Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր դատախազը ձեր ընկերուհին է․ դուք կամք ու համարձակություն կունենա՞ք նրա որոշումները քննադատելու»․ պատգամավորը՝ ՄԻՊ թեկնածուին

Ապրիլ 11,2023 13:46

«Ձեր ելույթում ասացիք, որ կարեւորում եք հանրային հանդուրժողականության հաստատումը, բայց այդ հանձնաժողովի նիստում ոչ միայն անհանդուրժողականություն էր, այլեւ խայտառակ բառապաշար, սպառնալիքներ։ Ակնկալում եմ, որ ոչ թե քաղաքական գնահատական տաք, այլ ինչ-որ վերաբերմունք ցույց տաք, թեկուզ կոչ անեք վիրավորական արտահայտություններ չհնչեցնել։ Բայց դուք նախընտրեցիք անհաղորդ մնալ։ Դա ավելի վտանգավոր է»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր ՔՊ-ի կողմից Անահիտ Մանասյանի՝ ՄԻՊ պաշտոնում առաջադրման հարցի քննարկման ժամանակ Անահիտ Մանասյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստում ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել է «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականներից Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը եւ այլք աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։

Աննա Գրիգորյանը նաեւ շեշտեց՝ ՄԻՊ թեկնածուի ելույթում ոչինչ չլսեց սահմանամերձ համայնքների բնակիչների, օրինակ՝ Տեղ համայնքում մարդկանց իրավունքների խախտումների վերաբերյալ․ «Նրանց արոտավայրերն օկուպացրել են ադրբեջանցիները»։

Աննա Գրիգորյանը նաեւ ասաց․ «Դուք գլխավոր դատախազի տեղակալն եք, հավակնում եք ՄԻՊ դառնալ եւ մարդկանց պաշտպանել պետական ապարատի ռեպրեսիաներից, ապօրինություններից։ Հիմա դուք կամք, համարձակություն կունենա՞ք քննադատելու դատախազությանը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ձեր ընկերուհին է։ Դուք համարձակություն կունենա՞ք քննադատելու նրա որոշումները»։

Անահիտ Մանասյան

Անահիտ Մանասյանը պատասխանեց՝ որ կառույցում որ աշխատել է, ոչ միայն բարձրաձայնել է խնդիրները, այլեւ լուծումներ առաջարկել՝ առանց գովազդային վահանակների եւ բարձր տոնի․ «Գլխավոր դատախազության առաջնահերթ խնդիրը եւս քաղաքացու իրավունքների պաշտպանությունն է։ Ես դա առաջնահերթ եմ համարել։ Ես չորս ամիս եմ եղել գլխավոր դատախազի տեղակալ, բայց 14 տարվա մասնագիտական գործունեություն ունեմ։ Ես շատ այլ անձանց հետ էլ ունեմ մարդկային, ազնիվ հարաբերություններ, որոնց համար ոչ թե արդարանում եմ, այլ հպարտանում, բայց դա երբեւէ չի ազդել իմ մասնագիտական գործունեության վրա։ Այո, պատրաստ եմ գնահատական հնչեցնել նաեւ այդ կառույցների աշխատանքի վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է սահմանամերձ բնակիչների խնդիրներին, Անահիտ Մանասյանը նշեց, որ ժամանակը քիչ է բոլոր հարցերին անդրադառնալու համար, բայց ուրախ կլինի հետագայում քննարկումներ կազմակերպել։

Աննա Գրիգորյանը նկատեց՝ խոսքը ոչ թե սովորական ընկերուհու, այլ գլխավոր դատախազի մասին է, որը Նիկոլ Փաշինյանի օգնական եղած ժամանակ ցուցումներ է տվել նախաքննական մարմնին․ «Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է։ Եթե իրոք չունեք կաշկանդվածություն, հստակ վերաբերմունք արտահայտեք։ Պատկերացրեք, որ արդեն ՄԻՊ եք»։

Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «Դրա վերաբերյալ կա դատական ակտ, որը չի կարող կասկածի տակ դրվել որեւէ մեկի կողմից»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930