Լրահոս
Օրվա լրահոսը

Չարությունը հետեւանք է, պատճառն ունայնությունն է

Ապրիլ 11,2023 10:00

Անցած կիրակի Սուրբ Հարության տոնի առթիվ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ շնորհավորանքով, որտեղ մեջբերում էր Դավթի թիվ 139 սաղմոսը: Իսրայելի թագավորն այդ սաղմոսում խնդրում է Աստծո օգնությունը՝ պաշտպանվելու համար չար մարդկանցից, որոնք իր դեմ որոգայթներ են լարում:

Ինչ խոսք, տարօրինակ է չարության դեմ քարոզը (թեկուզ ոչ հեղինակային) այն ղեկավարի կողմից, որի ներկայացուցիչներն ու կողմնակիցներն ամեն օր եւ ամեն րոպե չարություն, ատելություն եւ թշնամանք են սփռում, մարդկանց լարում են իրար դեմ՝ արթնացնելով ամենաստորին բնազդները: Գրեթե 5 տարի մարդիկ վհուկներ (այլ վարկածով՝ սատանաներ) են որսում, «5-րդ շարասյուններ» բացահայտում, գրեթե ամեն օր ագրեսիվ հարձակումներ են գործում իրենց ընդդիմախոսների վրա, եւ հանկարծ պարզվում է, որ նրանք դժգոհ են չարությունից:

Հանուն արդարության ասենք, որ մեր հասարակական կյանքը վերջին 30 տարիների ընթացքում ընդհանրապես աչքի չի ընկել աստվածաշնչյան արժեքների պահպանմամբ: Բայց հատկապես վերջին տասնամյակում է մարդկանց մեջ սերմանվել ծայրահեղ անհանդուրժողականությունը՝ դա արվում է հրապարակային ելույթներով ու վարքով, ինչպես նաեւ ֆեյքերի ֆաբրիկաների միջոցով: Այդ քարոզչությունը տվել է իր արդյունքները՝ 2018 թվականին տեղի ունեցավ իշխանափոխություն, եւ անգամ պարտության ազգային նվաստացումից հետո իշխանությունը մնում է նույնը՝ հենց այն չարության շնորհիվ, որը «վառ է պահվում» պաշտոնական քարոզչության ջանքերով:

Բայց չարությունը հետեւանք է, խորքային պատճառն ունայնությունն է (լատիներեն՝ vanitas): (Հիշո՞ւմ եք, Թոմաս Էլիոթը գրում էր սնամեջ մարդկանց մասին): Բայց ավելի լավ է մեջբերում անեմ նույն Աստվածաշնչից. «Արդ, այս բանն եմ ասում եւ վկայում Տիրոջով. դուք այլեւս չընթանաք այնպես, ինչպես որ այլ հեթանոսներն են ընթանում իրենց մտքի ունայնությամբ. նրանց մտքերը մթագնած են, եւ իրենք օտարված են Աստծո կյանքից՝ իրենց մեջ եղած տգիտության պատճառով, որն իրենց սրտի կուրության հետեւանքն է» (Եփեսացիներին, 4:17,18):

Տրամաբանական շղթան այսպիսով ակնհայտ է՝ ունայնություն (այսինքն՝ մեծ հաշվով անիմաստ, դատարկ բաների հետեւից ընկնելը) – տգիտություն – սրտի կուրություն: Ի՞նչ է սա, եթե ոչ չարության հիմքը: Դա նաեւ ներկայիս իշխանության քաղաքականության հոգեբանական հիմքն է: Այդ քաղաքականությունը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե հասարակությունը չապրեր ունայն արժեքներով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հենց այդ ունայն ւ չար մարդիկ են «չաքուջին» ընտրել

  2. Հայ says:

    Արդարություն պիտի լինի։
    Չարությունը առաջանում է արդարության բացակայությունից։
    Նախկինները պետք է երկիրը սեփական “դուքյան” դարձնելու համար պատասխան տան, նորերը՝ մարդկանց երեսին թքելու համար, սեփական երկիրը պաշտպանելու եկողներն էլ իրենց արածների համար պետք է պատասխանատու լինեն։ Ներել չի կարելի,մենք դեռ ձևավորվող պետություն ենք,մենք չենք կարող մեզ փափկություն ու ներողամտություն թույլ տալ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930