Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Տիկին Մանասյան, եթե մի վայրկյան չեղաք իշխանության սրտի պաշտպանը, ձեր գրասենյակի բյուջեն կկրճատեն»․ Գեղամ Մանուկյան

Ապրիլ 11,2023 15:03

«Գեղեցիկ խոսքեր ասաց։ Նախադասություններ է ասում, բայց երբ ուզում ես դրա միջից քամել կոնկրետությունն ու բովանդակությունը, բան չկա տակը․․․դիրքորոշում չկա տակը»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր ՔՊ-ի կողմից Անահիտ Մանասյանի՝ ՄԻՊ պաշտոնում առաջադրման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անահիտ Մանասյանը գնահատականներ չհնչեցրեց կոնկրետ դեպքերի եւ հարցերի առնչությամբ։

Ըստ Գեղամ Մանուկյանի՝ նույն կերպ արտահայտվում էր նաեւ պաշտոնը թողած նախորդ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։ Գեղամ Մանուկյանը շեշտեց, որ վերջին ամիսներին ընդդիմությունը ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար դիմել է մի շարք հեղինակավոր մասնագետների, իրավապաշտպանների, սակայն մերժման պատճառը եղել է այն, որ այս իշխանության հետ հնարավոր չէ աշխատել։

«Տիկին Մանասյան, հիմիկվանից ասում եմ՝ եթե մի վայրկյան չեղաք իշխանության սրտի պաշտպանը, ֆինանսների նախարարությունը մի նախագիծ կբերի արագ, որ ՄԻՊ գրասենյակի բյուջեն կրճատեն։ Այդպես եղավ, որովհետեւ Արման Թաթոյանն իրենց սրտի ՄԻՊ-ը չէր, որովհետեւ խոսում էր սահմանամերձ բնակիչների իրավունքների, Ադրբեջանի ագրեսիայի վտանգների մասին, իսկ իշխանությունը «քիրվայության» մասին էր խոսում եւ հիմա էլ խոսում է»։

Ապա Գեղամ Մանուկյանն Անահիտ Մանասյանին խորհուրդ տվեց մի անգամ զրույցի կանչել Արման Թաթոյանին։

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն էլ Անահիտ Մանասյանին խնդրեց պատասխանել՝ ի՞նչ պետք է անի դատախազի տեղակալը, ոստիկանը կամ ՄԻՊ թեկնածուն, երբ իր ներկայությամբ սպառնալիքներ եւ վիրավորանքներ են հնչում։ Անահիտ Մանասյանը պատասխանեց, որ հարցադրումը չի ենթադրում էթիկայից բխող պատասխան, ուստի չի պատասխանի։

Արթուր Խաչատրյանն այս պատասխանից փոքր ինչ վրդովվեց․ «Ի՞նչն էր էթիկայի խախտում։ Եթե այդպես էթիկայի պաշտպան եք, որ ձեր ներկայությամբ էթիկա են խախտում, վախեցա՞ք միջամտել։ Ներկա չէիք, բայց մոտակայքում էինք, գիտեիք փաստը»։ Դահլիճում ծիծաղ հնչեց։ Պատգամավորներից մեկը բարձր ծիծաղում էր, ինչին ի պատասխան Արթուր Խաչատրյանն առաջարկեց․ «Կուզե՞ք անեկդոտ պատմեմ»։

Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստում ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել է «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականներից Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը եւ այլք աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։

Արթուր Խաչատրյանը նորից հարցրեց՝ ո՞րն է Անահիտ Մանասյանի գնահատականը կատարվածի վերաբերյալ։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանն էլ հարցրեց․ «Դուք ո՞նց եք պաշտպանելու մարդու իրավունքները, եթե գնահատական տալուց կաշկանդվում եք»։

ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանն էլ անդրադարձավ ընդդիմադիրների հարցադրմանը, թե ինչու Անահիտ Մանասյանը չի արձագանքել հանձնաժողովի նիստում կատարվածին․ «Նա այդ սենյակում չէր։ Բայց էլ ավելի հետաքրքիր բան ասեմ՝ դուք էլ այդ սենյակում չէիք։ Բա դո՞ւք ինչու չկայիք, որ արձագանքեիք։ Բա ձեր թեկնածուն էր, ինչո՞ւ չկայիք։ Որովհետեւ ամաչում էիք ոչ թե Էդգար Ղազարյանից, այլ այն փաստից, որ Ղազարյանը ձեր լավագույն սերուցքն է՝ նախագահի թեկնածու, վարչապետի թեկնածու, ՄԻՊ թեկնածու։ Նա ձեր վերեւի «պլինտուսն» է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930