«Մեր ընդդիմադիր գործընկերները ճիշտ բաներ էլ են անում, բայց մի խնդիր կա՝ տրվում են զգացմունքներին եւ շահարկումներ անում, եւ ճիշտ բանը միանգամից փլուզվում է»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր դիմելով ընդդիմությանը՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
Նա նշեց․ «Երբ Գեղամ Մանուկյանն ասում է` Արման Թաթոյան, ասում է մի մարդու մասին, որն օգտվել է երկրում ստեղծված իրավիճակից՝ ապագա քաղաքական ամբիցիաները բավարարելու համար։ Ասում է, թե նրա բյուջեն էինք կտրում, բայց նա միակ մարդն է, որը մինչեւ վերջ պաշտոնավարել է որպես ՄԻՊ։ Բա եթե նման խնդիր կար եւ եթե Թաթոյանն այդպես սկզբունքային էր, եթե իրեն այդպես խոչընդոտում էինք, թող ասեր, հրաժարվեր պաշտոնից ու մտներ քաղաքականություն՝ իշխանության դեմ պայքարելու համար։ Խոսում եք Արման Թաթոյանի մասին, որն ինձ մեղադրել է, թե ես տուն ինտերնատից հոգեկան հիվանդների եմ բերել հանրահավաքի եւ ընտրությունների․․․զարմանալի է»։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն այսօր դիմելով ՔՊ-ի ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանին՝ ասել էր․ «Տիկին Մանասյան, հիմիկվանից ասում եմ՝ եթե մի վայրկյան չեղաք իշխանության սրտի պաշտպանը, ֆինանսների նախարարությունը մի նախագիծ կբերի արագ, որ ՄԻՊ գրասենյակի բյուջեն կրճատեն։ Այդպես եղավ, որովհետեւ Արման Թաթոյանն իրենց սրտի ՄԻՊ-ը չէր, որովհետեւ խոսում էր սահմանամերձ բնակիչների իրավունքների, Ադրբեջանի ագրեսիայի վտանգների մասին, իսկ իշխանությունը «քիրվայության» մասին էր խոսում եւ հիմա էլ խոսում է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ