ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանցի քաղաքագետ, նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը, պատասխանելով այն հարցին, որ Վրաստանը միակ լոգիստիկ հանգույցն է, որը Իրանի հետ պատերազմի դեպքում կարող է օգտագործվել Ադրբեջանին զենք մատակարարելու համար և այդ համատեքստում գնահատելով Իրանի ու Ադրբեջանի միջև էսկալացիայի հավանականությունը, նշել է.
«Ես չեմ կարծում, որ Ադրբեջան զենք հասցնելու լոգիստիկ խնդիր կա։ Հատկապես հաշվի առնելով, որ վերջին երկու տարիներին Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաները հայտարարում են «երկու պետություն, մեկ բանակ»: Մյուս կողմից, ես Իրանի հետ լայնամասշտաբ առճակատման հավանականություն չեմ տեսնում։ Այնտեղ շատ լավ հասկանում են, որ ուժերի բալանսը իրենց կողմից չէ: Ես դեռ չեմ խոսում Իսրայելի և Արևմուտքի դիրքորոշումների մասին։ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական դաշինքը լիովին բավարար է, որպեսզի նրանցից մեկն ու մեկի հետ բախումը նշանակի Թեհրանի իշխող վարչակարգի ավարտը…
Լայնածավալ ռազմական գործողություններն անհնար են բազմաթիվ պատճառներով, այդ թվում այն հանգամանքով պայմանավորված, որ ԻՀՊԿ սպայական կազմի 50-60%-ը էթնիկ ադրբեջանցիներ են։ Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ նրանք կկատարեն Ադրբեջանի վրա կրակելու հրամանը։ Սա ֆանտաստիկայի շարքից է…»:
Կարդացեք նաև
Ակնհայտ նշվում է այն պարզ իրողությունը, որ 2021 թ. հունիսին կնքված Շուշիի դեկլարացիան ռազմաքաղաքական դաշինք է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև Իրանի դեմ: Բացի այդ, ադրբեջանցի քաղաքագետն ընդունում է, որ իր պետությունը միացել է հակաիրանական դաշինքին ու բազմաթիվ ուժեր կօգնեն իրենց Իրանի դեմ գործողություններում:
Իրանը որևէ միտում չունի Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկելու, Ադրբեջանն է տարածաշրջան բերել Իսրայելին, տեղակայել օկուպացված Կովսականում և Իրանին սահմանակից այլ տարածքներում՝ դրանով իսկ ռիսկեր ստեղծելով ամբողջ Հարավային Կովկասի համար: