Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստն այսօր բավական ուշագրավ ընթացք ստացավ: Դատարանում, կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին հաշտության գալու մասին:
Դատավորի հարցին ի պատասխան պաշտպան Գորիկ Միրզոյանը տարակուսեց այն առիթով, որ նախաքննական փուլում իրենք դատախազության հետ հաշտության գալու պայմանավորվածություն են ունեցել եւ ենթադրյալ ապօրինի գույքի օրինականությունը հաստատող մի շարք փաստաթղթեր են ներկայացրել, սակայն, իրենց համար անակնկալ ձեւով, հետագայում վարույթ է հարուցվել:
Կարդացեք նաև
Պետական մեղադրող Նաիրա Արտաշեսյանն էլ հայտարարեց, որ որոշ գույքի մասով փաստաթղթեր են ներկայացվել, որոշ դեպերով գույքն օրինական է ճանաչվել, սակայն, որոշ գույքի վերաբերյալ էլ պատշաճ փաստաթղթեր, ասել է թե բնօրինակներ, չեն ներկայացվել, ինչը կասկած է հարուցել: Պաշտպանական կողմը դեմ չէ դատախազությանը թե բնօրինակներ ներկայացնել, թե գույքի օրինականությունը հաստատող հավելյալ այլ փաստաթղթեր: Ամեն դեպքում, հաջորդ դատական նիստի ժամանակ պարզ կդառնա՝ կողմերը կգնա՞ն հաշտության, թե՝ ոչ:
Իսկ մինչ այդ Հովիկ Աբովյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպաններ Գորիկ Միրզոյանը եւ Կարեն Հակոբյանն իրենց առարկությունները ներկայացրեցին դատախազության հայցի դեմ:
Հիշեցնենք, գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Հովիկ Աբովյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից՝ հօգուտ ՀՀ–ի պահանջում է բռնագանձել 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում: Դատախազության կարծիքով, այդ գույքը չի հիմնավորվում նրա եկամուտներով։ Հովիկ Աբովյանի դրամական միջոցները 2018-ին, պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ, կազմել են 8 մլն 600 հազար դրամ և 14 հազար 500 դոլար։ Որպես եկամուտ նախկին մարզպետը հայտարարագրել է աշխատավարձը՝ 3 մլն 932 հազար 369 դրամ, և ստացած փոխառությունը՝ 2 մլն 145 հազար դոլար։ Աբովյանի կինը՝ Աննա Ազատյանը 2014-ին որպես դրամական միջոց հայտարարագրել է 135 մլն դրամ և 400 հազար եվրո։ Ազատյանն իր 2017 թ. տարեկան հայտարարագրում որպես դրամական միջոց հայտարարագրել է 90 միլին դրամ, որը տարեվերջին նվազել է՝ կազմելով 26 մլն 600 հազար դրամ և 372 հազար 500 եվրո, որը հարկային տարվա վերջին կազմել է 296 հազար 500 եվրո։
Աբովյանի դուստրը՝ Անուշ Աբովյանը, իր 2014 թ. տարեկան հայտարարագրում հայտարարագրել է TOYOTA RAV 4 2.0 GAS, որը գնել է տվյալ տարում, 15 մլն դրամով։ Աբովյանի որդին ՝ Աշոտ Աբովյանը 2014 թ. –ին հայտարարագրել է MERCEDES-BENZ G55 AMG, որ գնվել է 20 մլն դրամով: Որպես եկամուտ նա հայտարարագրել է 1 մլն 320 հազար դրամ աշխատավարձը։Աբովյանը 2008-ին կնոջ՝ Աննա Ազատյանի հետ դարձել է չեխական «EXABELLO» ՍՊԸ-ի սեփականատեր և այն վերանվանել «ZIKATAR»: «ZIKATAR»-ում նախկին մարզպետն ունեցել է 51 տոկոս բաժնեմաս՝ 102.000 կրոն: Ըստ դատախազության` գույքի բռնագանձման անհնարինության դեպքում անհրաժեշտ է Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել դրանց միջին շուկայական արժեքները՝ 1 մլրդ 256 մլն 765 հազար դրամ։ Բացի այդ, պահանջ է ներկայացվել բռնագանձելու նաև երեք շարժական գույք, չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 1 մլն 608 հազար 540 դրամ: Նաեւ՝ 2019թ․-ին Տավուշի մարզի Պտղավան գյուղում՝ Աբովյանի որդու և նրա կնոջ կողմից ձեռք բերված բենզալցակայանի բռնագանձում։
Պաշտպանական կողմն ամբողջությամբ է մերժում դատախազության հայցը՝ պնդելով, որ Հովիկ Աբովյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց գույքը օրինական է ձեռք բերված, ինչի մասին գրավոր ապացույցներն առկա են, որոնք գործի քննության ընթացքում կներկայացվեն դատարանին: Պաշտպանական կողմը վիճարկվող ժամանակահատվածի համար, յուրաքանչյուր տարվա կտրվածքով, ներկայացրեց իր առարկությունները եւ փաստարկները: Ուշագրավ էր Տավուշի մարզում վիճարկվող անշարժ գույքերից մեկի՝ հյուրանոցի հետ կապված պաշտպանական կողմի ներկայացրած հակափաստարկները: Ըստ այդմ, հյուրանոցը կառուցվել է 2002-2005 թվականներին, դեռ Աբովյանի՝ ԽՍՀՄ-ժամանակաշրջանում ունեցած խնայողությունների դիմաց ստացված գումարից եւ գյուղատնտեսական նպատակով ձեռք բերված վարկի գումարներով գնված շինանյութերով:
Վարկն, ըստ պաշտպանների, նպատակային է օգտագործվել, իսկ այդ գործից ստացված շահույթը նպատակաուղղվել է հյուրանոցի շինարարության գործին: Ըստ պաշտպանների, շինանյութը որոշ դեպքերում նույնիսկ ինքնարժեքով է ձեռք բերվել: Դատախազության փաստաթղթերով սույն գույքը գնահատվել է 241-280 միլիոն դրամ, սակայն, պաշտպանական կողմի պատվիրած արտադատական փորձաքննության արդյունքներով, հյուրանոցի շինարարությունը 37 միլիոն դրամ է արժեցել: Ավելին, 2005-ին շինությունը գրավադրվել է 67 միլիոն դրամով, դրա դիմաց ստացված վարկը կազմել է 80 միլիոն դրամ: Բացի այդ գույքը գտնվում է սահմանային գոտում եւ գնահատումով էականորեն ավելի նվազ արժեք ունի:
Ինչ վերաբերվում է Հովիկ Աբովյանի դստեր անունով գրանցված թանկարժեք մեքենային, այն նրան նվիրել է նշանածը, իսկ որդու անունով գրանցված թանկարժեք մեքենայի իրական սեփականատերը Հովիկ Աբովյանի եղբայրն է՝ Արմեն Աբովյանը. մեքենան ընդամենը ներմուծվել է Հայաստան եւ հաշվառվել Հովիկ Աբովյանի որդու՝ Աշոտ Աբովյանի անունով: Որոշակի գույք եւ տրանսպորտային միջոցներ էլ Հովիկ Աբովյանի եղբայրն է նրա ընտանիքի անդամներին նվիրել. վերջինս ՌԴ-ի Ուֆա քաղաքում է բնակվում եւ խոշոր գործարար է:
Մանրամասները՝ տեսանյութում
Պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերով, Հովիկ Աբովյանը դեռ 1990-ականներից թանկարժեք մեքենաներ է ունեցել, դրանք վաճառել է, տարբեր վարկեր է վերցրել, շենք-շինություններ է կառուցել: Ավելին, նա մեծ ֆինանսական պարտավորություններ էլ ունի, որոնք, ըստ նոտարական վավերացում ստացած մուրհակի, պետք է մարի մինչեւ 2033 թվականը:
Մանրամասները՝ տեսանյութում
Հովիկ Աբովյանի որոշակի ծախսեր պաշտպանները հիմնավորում են Օնիկ Մուրադյանի կողմից տրամադրված փոխառությունների հաշվին, սակայն, ըստ դատախազի, փոխառությունների տրամադրման նշված ժամանակահատվածում, Օնիկ Մուրադյանն այդքան դրամական միջոցների չի տիրապետել, որպեսզի փոխառություն տրամադրեր: Պաշտպանները հայտարարեցին, որ Օնիկ Մուրադյանը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել, ինչից էլ գոյացել են նրա գումարները եւ այդ շրջանում նա բավարար միջոցների տիրապետել է՝ փոխառություն տալու համար: Աբովյանների ընտանիքի սեփականություն հանդիսացող գազալցակայանների մասով պաշտպանները հայտարարեցին, որ դրանք համատեղ բիզնես են, ֆինանսական ողջ ներդրումը կատարվել է սփյուռքում բնակվող մեր հայրենակից Կարեն Վարդանյանի կողմից. կառավարման աշխատանքները կատարել է Հովիկ Աբովյանը, շահույթը բաժանվել է՝ 50-50 հարաբերակցությամբ. դատախազը տարակուսեց, քանի որ նրա պատկերացմամբ, օբյեկտիվ իրականության մեջ, դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ ներդրումը կատարում է մեկ սեփականատերը, իսկ շահույթը հավասար է բաժանվում:
Պաշտպանական կողմի դիտարկմամբ՝ տարօրինակ ոչինչ չկա, քանի որ մեկը ներդրել է ֆինանսական միջոցներ, մյուսը՝ աշխատանքը: Բացի այդ, Կարեն Վարդանյանը արտասահմանում բնակվող մեծահարուստ հայ է եւ այդ բիզնեսը նրա համար ոչ այնքան եկամտի աղբյուր է, որքան ներդրում Հայաստանում:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ