Հանրապետության հովտային գոտում, այդ թվում՝ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում մարտի վերջին գրանցվեց բացասական ջերմաստիճան: Գյուղոլորտի մասնագետները՝ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը և «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, անդրադառնալով ցրտահարության վտանգին, «Փաստի» հետ զրույցում հայտնել են վնասների մասին, որոնք մեծ մասշտաբների չեն հասնում: Հրաչ Բերբերյանի խոսքով, գրեթե ամեն տարի այս ժամանակահատվածում սովորաբար վնասներ ունենում ենք:
«Այս տարի վնաս հիմնականում կրել է ծիրանենին: Կան տեղեր, որտեղ վնասները 20 տոկոս են կազմել, կան տեղեր՝ 50 տոկոս: Ինչ վերաբերում է բերքին հանրապետության մասշտաբով, ապա կորուստներն այդքան մեծ չեն՝ միջինը 10-12 տոկոս կարող են կազմել: Մասսայական ցրտահարություն չի եղել, թեպետ կան մարդիկ, որոնք իրավիճակն այդպես են ներկայացնում՝ փորձելով խուճապ առաջացնել մարդկանց մոտ, ինչը ճիշտ չէ»,-ասաց Հրաչ Բերբերյանը:
Գառնիկ Պետրոսյանի խոսքով էլ՝ այս պահի դրությամբ կորիզավոր պտղատեսակների մեծ վնասներ և կորուստներ չենք ունեցել: «Գարնանային ցրտահարությունների ընթացքում ամենամեծ վտանգի տակ հենց նշված պտղատեսակներն են՝ ծիրանենին, դեղձենին, կեռասենին, սալորենու տեսակները, բալենին: Հիմա, բարեբախտաբար, միայն առանձին հատվածներում են վնասները, բայց, ընդհանուր առմամբ, Արարատյան դաշտի գերակշիռ մասում պտղատուները քիչ են վնասվել: Վնասների վերջնական պատկերը պարզ կլինի մոտ 10-15 օրից, բայց այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ այս տարի կորիզավոր պտղատեսակների միջին բերք կունենանք: Որոշ հատվածներում խաղողի վաղահաս սորտերի առանձին բողբոջներ են ցրտահարվել, բայց նշվածը ևս էական ազդեցություն չի կարող ունենալ բերքի վրա»,-ասաց նա՝ նշելով, որ այլ մշակաբույսերը, նաև կարտոֆիլը ևս չեն տուժել:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում