Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Տեղ գյուղի մատույցներում ադրբեջանցիների առաջխաղացմանը՝ ասաց. «Դեռ մի շտապեք: Ադրբեջանը Նախիջեւանի ճանապարհին է: Ես երեկ իմ ֆեյսբուքյան էջում նորից դրեցի 2022 թվականի հունիսի 16-ին տնից ունեցած իմ լայվերից մեկը, որտեղ ասում եմ, որ սրանք ուզում են սահմանի հինգ կիլոմետրանոց հատվածը Տեղ գյուղի շրջանում դեմարկացիա-դելիմիտացիա անեն, որ այնտեղից Լաչինի միջանցքի ճանապարհը փակեն: Այդ ժամանակ դեռ Արցախի ճանապարհը բաց էր, բոլորը գնում-գալիս էին: Ես ասում էի, որ սրանք բոլորը հանձնում են:
Այսօր ադրբեջանցիները եկել, Տեղ գյուղում դրոշը խփել՝ նստել են: Հիմա հարց եմ ուզում տալ մտածելու ունակություն ունեցող բոլոր մարդկանց: Կարո՞ղ եք ինձ ասել, թե դա ո՞ր փաստաթղթով է: Եթե նոյեմբերի 9-ից հետո որեւէ նոր փաստաթուղթ չի ստորագրվել, Ադրբեջանի հետ, այսպես ասած, խաղաղության պայմանագիր չի կնքվել, սահմանների դեմարկացիա-դելիմիտացիա չի իրականացվել, Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի համանախագահությամբ ստեղծված հանձնաժողովը ոչ մի համատեղ նիստ չի արել, ոչ մի քարտեզ չեն դրել, հանձնաժողովով նայել՝ արձանագրություն կազմել, հավելված կցել, ոչ մի նման բան տեղի չի ունեցել, կարո՞ղ եմ ես իմանալ, թե մեր զորքը ինչո՞ւ է հետ քաշվել ու թուրքերը գալիս-նստում են մեր երկրի տարածքում:
Իսկ Իլհամ Ալիեւը հայտարարել է, չէ՞, որ Զանգեզուրի միջանցք եզրույթ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գոյություն չունի: Նա հաստատում է, որ դա ինքն է հնարել՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները եւ աշխարհաքաղաքական նոր իրավիճակը:
Զանգեզուրի միջանցք ունենալու մասին 2021 թվականի հունիսի 15-ին, նույն օրը, երբ որ Նիկոլ Փաշինյանը Կապանում մի գունավոր բանտիկով մուրճ էր ճոճում, ասում. հայեր, հեսա ես գալու եմ իշխանության ու այս մուրճը խփելու եմ ձեր բոլորի գլխին, այդ նույն ժամանակ օդային ճանապարհով մոտ 30 կիլոմետր հեռու՝ Շուշի քաղաքում, Իլհամ Ալիեւն ու Ռեջեբ Թայիպ Էրդողանը ստորագրում էին «Շուշիի հռչակագիրը», որի հիմնական բաղադրիչն է՝ ադրբեջանա-թուրքական ռազմական փոխօգնությունը եւ «Զանգեզուրի միջանցքի» համատեղ շահագործումը: Դրանից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում սկսվել ու չեն ավարտվելու անժամկետ թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որին անձամբ մասնակցել են Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները, իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարը այնտեղից հայտարարել է, որ թուրքական զորքերը կմնան Ադրբեջանի տարածքում այնքան ժամանակ, քանի դեռ չի բացվել «Զանգեզուրի միջանցքը»,- հիշեցրեց Էդգար Ղազարյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ