«Քրիստինե Գրիգորյանը մեկ տարի պաշտոնավարելուց հետո հեռացավ պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Հնարավո՞ր է, որ դուք էլ հանկարծ նման առաջարկ ստանաք ու հեռանաք։ Որքանո՞վ եք պատրաստակամ ձեր տեսլականին հասնելու համար մինչեւ վերջ պաշտոնավարել ու ունենալ նախանշած արդյունքներ»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր ՔՊ-ի կողմից Անահիտ Մանասյանի՝ ՄԻՊ պաշտոնում առաջադրման հարցի քննարկման ժամանակ Անահիտ Մանասյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։
Անահիտ Մանասյանն անկեղծացավ, որ ՄԻՊ-ն իր համար պաշտոն չէ, այլ առաքելություն․ «Հանձնառու եմ փորձել ամեն ինչ անել՝ այդ առաքելությունը մինչեւ վերջ հասցնելու համար»։
Անահիտ Մանասյանի խոսքով՝ այն փաստը, որ ինքը մինչեւ այս պաշտոնավարել է որպես գլխավոր դատախազի տեղակալ, չի կարելի համարել մարդու իրավունքների դեմ հանդես եկող հանգամանք, հակառակը՝ դատախազի աշխատանքը միտված է մարդու իրավունքների պաշտպանությանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ դիմեց Անահիտ Մանասյանին՝ ասելով, որ ԱԺ ամբիոնից վերջին չորս տարում ամենածայրահեղ արտահայտություններն են հնչել սահմանադրական դատարանի հասցեին․ «Օրինակ՝ ՍԴ-ն ամենավարկաբեկված ինստիտուտներից է։ Փաշինյանն է ասել։ Դուք, տիկին Մանասյան, եղել եք ՍԴ նախագահի խորհրդական, ավագ խորհրդական։ Դուք աշխատել եք ՀՀ ամենավարկաբեկվա՞ծ ինստիտուտներից մեկում»։
Կարդացեք նաև
Անահիտ Մանասյանը պատասխանեց, որ իր սկզբունքն է՝ քաղաքական հայտարարություններ չմեկնաբանելը․ «Որպես հանրային պաշտոնյա եւ ՍԴ-ում աշխատած անձ՝ կոռեկտ չեմ համարի պետական այլ հաստատությունների վերաբերյալ տեսակետ հնչեցնելը։ Ես քաղաքական գործիչ չեմ։ Կարծում եմ՝ ես եւ գործընկերներս ՍԴ-ի աշխատանքի շրջանակում փորձել ենք մշակել այնպիսի ավանդույթներ, որոնք կնպաստեն սահմանադրական արդարադատության իրականացմանը։ Խնդիրներ մշտապես եղել են բոլոր մարմիններում, բայց որեւէ պետական մարմնի առնչությամբ այլ տեսակի դիրքորոշումներ չեմ ներկայացնի»։
Գեղամ Մանուկյանը նկատեց՝ ինքը չէր էլ ուզում քաղաքական գնահատական լսել, բայց կարեւոր է, որ ՄԻՊ-ը սկզբունքային լինի․ «Քաղաքական իշխանությունը չորս տարի վարկաբեկել է ՍԴ-ն։ Պատկերացրեք՝ ՀՀ քաղաքացու վիճակը, որն ուզենալու է ինչ-որ հարցով դիմել ՄԻՊ-ին, որն աշխատել է մի վարկաբեկված ինստիտուտում, ինչպիսին է ՍԴ-ն»։
Անահիտ Մանասյանը կրկնեց նույն պատասխանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ