«Մայիսի 4-ից օգոստոսի 13-ը Բրիտանական թանգարանում կայանալու է «Շքեղություն եւ ուժ. Պարսկաստանից Հունաստան» խորագրով ժամանակավոր ցուցադրություն: Այդ ցուցադրությանը ներկայացվելու են շքեղագույն առարկաներ՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հայաստանի եւ Բուլղարիայի 7 թանգարաններից: Ու մեզ համար շատ պատվաբեր է, որ այդ ցուցադրությանը ներկայացվելու է նաեւ Էրեբունի թանգարանի Հեծյալի առաջնամասով եղջերագավաթը: Կներկայացվեն եւս 3 նմուշներ՝ Հայաստանի պատմության թանգարանից»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:
Թանգարանի տնօրենը, որն այս տարվա ապրիլի 1-8-ը գտնվել է Բրիտանական թանգարանում, հավելեց, որ արծաթե եղջերագավաթն արդեն իսկ տեղադրվել է Բրիտանական թանգարանում՝ հատուկ ցուցապահարանում, Լուվրի եւ Բրիտանական թանգարանի առարկաների հետ. «Այցելուները եւս մեկ անգամ մայիսի 4-ից գալու են այնտեղ եւ կարդալու են Հայաստան, Երեւան բառերը, ծանոթանալու են մեր մշակույթի հետ»:
Նա հավելեց, որ այցի ժամանակ հանդիպումներ են ունեցել Բրիտանական թանգարանի Մերձավոր Արեւելքի դեպարտամենտի ղեկավար Ֆիլ Քոլինզի, ու այլ հայտնի մասնագետների հետ, եւ այցելության կարեւոր նպատակներից մեկն էր հստակեցնել նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը Բրիտանական թանգարանի հետ, թե ինչ ձեւաչափով է Բրիտանական թանգարանն իրականացնելու սեպագրի ուսուցման անվճար դասընթացները՝ հայ ուսանողների համար:
«Նախկինում խոսել էինք դասախոսությունների առցանց ձեւաչափի մասին,որը պետք է իրականացներ աշխարհահռչակ գիտնական, սեպագրի լավագույն գիտակներից մեկը՝ Իրվինգ Ֆինքելը: Նա պետք է հայ ուսանողների համար անգլերենով առցանց ներկայացներ դասախոսությունների շարքը: Այժմ քննարկեցինք հարցը, եւ որոշվեց Իրվինգ Ֆինքելը կժամանի Հայաստան եւ «Էրեբունիում» անվճար դասընթացներ կկարդա սեպագրի վերաբերյալ՝ հայ ուսանողների եւ ցանկացողների համար: Լուծում ենք նաեւ լեզվի խնդիրը՝ ամեն բան թարգմանվելու է հայերեն:
Կարդացեք նաև
Իրվինգ Ֆինքելն իր հետ բերելու է տարբեր իրեր ու գործիքներ, որոնց շնորհիվ դասընթացի մատուցումն ավելի արդյունավետ եւ հանրամատչելի կլինի: Սա մեզ համար առանցքային նշանակություն ունի, քանի որ Հայաստանի՝ Խորհրդային ժամանակվա հզոր սեպագրագիտության դպրոցը գրեթե չկա: Եվ եթե այսօր չունենանք նոր մասնագետներ, այդ դպրոցը կկորցնենք: Մեր նախաձեռնությունը միտված է նրան, որ այս դասընթացից ընտրվեն ուսանողներ, որոնք հետագայում կգործուղվեն արտասահմանյան բուհեր՝ իրենց գիտելիքները խորացնելու, նաեւ կփորձենք սեր առաջացնել ուսանողների եւ մասնակիցների մոտ՝ դեպի սեպագրագիտությունը:
«Էրեբունին» աջակցության համար դիմել է հայկական տարբեր հաստատությունների, եւ այս նախագիծն իրականացնելու է նրանց հետ համատեղ, որոնց թվում են՝ ԵՊՀ-ն, Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը, Արեւելագիտության եւ Պատմության ինստիտուտները»,-հայտնեց Միքայել Բադալյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Միքայել Բադալյանը