«Որոշ ժամանակ առաջ մեծամասնությունը բարձր գնահատականներով խոսում էր նաեւ Քրիստինե Գրիգորյանի մասին, եւ կարճ ժամանակ անց նա հրաժարական տվեց ՄԻՊ պաշտոնից։ Ի վերջո, նա ինչո՞ւ հրաժարական տվեց, ձեզ հայտնի՞ է։ Ի՞նչ երաշխիք կա, որ Անահիտ Մանասյանն էլ նույնը չի անի։ Պատճառն արդյոք այն չէ՞, որ ՄԻՊ-ն ավելի շատ քաղաքացիների եւ ընդդիմության վստահությունը պետք է վայելի։ Վրաստանում, օրինակ, ընդդիմադիր խմբակցության պատգամավորը դարձավ օմբուդսման»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Խորհրդարանն այսօր քննարկում է ՄԻՊ պաշտոնում ՔՊ-ի առաջադրած Անահիտ Մանասյանի թեկնածության հարցը։
Արծվիկ Մինասյանը շարունակեց հարցադրումը․ «Երբ խոսում եք Էդգար Ղազարյանի մասին, տեղյա՞կ եք սահմանադրության նորմի մասին, որ ամեն ոք իրավունք ունի հանրային ծառայողի պաշտոն զբաղեցնելու ակնկալիք ունենալ։ Կամ, որ մարդկանց վարքագծի մասին եք խոսում, միակ տարբերակը ձեր համար վիրավորե՞լն է, սպառնա՞լը։ Գուցե դրա համար իրավական գործընթաց կա, ինչո՞ւ իրավական գործընթացով չեք շարժվում»։
Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Նախ, ես արդեն ասացի, որ պետք չի տրվել էմոցիաներին, բայց․․․Ինչ վերաբերում է տիկին Գրիգորյանին, կարծում եմ, պատեհ պահի հանրությունն այդ մասին կիմանա։ Իսկ տիկին Մանասյանի անաչառության վրա ես չեմ կասկածում։ ՄԻՊ ինստիտուտը քաղաքական գործընթացներից պետք է դուրս լինի։ Երբ տիկին Գրիգորյանի թեկնածությունն էր քննարկվում, նրա անաչառությունը եւս կասկածի տակ դրվեց, բայց նրա աշխատանքով ապացուցվեց հակառակը։ Վստահ եմ, որ նույնը կլինի տիկին Մանասյանի դեպքում։ Ինչ վերաբերում է իրավական ճանապարհին, ապա այո, այն կա, բայց իրավիճակները տարբեր են։ Ամեն դրվագ պետք է դիտարկել դրա ամբողջության մեջ։ Ես դիմել եմ դատախազություն՝ դեպքերի փոխկապակցվածությունն ուսումնասիրելու համար։ Այո, պետք է գնալ իրավական ճանապարհով»։
Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստում ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել է «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականներից Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը եւ այլք աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանը նաեւ հետաքրքրվեց․ «Քննարկումների ժամանակ ի՞նչ թեկնածուների եք քննարկել, ինչո՞ւ եք հենց տիկին Մանասյանին ընտրել։ Նկատի ունենալով ձեր պահվածքը, քննարկե՞լ եք ոստիկանության աշխատակիցներից ՄԻՊ թեկնածու առաջադրելու հնարավորություն։ Հատկապես այն ոստիկաններից, որոնք բռնություն են գործադրել քաղաքացիների, պատգամավորների նկատմամբ»։
Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Երկար քննարկումներ ենք ունեցել։ Այսքանով կսահմանափակվեմ։ Ինձ զարմացնում է, որ ասում եք ոստիկաններից ընտրեինք։ Դուք առաջադրել եք մի թեկնածուի, որը հայ ժողովրդին անվանարկում է։ Ու հիմա ինձ նման հարց եք տալիս համ էլ ասում եք, որ բոլորն իրավունք ունեն հավակնելու այդ պաշտոնին։ Այո, ունեն, բայց քաղաքական ուժը պատասխանատու է իր թեկնածուի համար, որը հայ ժողովրդին անվանում է «ադրբեջանաթուրքական»։
Լուիզա ՍՈԻՔԻԱՍՅԱՆ