերին, չունեն բավարար գիտելիքներ սեռավարակների կանխարգելման միջոցների մասին <․․․>
<․․․>Սեռական առողջության մասին երեխաների հետ զրույցներ ունենալու մասին հարցերին աշխատողների մի մասն արել են կրկնվող «իրենք մեզնից լավ գիտեն», «իրենք ամեն ինչից լավատեղյակ են» արտահայտությունները։ Հաճախ երեխաների, աշխատողների գնահատմամբ, բարձր իրազեկվածությունը (ինչը դիտորդների դիտարկմամբ՝ այդպես չէ) մեղադրական հնչերանգով կապվում էր դեռահաս աղջկա հղիության հետ, որը, ըստ նրանց, «շատ վատ օրինակ էր» <․․․>
Որոշ աղջիկներ բարձրացրել են հիգիենայի պարագաների սղության և ոչ պատշաճ որակի խնդիրը։ Մասնավորապես՝ երեխաների և աշխատողների հետ զրույցներից պարզ է դարձել, որ
Դաշտանի օրերին միայն մեկ միջադիր են տալիս: Աղջիկներին մեկ սափրիչ են տրամադրում, որից բոլորը պետք է օգտվեն։ Նշվել է նաև զուգարանում թղթի պակասի խնդիրը:
Աղջիկները նշել են, որ շամպունը վատ որակի է, «շատ վատ հոտ ունի», և ստիպված օճառ են օգտագործում, ինչի պատճառով մազերը թեփոտում են: Նշվել է նաև, որ երբ շամպունը վերջանում է, աշխատողները շատ են բարկանում և դժկամությամբ են նորը հատկացնում։ Դիտորդական խմբի անդամների՝ աշխատողներից մեկի հետ առանձնազրույցի ժամանակ աղջիկներից մեկն աշխատողից խնդրեց շամպուն՝ հավանաբար ենթադրելով, որ մեր ներկայությամբ մերժում չի ստանա։
Երեխաներից մեկը նշել է. «Եթե երեխաներին չվախեցնեն, ամեն մի երեխա՝ նույնիսկ ամենափոքրը, էնքան բան կարող է պատմել։ Ոչ մի բան չեն տալիս, երեխա կա կոշիկ չունի, անգամ նորմալ շոր չունի»:
Երեխաների շրջանում վատ սովորություններ և ինքնավնասումներ
․․․Կենտրոնում խնամք ստացող երեխաների շրջանում լայն տարածում ունեն վատ սովորությունները։
Դիտորդական խմբի հետ զրույցներում ծխախոտի առկայությունը որոշ տղաներ նույնիսկ չէին թաքցնում, ոմանք շրջում էին ծխախոտի տուփը գրպանում<․․․>
Տնօրենը հայտնել է միայն մեկ տղայի հավանական ծխելու մասին։ Ըստ նրա, ինքը զգացել է հոտը, և նրան ծխախոտ փոխանցում է տատը՝ տեսակցությունների ժամանակ.․․ Նա նաև նշել է, որ, իր կարծիքով, տղաներից մեկը հնարավոր է թմրանյութ է օգտագործում, քանի որ, ըստ նրա, ունի «տարօրինակ պահվածք» <․․․>
Տղաները Դիտորդական խմբի ներկայացուցչի հետ զրույցում հստակ նշել են մոտակա ռեստորանների, ժամանցի վայրերի և գարեջրատների ապրանքների գները։ Նշել են, որ ճիշտ է կան սահմանափակումներ, սակայն երբ իրենց հարազատներն այցելության ընթացքում իրենց գումար են տալիս, կարողանում են դուրս գալ Կենտրոնի տարածքից և վերադառնալ «առանց չեպե բերելու»։
Աղջիկների շրջանում տարածված են ինքնավնասման կամ դրան նմանվող փորձերը։ Դա հաստատվել է ինչպես աշխատողների, այնպես էլ երեխաների հետ զրույցներում։
Դաստակին քերծվածքներ անելը, փոքր վնասվածքների դեպքում վիրակապելն աշխատողները դիտում են որպես ուշադրություն գրավելու միջոց։
Երեխաների՝ ինքնավնասումների, ինքնասպանության փորձ անելու ցանկության մասին հայտնել են տարբեր աշխատողներ, այդ թվում՝ հղի դեռահաս աղջկա դեպքում։ Նման փորձերի մասին աշխատողների նախադասությունները որոշ դեպքերում կիսատ են մնացել կամ արագ անցում է կատարվել այլ թեմաների։ Օրինակ՝ «Ուզում ա ինքնասպա… ինքն էլ չգիտի ինչ ա ուզում»։
Երեխաները մանկավարժներին կամ հաստատության մասնագետներին չեն դիտարկում որպես մարդկանց, ովքեր առաջացած խնդիրներին լուծում կարող են տալ.
«Օրը 24 ժամ կռիվ են անում տղաներն ու աղջիկները։ Ստեղի մասնագետները հազիվ գան կոֆե խմեն, հետ գնան։ Ոչ մեկի հետ չենք ուզում խոսել։ Ստեղ սաղ երեխեքն էլ գիտեն, եթե խնդիր են ունենում, իրենց ոչ ոք չի օգնում։ Ստեղ էն իրավիճակի են հասցնում երեխեքին, որ ուզում են ինքնասպան լինեն, իրենց վնասեն։ Եթե չեն ուզում ինքնասպան լինել, հաստատությունից փախնում են՝ ընկնում քաղմաս»:
Բռնությունից պաշտպանությունը
<․․․> Այցի ընթացքում տեղեկություններ են ստացվել ֆիզիկական և սեռական բռնության վերաբերյալ։ Մասնավորապես, հավելյալ ուսումնասիրության է ենթակա մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության աշխատողի ազատման միջնորդություն ներկայացնելու տնօրենի որոշումը։ Տնօրենը որպես հիմնավորում նշել է «երեխաների հետ վատ պահելը», իր պարտականությունների կատարման ժամանակ երեխաներից մեկի կողմից գողության իրականացումը<…>
Աղջիկները տեղեկացրել են նախորդ պահակի (ենթադրաբար պահնորդի) կողմից իրենց ծեծելու մասին։
Որոշ աղջիկներ մտահոգություն են հայտնել հանգստի սենյակում առկա տեսախցիկի կապակցությամբ՝ հիմնավորելով, որ տեսախցիկը դիտում է պահակը (պահնորդը), իրենք կաշկանդված են զգում և չեն կարողանում հանգստի սենյակում ավելի ազատ հագուստով շրջել։ Այդ պատճառով վնասել են տեսախցիկի լարերը՝ խափանելով տեսահսկման համակարգի աշխատանքը:
Տնօրենը նշել է, որ, իր կարծիքով, պետք է Կենտրոնում ունենալ «ոստիկանական անվտանգություն»։ Որպես հիմնավորում նշել է, որ «երեխաները ոստիկանների հագուստից ձգվածություն են զգում»։ Թեև պահնորդները ևս ունեն արտահագուստ, նա նշել է, որ «բայց բանի տեղ չեն դնում… որ ասեմ վախենում են՝ չէ»։
Խիստ մտահոգիչ են տնօրենի պատկերացումները երեխաների խնամքի և դաստիարակության վերաբերյալ և երեխաների մոտ վախի մթնոլորտի ձևավորման միջոցով հարցեր կարգավորելը։
Որոշ աղջիկներ նշել են, որ կենտրոնում իրենց ապահով չեն զգում, բռնության են ենթարկվել (ենթարկվում) ոչ միայն պահակի (ենթադրաբար պահնորդի), այլ որոշ դայակների, բուժքրոջ, ինչպես նաև տղաների կողմից՝ առանձնացնելով երկու ազդեցություն ունեցող տղաների։ Վերջիններս, ըստ զրույցների, ֆիզիկական և հոգեբանական բռնություն են գործադրում ոչ միայն աղջիկների, այլ նաև տղաների և հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ:
Աղջիկները Կենտրոնում իրար միջև առկա լարվածությունն ու կռիվները հիմնականում կապում էին զբաղված չլինելու՝ չափից շատ պարապ մնալու, նաև հեռուստացույց դիտելու հետ։ Հանգստի սենյակում առկա էր մեկ հեռուստացույց, սակայն աղջիկներն ունեն տարբեր հետաքրքրություններ: Հագեցած օր չունենալը որպես բռնության առաջացմանը նպաստող գործոն նշել են նաև աշխատողները։
Տվյալ տեղեկությունները ենթակա են ստուգման իրավապահների կողմից, և իրականությանը համապատասխանելու դեպքում՝ իրավական գնահատականի ինչպես կատարելու, այնպես էլ համապատասխան ցուցում (առկայության դեպքում) տալու համար։
Հրատապ զեկույցում ներառված է նաև Սոցապ նախարարության պաշտոնական մեկնաբանությունը, ըստ որի՝ նախարարությունը շատ բաներից արդեն իսկ «տեղյակ է» և ինչ-որ գործողություններ է իրականացնում։ Նախախարարության արձագանքը՝ հղումով։
Հոդվածը ՝ epress.am
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ