Հայաստանի խորհրդարանի ձեւավորումից ի վեր՝ մեր երկրի օրենսդիր մարմնում աղմկահարույց դեպքերն անպակաս են եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը պատմական ակնարկ է կատարել՝ հիշեցնելով խորհրդարանում պատգամավորների միջեւ արձանագրված մի շարք «հնչեղ» միջադեպերը, որոնք ծեծկռտուքով կամ ձեռնամարտով են ավարտվել:
Հեղափոխական խորհրդարանը եւս բազմիցս աչքի է ընկել նման աղմկահարույց միջադեպերով:
Այսպիսով, 2020թ.-ի մայիսին Խորհրդարանում ծեծկռտուք տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ու ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ: Երբ ելույթ էր ունենում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից վեր կացավ եւ ապտակեց Մարուքյանին:
Կարդացեք նաև
2020թ.-ի հունվարին հերթական ծեծկռտուքն էր տեղի ունեցել Ազգային ժողովի շենքի մոտ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի եւ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների միջեւ: Գաբրիելյանը հարվածել էր քաղաքացիներից մեկին:
2021թ.-ի օգոստոսին ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ դահլիճում ոտքով հարվածել էր ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանին:
Նույն օրը ԱԺ-ում տեղի էր ունեցել եւս մեկ միջադեպ ընդդիմադիրների եւ իշխանական պատգամավորների միջեւ, երբ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին` վիրավորական արտահայտություններ թույլ տալով նրա հասցեին, որից հետո Օհանյանը շիշ էր նետել Սարգսյանի ուղղությամբ։
Հետաքրքիր է, որ բոլոր այս միջադեպերի մասով պատգամավորներից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, գլխավոր դատախազը պատգամավորների հետեւից չի եկել, իսկ, ահա, այսօր գլխավոր դատախազը կգա խորհրդարան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար խորհրդարանի «թույլտվությունը» ստանալու:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։