Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի»․ Արամ Օրբելյանը դատարանում թվարկեց Փաշինյանի «ոտնձգությունները»

Ապրիլ 10,2023 22:44

Հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով հերթական դատական նիստն էր։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2019թ. հուլիսին նա, լինելով ԲԴԽ նախագահ, կատարել է Սահմանադրությամբ եւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։ Մասնավորապես, նա «Signal» հավելվածով զանգել է իրեն ու պահանջել, որ փոխի «Ալավերդցի Վահագնի»՝ Վահագն Աբգարյանի հանդեպ կիրառված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին հաղորդում հետագայում ներկայացրել էր հենց Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվեց եւ մինչեւ այժմ պաշտոնավարում է որպես ԱԱԾ պետի տեղակալ։

Այսօր Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ներկայացրեց Վարդազարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն, որն ընթերցելիս նախ հղում արեց քաղաքական գործիչների՝ դատական իշխանության հասցեին արված հայտարարություններին։

Ուշագրավ է, որ դատավոր Վահե Դոլմազյանը հետաքրքրվեց՝ քաղաքական մարմնում՝ ԱԺ-ում արված հայտարարությունները, որոնք որակում եք «քաղաքական հետապնդում», այս դատապրոցեսի համար ի՞նչ նշանակություն ունեն։ «Ո՞ր կետով է նախատեսված, որ պաշտոնատար անձի հայտարարությունները մեկ այլ անձի հասցեին կարող են դրվել քրեական հետապնդումը բացառելու հիմքում»,-հարցրեց դատավորը։

Արամ Օրբելյանը պատասխանեց, որ կան հիմնավորումներ՝ փաստելու համար, որ եթե քրեական հետապնդումն իրականում նպատակ ունի մարդուն ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկելու, հանցավորության դեմ պայքարելու, այլ պաշտոնից հեռացնելու, մասնագիտական աշխատանքից զերծ պահելու, այլ դատավորներին ուղերձներ հղելու համար, ապա նման քրեական հետապնդումն օր առաջ պետք է դադարեցվի։

«Ցանկացած մարդ, որը չի դադարեցնում այդ գործընթացը, հետագայում համարվելու է հանցագործ»,-ասաց Արամ Օրբելյանը։

Նա նշեց, որ Ռուբեն Վարդազարյանի հանդեպ իրականացվող քրեական հետապնդումը չի կարող համարվել իրավաչափ եւ իրականում ունի ոչ իրավական ենթատեքստ․ «ՄԻԵԴ-ի տերմինաբանությամբ՝ դա «թաքնված օրակարգն» է։

Արամ Օրբելյանը նշեց, որ միջնորդությանը հավելվածի տեսքով կցել է իշխանության ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները դատական համակարգի եւ Ռուբեն Վարդազարյանի հասցեին՝ ցույց տալու համար ճնշումների աճը ԲԴԽ նախկին նախագահի հանդեպ․ «Ռուբեն Վարդազարյանի հանդեպ իրականացվող քրեական հետապնդումը վերջինիս լիազորությունների կապակցությամբ է։ Գործընթացն ամբողջությամբ առնչվում է նրա՝ ԲԴԽ նախագահ հանդիսանալուն եւ կապ չունի հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունները պատժելու հետ։ ՄԻԵԴ-ը կայուն նախադեպային պրակտիկա ունի առ այն, որ պետությանը տրված ուժային գործառույթներն այլ նպատակով չպետք է օգտագործվեն։ ՄԻԵԴ պրակտիկայում որպես «այլ նպատակ» կիրառվում է «թաքնված օրակարգ» եզրույթը»։

Պաշտպանը ՄԻԵԴ-ում քննված մեկ տասնյակից ավելի գործեր ու գանգատներ մեջբերեց՝ փաստելու համար, որ պատժելու, լռեցնելու, անձի գործունեությունը խոչընդոտելու, քաղաքական-տնտեսական ճնշումների նախադեպեր են եղել։

«Ըստ կոնվենցիայի՝ անձին պատժի ենթարկելը պետք է ուղղված լինի այն նպատակներին, որոնք նախատեսված են քրեական օրենսգրքով։ Եկեք դուրս գանք փողոց եւ մարդկանց հարցնենք՝ Ռուբեն Վարդազարյանին պատժում են, որպեսզի դատարանները լա՞վ աշխատեն, թե նրա համար, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանը լիներ ԲԴԽ ժամանակավոր պաշտոնակատար(այն ժամանակ)։

Հարյուր հոգուց 99-ը կասեն, որ նպատակն է՝ Ռուբեն Վարդազարյանը չլինի, նրա փոխարեն լինի Գագիկ Ջհանգիրյանը։ 100-րդ հոգին էլ կլինի Գագիկ Ջհանգիրյանը ու կասի, թե դրդապատճառն այլ է․․․ուրիշ տարբերակ չկա։ Ենթադրենք, դատախազը գալիս է դատարան ու ասում՝ Վարդազարյանին պետք է պատասխանատվության ենթարկենք, որպեսզի ԲԴԽ նախագահ լինի Ջհանգիրյանը։ Բայց պարզ է չէ՞, որ դա նման կերպ տեղի չի ունենում։ Խնդիրը պետության նպատակն է, եւ այստեղ ՄԻԵԴ-ը եւս ունի դիրքորոշում»,-շեշտեց Արամ Օրբելյանը։

Նա ընդգծեց նաեւ, որ Ռուբեն Վարդազարյանին իր լիազորությունների իրականացումից հեռացնելը տեւական ժամանակ գտնվել է քաղաքական իշխանության ուշադրության կենտրոնում, եւ վերջինս նախաձեռնել է ոչ իրավաչափ գործողություններ, որոնք վտանգել են ոչ միայն Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները, այլեւ դատական իշխանության անկախությունն առհասարակ եւ դատավորների անձեռնմխելիությունը․ «Ռուբեն Վարդազարյանը միակ դատավորն է, ում հանդեպ քրեական հետապնդում հարուցելու համար դատախազը չի դիմել ԲԴԽ-ին։ Կա հստակ փոխկապակցվածություն՝ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների, դրանց բնականոն իրականացման եւ նրա հանդեպ իրականացվող քրեական հետապնդման միջեւ։ Ռուբեն Վարդազարյանը թիրախավորվել է որպես դատավոր՝ որպես դատական իշխանության ներկայացուցիչ։ ՀՀ-ում թիրախավորվում են բոլոր դատավորները, եւ դրա ապացույցն է ԲԴԽ-ի աշխատակազմի այն հայտարարությունը, որում վիրավորական արտահայտություն է հնչել թեկնածուներից մեկի վերաբերյալ։ Ասվել է՝ «այն թեկնածուին է ձեռք տալիս տարածել այդ ստահոդ լուրերը․․․»։ Սա փաստում է, որ գործընթացը շարունակվում է։ Բացի այդ, Ռուբեն Վարդազարյանը թիրախավորվել է որպես ԲԴԽ նախագահ, որի լիազորությունն է երաշխավորել դատական իշխանության անկախությունը»։

Արամ Օրբելյանը հավելեց․ «Ի դեպ, քաղաքական իշխանության ներկայացուցիչները ԶԼՄ-ների հետ հաղորդակցվելիս երբեւէ չեն թաքցրել իրենց իրական նպատակներն ու շարժառիթները։ Նրանք գործել են նպատակադրված՝ իրենց ուղերձը հասցնելով հանրությանը։ Հարգելի դատարան, դուք հարցրիք, թե քաղաքական հայտարարություններն ի՞նչ կապ ունեն։ ՄԻԵԴ-ը դրա պատասխանն ուղղակի տվել է՝ հրապարակային խոսքում տեղ գտած արտահայտությունները, գրառումները, մարդու իրավունքների մասին զեկույցները, միջազգային զեկույցների արձագանքները փաստում են ժամանակագրական կապը։ Հարգելի դատարան, դուք չպետք է թույլ տաք, որ դատական իշխանությունը դառնա քաղաքական գործիք։ Երբ ես օգտագործում եմ «քաղաքական հետապնդում» տերմինը, ապա դա չպետք է հասկանալ որպես բացառապես քաղաքական ընդդիմախոսի հանդեպ կատարվող գործընթաց։ Քաղաքական իշխանությունը չի փորձել կոծկել այս հետապնդումների իրական շարժառիթները՝ շղարշելով դրանք իրավական կառուցակարգերով։ Օրենսդիր եւ գործադիր իշխանությունների նպատակներն ի սկզբանե պարզ էին Ռուբեն Վարդազարյանին եւ հասարակությանը։ Օրենսդիր եւ գործադիր իշխանություններն ուղղակիորեն արտահայտել են կարծիքներ, որոնցով նախատեսել են, որ Ռուբեն Վարդազարյանը պետք է դադարի լինել ԲԴԽ նախագահ, իսկ դատավորները պետք է որոշումներ ընդունեն այլ եղանակներով»։

Նման պայմաններում, ըստ Արամ Օրբելյանի, եթե առկա է քաղաքական դրդապատճառներից եւ պաշտոնից հեռացնելու նպատակով հարուցված քրեական հետապնդում, ապա, ըստ ՄԻԵԴ դիրքորոշման, այն պետք է դադարեցվի։ Ընդ որում, ինչպես Արամ Օրբելյանը մատնանշեց, հաղորդում ներկայացրած անձը՝ Անդրանիկ Սիմոնյանը, այս պահին գործադիր իշխանության պաշտոնյա է, ուստի հաղորդում ներկայացնելու եւ գործադիր իշխանություն տեղափոխվելու միջեւ չկա ժամանակային խզում․ նա տեղափոխվել է գործադիր իշխանություն եւ ներկայացրել Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդումը։

Արամ Օրբելյանի խոսքով՝ ստացվում է, որ այդ պաշտոնյան հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել է հենց այն ժամանակ, երբ հարմար պահն է եկել։

«Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Գագիկ Ջհանգիրյանը խոսել է այն մասին, որ Ռուբեն Վարդազարյանին հեռացնելու ակնհայտ ցանկություն կա։ 18թ․-ից հետո գործադիր իշխանության քաղաքականությունը ներառել է դատական իշխանության հանդեպ բազմաթիվ ճնշումներ՝ զրկելու համար անկախությունից եւ անաչառությունից։ Քաղաքական բնույթ ունեցող կոնկրետ գործերով տեղի ունեցած զարգացումները հանգեցնում էին դատական ողջ համակարգի հանդեպ հակաիրավական գործընթացների»,-համոզմունք հայտնեց Արամ Օրբելյանը։

Ապա Արամ Օրբելյանը թվարկեց 18թ․-ի իշխանափոխությունից հետո դատական իշխանության մասին բոլոր այն հայտարարությունները եւ գործողությունները, որոնք հնչել եւ իրականացվել են Նիկոլ Փաշինյանի կողմից եւ ձեռամբ (ստերեւ մեջբերումներն Արամ Օրբելյանի խոսքերից են).

-18թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին համացանցում հայտնվեցին Արթուր Վանեցյան-Նիկոլ Փաշինյան զրույցների գաղտնալսումները, որոնցում ԱԱԾ տնօրենը վարչապետից պարզում էր, թե ինչպես վարվի Յուրի Խաչատուրովի եւ Ռոբերտ Քոչարյանի գործերով՝ կալանավորի՞ նրանց, թե ոչ։ Գաղտնալսումների համաձայն՝ դատավորը վախեցած էր եւ զանգել էր ԱԱԾ տնօրենին՝ ճշտելու համար իր գործողությունների հաջորդականությունը։ Նիկոլ Փաշինյանը լավ էլ քննարկել է այդ ամենը, եւ որոշումն արդեն իսկ կայացված է եղել։ Դատական իշխանությունն էլ պասիվ դիտորդի դերում է եղել: Այդ գաղտնալսված ձայնագրություններում հնչել է արտահայտություն՝ «կալանքն ուզես-չուզես՝ պտի տաս»։ Փաստացի, հանրային հնչեղություն ունեցող գործերով կալանքի որոշումները համաձայնեցվել են անձամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ։

-2018թ․ օգոստոսին Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ դատարանների մասին խոսելով՝ շարունակել է նրանց հանդեպ ճնշումներ գործադրել։ Այդ հավաքից օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել կալանքից։ Փաշինյանն ասել է՝ «եղել են իրադարձություններ, որոնք հարց են առաջացնում․ մեր դատական համակարգը ֆիզիկապես եւ բարոյապես ունա՞կ է պայքարել կոռուպցիայի դեմ։ Հնչում են տեսակետներ, որ դատավորների մի մասը կոռուպցիոն համակարգն է սպասարկել․․․նախորդ իշխանությունից հրահանգներ ստացողներին ասում եմ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք»։

-ԲԴԽ կազմն անընդհատ փոխվում է պաշտոնանկությունների արդյունքում։ Սահմանադրության ուժով ԲԴԽ նախագահ էր դարձել Գագիկ Հարությունյանը, եւ նրա հետ հրաժարական տվեցին ԲԴԽ մյուս անդամները։ Նոր կազմ ձեւավորվեց։ Գրիգոր Բեքմեզյանը հրաժարական տվեց՝ ասելով, որ խախտումներ կան։ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական տվեց՝ասելով, որ չեն թողնում աշխատել։ Այսինքն, կա գործընթաց, որում միանձնյա որոշումներ են կայացվում։ Պետք էր ստանալ այնպիսի ԲԴԽ, որի անդամն արձանագրում է արդար դատաքննության իրավունքի խախտումը, բայց դրան «կողմ» է քվեարկում՝ պատժում է։ Այսինքն, իշխանությունը չի ուզում միջամտել դատական գործընթացին, որովհետեւ դա ռիսկային է, բայց ուզում է, որ դատավորներն իրենք իրենցով հասկանան ինչ որոշումներ կայացնեն, որոնք ցանկալի են իշխանության համար։ Սա է գործընթացի տրամաբանությունը։ Սա փաստում է այն, որ ԲԴԽ անդամները փոխվում են հրաժարականների պատճառով, ոչ թե իրենց ժամկետի ավարտի հիմքով։

-Դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելուց հետո Նիկոլ Փաշինյանը կոչ արեց արգելափակել  դատարանների մուտքերը՝ ի ցույց դնելով դատական իշխանության՝ գործադիր իշխանությունից կախվածությունը եւ այն, որ ցանկացած պահի, երբ դատարանի որոշումը ձեռնտու չի լինի գործադիր իշխանությանը, վերջինիս աշխատանքը կխաթարվի։ «Դատալեքս» համակարգի հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ օրը մոտ մի քանի հարյուր գործեր են հետաձգվել՝ դատարանների շրջափակման պատճառով։ Այդտեղ գտնվող մարդիկ հրմշտել են դատավորներին, իսկ ոստիկանությունը, որի պարտավորությունն էր ապահովել դատավորների ելումուտը, որեւէ բան չձեռնարկեց։ Քաղաքական իշխանության ներկայացուցիչները եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը ներկա էին այդ շրջափակումներին։ Ուստի դա ինքնաբուխ չէր, այդ մասին նախապես հայտարարվել էր։

-Նիկոլ Փաշինյանը 2019թ․ հունիսին հայտարարել է, որ դատական համակարգը չունի ժողովրդի վստահությունը։ Այսինքն, ինքն է դա որոշել։ Ուղղակի՝ օդից որոշել է։ Ասել է՝ «դատական համակարգի իշխանությունը չի բխում ժողովրդից, ունի լեգիտիմության խնդիր, ճգնաժամ․․․ինչի էսօր ՀՀ-ում դատավոր կա, որը վարչապետի ասածը կարող է չանե՞լ»։ Սա գործադիր իշխանության ղեկավարի մերկապարանոց պնդումներն են։ Հիմա մարդկանց զգալի մասը կրկին սկսել է մտածել, որ ավելի լավ է քաղաքական տանիք ման գա, քան դատարան դիմի։

-2019թ․ հուլիսին Նիկոլ Փաշինյանն ասել է՝ «պարզվում է, որ դատական համակարգն իրեն անտեր է զգում, տեր է ման գալիս։ Երբեմն ՀՀ-ից դուրս են տեր փնտրում, որովհետեւ սովոր են տեր ունենալուն, եւ տիրոջ ձեռքը փայտ պետք է լինի։ Էս ա մեր դատական համակարգը, որն անհամատեղելի է նոր ՀՀ-ի հետ»։ Դատախազությունն այս խոսքերի առիթով քրեական գործ չի հարուցել։ Փաշինյանը միակ ղեկավարն է, որը փաստացի միջամտել է դատական գործերին՝ առնվազն երկու դրվագով։ Դատարանների շրջափակման փաստով հաղորդում է տրվել հանցագործության մասին, բայց մերժվել է։ Ես էլ եմ ներկայացրել, Նաիրա Զոհրաբյանն էլ։

-Փաշինյանն ասել է, որ դռների տակ դատավորները վնգստում են։ Ասել է, որ գալիս է վնգստացող դատավորների հերթը, որոնք պետք է վեշերը հավաքեն։ Այսինքն, գործադիր իշխանության ղեկավարը խոսում է ոչ թե ընկալելի գործընթացի մասին, այլ վեշերը հավաքելու։

-2020թ․ նոյեմբերի իննին եւ դրան հաջորդող իրադարձությունների շրջանակում եղան կալանավորումներ, ինչի արդյունքում իշխանությունը նորից թիրախավորեց դատական իշխանությանը։ Եւ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատավորներին կոչ հղեց։ Նոյեմբերի իննին ստորագրվել է կապիտուլյացիոն համաձայնագիր, որով ՀՀ տարածքի մի մասը տրվել է Ադրբեջանին, եւ կրկին չի հարուցվել քրեական գործ։ Հետո եղան անկարգություններ Երեւանում, եղան քրեական գործեր, եւ Ռուբեն Վարդազարյանն արեց այն կոչը, որի համար այսօր այստեղ ենք։ Նա ասաց՝ օրհասական պահն է, որպեսզի դատավորներն ի ցույց դնեն բարձր պրոֆեսիոնալիզմ եւ նվիրում հայրենիքին։ Այսինքն, այս հայտարարությամբ ԲԴԽ-ն դատավորներին կոչ է արել ապահովել իրենց մասնագիտական գործունեությունը եւ չտրվել ընդդիմադիր-ՔՊ քաղաքական ուժերի հորդորներին։

-2020թ․ նոյեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը գրառում է անում, ամենայն հավանականությամբ, ոչ սթափ վիճակում։ Մասնագետ չեմ, հոտը չի գալիս, բայց ենթադրում եմ խոսույթից։ Նա դիմելով առաջնագծի տղաներին, ասում է, որ «սպասում եմ ձեզ Երեւանում՝ վերջնական լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։

Ամփոփելով՝ Արամ Օրբելյանը նշեց, որ դատական իշխանության մասին «վնգստացող» եզրույթը պարբերաբար օգտագործվել է գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից՝ դատավորներին թիրախավորելու նպատակով․ «Որ ասում է «վնգստացողներ», ակնհայտորեն նկատի ունի դատավորներին։ Նկատի չունի այն, որ իր պատի տակ վնգստացող շուն կար, որը խանգարում էր․․․վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ դատական իշխանության անկախությունը գործադիր իշխանության համար նշանակություն չունի։ Իշխանությունն անգամ չի պատկերացնում իշխանության թեւերի տարանջատման հայեցակարգը, դրա նշանակությունը իրավական-ժողովրդավարական երկրում»։

Արամ Օրբելյանի բավականին ծավալուն միջնորդությունն այսքանով չավարտվեց։ Հաջորդիվ նա ներկայացնելու է իշխանության ներկայացուցիչների՝ անձամբ Ռուբեն Վարդազարյանին հասցեագրած հայտարարությունները, որոնք, պաշտպանի խոսքով, փաստում են Վարդազարյանի հանդեպ քրեական հետապնդման անվան տակ այլ նպատակներ հետապնդելը։ Միջնորդության շարունակությունը կհրապարակվի հաջորդ դատական նիստում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930