Լրահոս
Օրվա լրահոսը

«Լկտի պահվածքով սպառնում էիք ականջ ու լեզու կտրել․ ներողություն խնդրելո՞ւ եք»․ Կյուրեղյանը՝ Արթուր Հովհաննիսյանին

Ապրիլ 11,2023 11:20

«Հուսամ՝ ծանոթ եք պատգամավորի էթիկայի կանոններին։ Պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, ԱԺ-ում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների հանդեպ։ Չգիտեմ զավեշտ ասեմ, թե ոչ, բայց դուք ՄԻՊ թեկնածու եք հիմա ներկայացնում։ Նրա հարցի քննարկման ժամանակ դուք ձեր պահվածքով շատ հեռու էիք էթիկայի կանոններից։ Լկտի պահվածքով, մատ թափ տալով, ականջ ու լեզու կտրելու սպառնալիքներով ներկայացնում էիք ՄԻՊ թեկնածուին, որը մարդու իրավունքների պաշտպանությամբ պետք է զբաղվի»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստում ՄԻՊ թեկնածուների քննարկումը թեժ վեճերով է ուղեկցվել․ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը 2018թ․-ի հեղափոխությունն անվանել է «ադրբեջանաթուրքական գործընթաց»՝ պարզաբանելով, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ գործընթացի շահառուներին եւ հետեւանքները։ Իսկ ՔՊ-ականներից Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը եւ այլք աչքի են ընկել «լեզուն կկտրեմ նրա, ով նման բան կասի», «անասուն», «կլոուն» եւ նմանօրինակ այլ արտահայտություններով։

Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց․ «Դուք որպես պատգամավոր եւ մեծամասնության քարտուղար, ինչպե՞ս եք գնահատում ձեր եւ ձեր խմբակցության մյուս պատգամավորների պահվածքը»։

Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Զավեշտն առաջնահերթ այն էր, թե դուք ում էիք առաջադրել որպես ՄԻՊ թեկնածու։ Կարծում եմ՝ դուք այս թեմայից ամենաքիչը պետք է խոսեք։ Ես այդ նիստի ժամանակ իրավիճակը շատ վատ եմ բնորոշում։ Իրականում պետք է թույլ չտալ, սադրանքներին չտրվել, լինել հավասարակշիռ, բայց ամեն դրվագ չպետք է դիտարկել նեղ պրիզմայով։ Ընդդիմադիր խմբակցություններն առաջադրել էին մի մարդու, որը ոչ մեկ անգամ է անվանարկել ՀՀ ժողովրդին եւ նույնը կրկնել է նիստում։ Վստահ եմ, որ նախապես եւ գուցե ոչ գրագետ կազմակերպված գործընթաց էր դա, որը հանձնաժողովի նախագահն էր ղեկավարում։ Դուք այլեւս ձեր բերանով չեք անվանարկում հայ ժողովրդին, որովհետեւ դրա պտուղները քաղել եք եւ ուղարկում եք մարդկանց, որոնք ձեր պատվերով կանվանարկեն։ Իմ էմոցիոնալ արձագանքը եղել է ժողովրդի հասցեին ուղղած վիրավորանքին ի պատասխան»։

Արթուր Հովհաննիսյանը նաեւ շեշտեց՝ ընդդիմադիր պատգամավորները չեն արձագանքում այն փաստին, որ իրենց թեկնածուին սատարող 20-30 քաղաքացիներ նույն օրը կոչ էին անում իշխանությանը սատարողների մարմինները գլխիվայր կախել ծառերից։

Արմինե Կյուրեղյանն ի պատասխան պնդեց, որ հենց իշխանական խմբակցությունն է մտադրված եղել հրահրել այնպիսի սադրանք, որը կվերածվի ծեծկռտուքի․ «Դա չստացվեց, եւ դուք ընկած ձեր իսկ ծուղակը։ Իմ հարցը շրջանցեցիք։ Դուք ձեր արարքը որքանո՞վ եք գնահատում։ Պահպանե՞լ եք էթիկայի կանոնները։ Ներողություն խնդրելո՞ւ եք նիստի մասնակիցներից, քաղաքացիներից եւ լրագրողներից»։

Արթուր Հովհաննիսյանը փաստեց, որ ինքն ԱԺ-ն է ներկայացնում որպես ինստիտուտ, բայց եւ ներկայացնում է հայ ժողովրդին եւ որեւէ մեկին թույլ չի տա անվանարկել 2018թ․-ի հեղափոխությունը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930