Տեղեկացրել ենք, որ Սիսիանի բնակավայրերից մեկում ադրբեջանցի է հայտնվել, որը բնակիչներից մեկի տուն է մտել, խոսել հայերեն։ Բնակիչը կասկածել է, եւ ադրբեջանցին փախուստի է դիմել։ Եղել է զինվորականի հագուստով։ Նա իրավապահների մոտ է, պատմել է, որ երկու հոգով են եղել: Իսկ բնակիչներն ասել են, որ երեք հոգու են տեսել:
Այսօր այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Դուք գիտեք, որ որոնողական աշխատանքները շարունակվում են՝ մյուսներին հայտնաբերելու համար: Դրա հետ առնչվող խնդիրների ու լուծումների մասին կտեղեկացնեն»:
Հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր, որ ադրբեջանցիները հենց այդպես սահմանը հատել են ու մտել բնակչի տուն՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Սահմանը պատկերացնում եք մի հատ դուռ է, բացեցին, գնացի՞ն: Սահմանը մե՜ծ երկայնք ունի: Ինչի՞ չեք հարցնում՝ մարդիկ, որոնք եկել են, եկել են՝ ինչ-որ գործողություններ անելո՞ւ նպատակով, թե՞ փախել են այն զորամասից, որը գտնվում է Նախիջեւանի տարածքում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ