Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեն կարող մեկին իր նստած տեղը հարվածեն, դրանից 3-4 մետր այն կողմ թռնի». Գառնիկ Դանիելյանը՝ Վլադիմիր Վարդանյանին հարվածելու մասին

Ապրիլ 11,2023 14:08

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատմեց Մհեր Սահակյանի՝ Վլադիմիր Վարդանյանին հարվածելու միջադեպից որոշ մանրամասներ. «Այդ նիստի ժամանակ Մհեր Սահակյանը բազմիցս հորդորել է, որ պատշաճ վարք դրսեւորի, դրանից հետո նույն ոճը կրկնվել է իր կողմից: Տոնը ավելի բարձրացնելով՝ մոտեցել է Մհեր Սահակյանին, եւ Մհեր Սահակյանը դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության: Խնդիրն այն է, որ պարբերաբար ԱԺ-ում տեղի են ունենում նման սադրանքների, եւ իշխանությունները պատժի չեն արժանանում: Օրեր առաջ նույն գործելաոճը տեղի է ունեցել նաեւ մեր մյուս գործընկերոջ հետ՝ Թադեւոս Ավետիսյանի: Մարդը ելույթ էր ունենում եւ այդ ընթացքում Սիսակ Գաբրիելյանը դրսեւորեց պատգամավորին ոչ պատշաճ վարքագիծ՝ մոտենալով, սադրելով: Նման միջադեպ կարող էր տեղի ունենալ նաեւ Թադեւոս Ավետիսյանի հետ եւ յուրաքանչյուրի հետ: Անպատժելիության մթնոլորտը օր օրի ավելանում է եւ Մհեր Սահակյանը ընդամենը ինքնապաշտպանվում էր: Բայց խնդիրն այն է, որ դատախազությունը այսօր եկել է, ականատես ենք լինում քաղաքական որոշման: Դրանից առաջ ինչ եղել է խորհրդարանում, ոչ մի գնահատականի չի արժանանում»:

Պատգամավորը վստահ է՝ այսօր մեր երկրում տեղի է ունենում ընտրովի արդարադատություն եւ խտրական վերաբերմունք. «Մեր խնդիրը հենց այդ ընտրովի արդարադատության դեմն առնելն է: Եթե թեկուզ Մհեր Սահակյանը ինքն էլ պատրաս է կրել համապատասխան պատասխանատվությունը, եթե օրենքը անցել է: Ոչ թե գործ սարքելու, ոչ թե ավելորդ բաներ իրեն վերագրելու, այլ իր գործած հանցանքի համար է պատրաստ»:

Հարցին՝ հիմա Մհեր Սահակյանի գլխին սարքո՞ւմ են՝ նա պատասխանեց, որ ինչ ինքը պատմեց, դրա վառ օրինակն է. «Սկզբում ասացին՝ ինչ-որ բանով է հարվածել, որը հերքվեց: Իրենք այդպիսի բնավորություն ունեն՝ ստել ու հետո հերոսաբար հաղթահարել այդ ստերը»:

Նա նշեց, որ այս պահին Մհեր Սահակյանին կալանավորելու հարց չկա, բայց չի բացառվում նաեւ դա. «Չեմ զարմանա, որ մի օր էլ նաեւ այդ հարցը առաջ գա: Հենց սկզբից այդ դեպքի հետ կապված ամեն ինչը արվում էր նրա համար, որ Մհեր Սահակյանը մինչ այսօր ձերբակալված լիներ: Քանի որ ամեն ինչն այնքան ակնհայտ էր, չկարողացան այդ ձերբակալությունը կազմակերպել»:

ՔՊ-ական պատգամավորները պնդում էին, որ Մհեր Սահակյանն ինքն է մոտեցել Վլադիմիր Վարդանյանին, վերջինս իր տեղում է եղել: Գառնիկ Դանիելյանը հերքեց. «Իր ընկնելու վայրն էլ է հայտնի, ախր դա այնքան ակնհայտ է, չեն կարող մեկին իր նստած տեղը հարվածեն, դրանից 3-4 մետր այն կողմ թռնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930