Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրված ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանին ընդդիմադիր պատգամավորները մենակ էին թողել՝ բացառությամբ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի:
Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչո՞ւ էիք լքել ձեր թեկնածուին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը պատասխանեց. «Ընդդիմությունը նախ մենակ չի թողել: Մեր գործընկերուհին՝ Զեմֆիրա Միրզոեւան գործուղման էր ԱՄՆ-ում, մեր մյուս գործընկեր Արեգնազ Մանուկյանը վատառողջ էր, դրանից առաջվա նիստին էլ չէր եկել, խնդիրներ է ունեցել առողջական եւ մենք հատուկ չենք պլանավորել, որ պետք է ամբողջ ֆրակցիայով գնանք եւ ներկա լինենք այդտեղ: Մենք այդտեղ առանձնահատուկ ինչ-որ բան չենք տեսել: Այդ օրը ես էլ եմ ԱԺ-ում եղել, մենք պարոն Մինասյանի հետ Սլովակիայի պատվիրակության հետ հանդիպում ենք ունեցել: Մենք մեր առաջ խնդիր չենք դրել 30 հոգով գնանք այդ նիստին մասնակցենք»:
Հարցին՝ չէի՞ք կանխատեսում ինչ էր լինելու՝ նա վստահեցրեց. «Չէ, ինչի՞ համար պիտի կանխատեսեինք, որ ՔՊ-ն ամբողջ ֆրակցիայով պիտի գա այդտեղ նստի: Անընդհատ կանխատեսել եւ շքախմբով տեղ գնալ անլուրջ է, էլի: Ի՞նչ անենք, հիմա մենք ֆրակցիայով տեղափոխվենք այստեղից այնտե՞ղ: Լուրջ չի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ