Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են ցավում հոդերն ու ինչու երբեմն չեն օգնում ներհոդային ներարկումները․ Վնասվածքաբան-օրթոպեդ Ստեփան Մաթոսյանը՝ հոդերի հետ կապված խնդիրների և դրանց բուժման հնարավորությունների մասին

Ապրիլ 11,2023 09:30

Հոդերի հետ կապված խնդիրները, մասնավորապես հոդերի ցավը զգալիորեն ազդում են մարդու կյանքի որակի վրա՝ երբեմն անգամ սահմանափակելով շարժումների ազատությունը։ Վնասվածքաբան-օրթոպեդ Ստեփան Մաթոսյանը մեզ հետ զրույցում պատմում է հոդացավի առաջացման պատճառների, ռիսկի գործոնների ու կանխարգելման մեթոդների մասին՝ հանգամանորեն անդրադառնալով նաև ծնկահոդում առաջացող խնդիրներին և բուժման հնարավորություններին։

Ինչո՞ւ են ցավում հոդերը․ հոդացավի առաջացման պատճառները

Ի՞նչ է ցավը․ ցավը մեր օրգանիզմի պատասխան ռեակցիան է արտաքին ազդակների նկատմամբ, որոնք նեյրոններով հասնում են մեր ուղեղին, որն էլ արձագանքում է, որ այստեղ ինչ-որ խնդիր կա․ այսինքն՝ օրգանիզմը մեզ ցավի միջոցով զգուշացնում է, որ մենք ունենք խնդիր և պետք է զբաղվենք դրանով։ Նույնը տեղի է ունենում հոդերում․ հոդերում ցավ կարող է առաջանալ տարբեր պատճառներով։

Առաջինը բորբոքումն է, որը զարգանում է հոդերում ինչ-ինչ պատճառներով, և օրգանիզմը ռեակցիա է տալիս։ Սովորաբար այս դեպքերում նշանակվում են հակաբորբոքային դեղամիջոցներ, ինչպիսիք են, օրինակ, «իբուպրոֆենը» կամ «դիկլոֆենակը», որոնք ունեն նաև ցավազրկող ազդեցություն, այսինքն՝ դրանք և՛ բուժում են՝ հանելով բորբոքումը, և՛ միաժամանակ ցավազրկում։

Հոդացավի պատճառ են հոդերի մեխանիկական խանգարումները․ հոդն ինքնին համաչափ է և իր երկու կամ երեք ոսկրանի բաղկացուցիչ մասերն իրար նկատմամբ համարժեք տեղային աշխատանք են կատարում, և եթե որևէ տեղ կոտրվածք է լինում, հարթ, ողորկ մակերեսը մեխանիկորեն խանգարվում է, և շարժման ժամանակ ցավ է առաջանում։ Նման դեպքերը սովորաբար լինում են ներհոդային կոտրվածքների ժամանակ։

Ցավի առաջացման երրորդ պատճառը հոդի մաշվածությունն է։ Ինչպես հայտնի է, ոսկրերի հոդամակերեսները պատված են աճառով՝ այն հարթ-ողորկ հյուսվածքով, որի շնորհիվ հոդում շարժումները համընթաց, հստակ ու նորմալ են ընթանում։ Երբ աճառը մաշվում է, բացվում է դրա տակ գտնվող ոսկորը, որը շատ նյարդային վերջավորություններ ունի՝ ի տարբերություն աճառի, որը նյարդեր չունի և դրա համար էլ ցավ չի զգում, ու քանի որ չունի նաև անոթներ, չի էլ սնուցվում ու վերականգնվում։ Օրինակ՝ երբ կոտրվում է ոսկորը, սնուցման արդյունքում կպչում է՝ դառնալով ոսկրային կոշտուկ, իսկ երբ վնասվում է աճառը, չի վերականգնվում և մաշվելով՝ բացում է նյարդային վերջավորությունները, որոնք, քսվելով իրար, առաջացնում են ցավային ազդակներ։

Հոդացավի առաջացման ռիսկի գործոնները

Կան ռիսկի մի շարք գործոններ, որոնք բերում են վերը նշված այս կամ այն խնդիրներին։ Ճարպակալումը, ավելորդ քաշն, օրինակ, բոլոր հոդերի համար ծանրաբեռնվածություն է։ Պատկերացնենք՝ 50 կգ քաշ ունեցող մարդը վերցնի 50 կգ-անոց ուսապարկ ու առավոտից իրիկուն չհանի այդ ուսապարկը․ ահա, թե ինչ են զգում հոդերն ավելորդ քաշի դեպքում․․․ դրանք բոլորը կսկսեն ցավալ։ Իսկ ավելորդ քաշի դեմ պայքարը, ինչպես հայտնի է, սկսվում է  բալանսավորված սննդակարգից։

Ռիսկի մեկ այլ գործոն են վնասվածքները՝ մեծ կոտրվածքներից մինչև մանր վնասվածքներ, որոնք առաջանում են հոդերում տարբեր տեսակի խնդիրների ժամանակ։ Ենթադրենք, մարդը բարձրությունից թռչում և ընկնում է գետնին․ կոտրվածք չի ունենում, բայց հոդերում աճառը, որը հայելու նման հյուսվածք է, ճաքում է և քանի որ ունակ չէ վերականգնվելու՝ գնալով մաշվում է՝ խորացնելով մաշվածությունը։

Միկրո և մակրո վնասվածքների մեջ մտնում է նաև սպորտը, որը գերծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար։ Ի վերջո, մեր օրգանիզմի հնարավորություններն անսահմանափակ չեն, և գերծանրաբեռնվածության արդյունքում գալիս է մի պահ, երբ օրգանիզմի կոմպենսատոր համակարգերը խաթարվում են և ի հայտ են գալիս խնդիրներ։ Իսկ այ ֆիզկուլտուրան, մարմնամարզությունն առողջարար են․ երբ մենք կանոնավոր կերպով անում ենք այսպես ասած «ռազմինկան», մարզվում ենք մեր մարմնի քաշին համապատասխան՝ անընդհատ շարժելով մեր հոդերն ու ջլերը, մեր հոդերի շարժունակությունը բարելավվում է։

Մենք պետք է հաշվի առնենք, որ օրգանիզմը գնալով ծերանում է, և կամաց-կամաց մաշվում են մեր բոլոր հյուսվածքները, և ինչպես մեր դեմքին են կնճիռներ հայտնվում, այնպես էլ ջլերի մեջ են առաջանում փոքրիկ վնասումներ՝ հետագայում հանգեցնելով մեծ վնասվածքների։ Մեր մարմինն անընդհատ չափավոր շարժման մեջ պահելով՝ մենք երկարացնում ենք ինչպես ողջ օրգանիզմի, այնպես էլ մեր հոդերի ու մկանների երիտասարդությունը։ Ի զուր չեն ասում, որ  շարժումը կյանք է։

Ռիսկի գործոնների մեջ են մտնում նաև տարբեր տեսակի էնդոկրին ու մետաբոլիկ խանգարումները, հիվանդությունները, որոնք իրենք են ախտահարում հոդաճառը, օրինակ՝ ռևմատիկ խնդիրները՝ ռևմատոիդ արթրիտը, որի դեպքում հոդաճառի մեջ ստեղծվում են հատուկ բջիջներ, որոնք վնասում են հոդաճառը՝ առաջացնելով աուտոիմուն գործընթացներ։

Ինչպե՞ս պաշտպանել հոդերն ու կանխարգելել հոդերի հետ կապված հիվանդությունները

Ցանկացած պաթոլոգիա ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Դրա համար այն, ինչ կոչում ենք «առողջ ապրելակերպ», ի զուր չէ ասված։  Սակայն պետք է հասկանանք, թե ո՞րն է առողջ ապրելակերպը՝ ամեն առավոտ 50 կմ հեծանիվ վարելը, թե՞ առավոտյան մի քանի կմ հեծանիվ վարելը կամ վազելը․ իհարկե՝ երկրորդը, քանի որ պետք չէ օրգանիզմն էքստրեմալ ծանրաբեռնվածության տակ դնել ու ծախսել այնքան էներգիա, որը հետագայում գուցե օրգանիզմը չկարողանա վերականգնել։ Քանի որ էներգիայի դիսբալանսը կարող է բերել օրգանիզմի մի շարք համակարգերի խանգարման։

Առողջ ապրելակերպ վարելիս մենք պետք է գտնենք այն ոսկե միջինը, որ չվնասենք, այլ՝ օգնենք։ Ուշադիր լինենք, թե ինչպես ենք սնվում, քանի որ սխալ սննդակարգը բերում է ճարպակալման, ինչը, արդեն հասկացանք, որ խնդիր է հոդերի համար։

Կանխարգելման միջոցներից մեկն էլ վնասակար սովորություններից՝ ծխելուց, խմելուց, տարբեր տեսակի թմրանյութեր օգտագործելուց խուսափելն է, քանի որ վերջիններս ախտահարում են օրգանիզմը՝ շատ ռեսուրսներ խլելով մարդուց։ Օրինակ՝ սիրտը, որը մշտական 80 զարկ րոպեում կծկվելու դեպքում կաշխատեր 100 տարի, եթե խփի 120 զարկ րոպեում, բնական է, որ չի կարողանալու աշխատել այդքան երկար։

Իսկ մարմնամարզության ու ֆիզիկական ակտիվության կանխարգելիչ դերի մասին արդեն խոսեցինք վերևում։

Ծնկան հոդի մաշվածություն, արթրոզներ․ առաջացման պատճառները

Ընդհանրապես ստորին վերջույթների հոդերը միշտ ավելի շուտ են մաշվում, քան վերին վերջույթների հոդերը, քանի որ մեր մարմնի ամբողջ ծանրաբեռնվածությունը ստորին վերջույթների վրա է ընկնում։ Նշեմ, որ անգամ ուսահոդի կամ արմնկահոդի խիստ արտահայտված արթրոզները չեն անհանգստացնում հիվանդին այնքան, ինչքան անհանգստացնում են կոնք-ազդրային, ծնկան կան սրունք-թաթային հոդերի արթրոզները։ Օրինակ՝ 3-րդ աստիճանի ուսահոդի արթրոզը հիվանդի մոտ  կարող է այնքան գանգատ չառաջացնել, որքան 2-րդ աստիճանի ծնկահոդի արթրոզը։ Ընդ որում, ստորին վերջույթի հոդերից ամենաշատն անհանգստացնում է ծնկահոդը, որովհետև ծնկահոդը մեր օրգանիզմի ամենաբարդ հոդն է, որը բաղկացած է 3 ոսկրից և պարունակում է ներհոդային շատ կառույցներ, մենիսկներ, կապաններ, ջլեր, որոնք էլ իրենց հերթին կարող են վնասվել՝ ավելի խորացնելով մաշվածության հետ կապված գանգատները։

Օրինակ՝ երկրորդ աստիճանի արթրոզով հիվանդի և երկրորդ աստիճանի արթրոզին զուգակցված մենիսկի վնասում ունեցող հիվանդի գանգատների միջև հսկայական տարբերություն կա։ Երկրորդ աստիճանի արթրոզ ունեցող մարդը հիմնականում գանգատվում է շուտ հոգնածությունից, աստիճաններով բարձրանալու դժվարությունից, նստած տեղից վեր կենալու բարդությունից, իսկ մենիսկի վնասման զուգակցման դեպքում մարդու բոլոր շարժումները, ինչպես նաև քայլելը շատ ցավոտ է դառնում։

Ահա թե ինչու է ծնկահոդն ավելի շատ  անհանգստացնում, քան մյուս հոդերը, որոնք այդքան բարդ կառուցվածք չունեն։

Ծնկահոդի մաշվածությունը լինում է մի քանի տեսակի․ առաջինը տարիքային մաշվածությունն է՝ ինվոլյուտիվ արթրոզը, երբ տարիքի հետ հոդն աստիճանաբար մաշվում է և հասնում ինչ-որ մի վիճակի, որը կոչվում է առաջնային գոնարթրոզ, այսինքն՝ վիճակ, որն առաջացել է ինքն իրենով, այլ ոչ թե ինչ-որ մի բանի հետևանքով։

Առաջնային գոնարթրոզ ենք համարում նաև բնածին խնդիրների հետևանքով առաջացած արթրոզները․ երբ մարդն, ասենք, ծնվել է այնպես, որ իր ծնկահոդում առկա կոճերը տարբերվում են չափսով կամ  ձևով, և դրա հետևանքով հոդի աշխատանքը խանգարված է ու այդ սխալ աշխատանքի հետևանքով առաջացել է ծնկահոդի մաշվածություն․ այս վիճակը կոչվում է նաև դիսպլաստիկ արթրոզ՝ այսինքն` սխալ զարգացած։

Մյուս արթրոզները երկրորդային արթրոզներն են, որոնք առաջանում են ինչ-որ բանի պատճառով։ Օրինակ՝ ունեցել ենք ազդրոսկրի կոճի կամ ոլոքի կոճի կոտրվածք կամ հոդի մեխանիկական խանգարում, ինչը հանգեցրել է արթրոզի առաջացման․ սա կոչվում է հետվնասվածքային արթրոզ։

Կարող են լինել տարբեր հիվանդությունների հետևանքով առաջացած արթրոզներ, օրինակ՝ ռևմատիկ արթրիտների, տարբեր տեսակի մետաբոլիկ խանգարումների հետևանքով առաջացած, մաշկային տարբեր հիվանդությունների, օրինակ՝ փսորիազի, փսորիատիկ արթրիտի և այլն։

Քովիդից հետո խիստ ավելացել են այսպես կոչված ասեպտիկ նեկրոզները, երբ առանց ինֆեկցիոն ագենտի զարգանում է ոսկրի նեկրոզ՝ քայքայում։ Սա նույն ինֆարկտն է, որը զարգանում է նաև ոսկրերում և ընդհանրապես ցանկացած հյուսվածքում, որի սնուցումը խանգարվում է։ Այս դեպքերը շատացել են քովիդի ֆոնի վրա, քանի որ այն ազդում է օրգանիզմի միկրոշրջանառության՝ մանր անոթներում արյան հոսքի վրա, ոսկրի մանր անոթներում առաջանում են փոքր թրոմբիկներ, որոնք էլ փակում են անոթը՝ անոթի շուրջ առաջացնելով նեկրոզ, ինչն էլ իր հերթին կամաց-կամաց բերում է արթրոզի առաջացման։

Մենք տարանջատեցինք առաջնային ու երկրորդային գոնարթրոզները, և, ինչպես տեսանք, դրանք հանգեցնում են աճառների մաշվածության, մաշվածությունը հետագայում անցնում է ոսկրերին, ոսկորներում սկսում են առաջանալ եզրային ելուստներ, որոնք սկսում են սեղմել իրենց շուրջ գտնվող կապանների, ջլերի վրա, որոնք էլ իրենց հերթին են փոփոխվում դրանց ազդեցությամբ ու ինչքան խորանում է գործընթացը, այնքան ավելի շատ բաղադրիչներ են ներգրավվում այդ գործընթացի մեջ և համապատասխանաբար այդքան ավելի դժվար է դառնում բուժումը։

Բուժման հնարավորությունները

Բուժման մեջ տարանջատում ենք ոչ վիրահատական ու վիրահատական բուժման եղանակները։ Ոչ վիրահատական բուժումն  էլ ներառում է դեղորայքային և ոչ դեղորայքային մեթոդները։ Դեղորայքային բուժումը ենթադրում է տարբեր տեսակի հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործում, որոնք հանում են բորբոքումն ու ցավազրկում, աճառը պահպանող դեղորայքներ՝ խոնդոպրոտեկտորներ, որոնք, լինելով աճառի կառուցվածքային միավորներ, ամրացնում են աճառները։ Կարևոր է իմանալ, որ խոնդրոպրոտեկտորներն արդյունավետ են լինում այն դեպքում, երբ բավականին երկարատև են օգտագործվում՝ գործելով կուտակային ազդեցություն։ Դրանք սկսում է օգնել նվազագույնը 2 ամիս օգտագործելուց հետո։

Դեղորայքային բուժման մեջ մտնում են նաև տարբեր տեսակի ներհոդային ներարկումները, որոնք հիմնականում երկու խմբի են բաժանվում․ առաջինը ստերոիդային ներարկումներն են, որոնք հակաբորբոքային շատ ուժեղ գործոն են իրենցից ներկայացնում և հիալուրոնաթթվի ածանցյալները, այսպես կոչված գելերը, որոնք ներհոդային հեղուկի փոխարինիչներ են և լցվելով հոդի մեջ՝ պատում են աճառային շերտը՝ շփումը դարձնելով ավելի դյուրին, շարժումները՝ անցավ։

Այստեղից էլ հասկանում ենք, որ այդ գելի ազդեցության կարևոր նախապայմանը աճառի առկայությունն է․ եթե հոդում ունենք հոդաճառ, այդ ներարկումներն արդյունավետ կլինեն, բայց եթե հոդաճառ չկա, այդ դեղը ոչ մի արդյունք չի տա։ Շատ ժամանակ պացիենտներն ասում են․ «Գիտեք բժիշկ, սրսկում ենք արել՝ օգուտ չի տվել»։ Ինչո՞ւ, որովհետև այդ ներարկումը ձեզ պետք չէր։ Քանի որ դուք հոդում այլևս չունեիք աճառ, ձեզ բուժման այլ մեթոդ էր հարկավոր։ Ընդ որում, մենք պետք է նկատի ունենանք, որ ներարկումային այս մեթոդի ազդեցության հավաստիությունը ամեն դեպքում 100 տոկոսանոց չէ։

Ոչ դեղորայքային բուժման մեջ մտնում են նաև հոդերի խնդիրների կանխարգելման մեթոդներ՝ մարմնամարզություն և այլն, ֆիզիոթերապիան, որը կրկին հակաբորբոքային գործոններ են պարունակում։

Վիրահատական բուժումը նույնպես բաժանվում մի քանի կատեգորիայի՝ կախված, թե որ աստիճանի է արթրոզը։

Նշենք, որ տարբերակում ենք 3 աստիճանի արթրոզ՝ առաջին, երկրորդ և երրորդ, ինչպես նաև կա պայմանական չորրորդ աստիճանը, որը ոչ թե արթրոզ է, այլ անկիլոզ, վիճակ, երբ հոդաճառները մաշված են այնքան, որ ոսկորն ամբողջությամբ ոսկորի վրա է նստած ու արդեն սկսվել են կպումներ առաջանալ՝ առաջացնելով շարժումների բացակայություն։

Արթրոզի ամեն մի աստիճանն ունի վիրահատական իր միջամտության եղանակը։ 

Առաջին աստիճանի պարագայում եթե դեղորայքային բուժումն օգուտ չի տալիս, մենք գնում ենք արթրոսկոպիկ վիրահատության, որի ժամանակ տեսախցիկով հագեցած հատուկ գործիքի օգնությամբ զննում ենք ներհոդային տարածությունը՝ պարզելով՝ կա՞ն արդյոք հոդաճառի վնասված հատվածներ, բորբոքված սինովիալ թաղանթ կամ ներհոդային մարմնիկներ և այլն ու արթրոսկոպիկ միջամտության ընթացքում դրանց լուծում ենք տալիս։

2-րդ աստիճանի արթրոզի ժամանակ նմանատիպ միջամտությունը շատ քիչ արդյունավետություն կունենա, որովհետև այնտեղ գործընթացներն ավելի խորն են, սովորաբար կա հոդի առանցքի շեղում, թեքվածություն և այս պարագայում պետք է կատարել այլ տեսակի վիրահատություն, որը կոչվում է շտկող օստեոտոմիա։ Օստեոտոմիան հայերեն նշանակում է ոսկրահատում,և անունն էլ հուշում է, որ շեղումների դեպքում մենք ոսկորը հատում ենք, ուղղում ու ֆիքսում այնպիսի դիրքում, որ առանցքն ուղիղ լինի, և համապատասխանաբար հոդում ծանրաբեռնվածությունը ճիշտ բաշխվի։

3-րդ աստիճանի արթրոզի ժամանակ արդեն սա էլ օգուտ չի տա ու կլինի թերի, քանի որ այդ դեպքում հիվանդը սովորաբար ունենում է և՛ աճառի մաշվածություն, և՛ առանցքի շեղում, և՛ այլ խնդիրներ։ 3-րդ աստիճանի դեպքում մենք գնում ենք էնդոպրոթեզավորման, այսինքն՝ փոխում ենք մաշված հոդը՝ փոխարենը դնելով արհեստական հոդ, որը հիվանդին ծառայում է այնքան, որքան որ պետք է։ Կա ևս մեկ մեթոդ 3-րդ աստիճանի դեպքում, երբ ոչ թե հոդն ենք փոխում, այլ անշարժացնում ենք այն․ ցավի պատճառը վնասված հոդում շարժումն է, արթրոդեզի ժամանակ մենք անշարժացնում ենք հոդը՝ երկու ոսկորն իրար կպցնելով։ Սա, իհարկե, այնքան էլ լավ վիրահատություն չէ, քանի որ մարդը զրկվում է շարժունակությունից, բայց կան դեպքեր, երբ ստիպված գնում ենք դրան, քանի որ էնդոպրոթեզավորում չենք կարող անել ինչ-ինչ պատճառներով։

Այսօրվա դրությամբ ամենառադիկալ ու արդյունավետ բուժումը էնդոպրոթեզավորումն է, որի ընթացքում մենք հեռացնում ենք բոլոր մաշված-վնասված հյուսվածքները, դնում ենք շապիկ ոսկորի վրա, որը պահում է ոսկորի նյարդային վերջավորություններն աճառային շերտի փոխարեն։

Այն հիմնականում շատ լավ ներմուծվում է օրգանիզմում, սակայն  շատ հազվադեպ դեպքերում կարող է, օրինակ, ալերգիկ ռեակցիա առաջանալ այն մետաղից, որից կազմված է արհեստական հոդը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Լուսանկարները՝ Ստեփան Մաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930