Լրահոս
Օրվա լրահոսը

«Թերություններով մեղադրանքն «ապրեցնելը» դատարանի խնդիրը չէ»․ Վարդազարյանի պաշտպանը՝ դատարանին

Ապրիլ 10,2023 20:00

Հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով հերթական դատական նիստն էր։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2019թ. հուլիսին նա, լինելով ԲԴԽ նախագահ, կատարել է Սահմանադրությամբ եւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։ Մասնավորապես, նա «Signal» հավելվածով զանգել է իրեն ու պահանջել, որ փոխի «Ալավերդցի Վահագնի»՝ Վահագն Աբգարյանի հանդեպ կիրառված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին հաղորդում հետագայում ներկայացրել է հենց Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվեց եւ մինչեւ այժմ պաշտոնավարում է որպես ԱԱԾ պետի տեղակալ։

Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատավորին ներկայացրեց բացարկ հայտնելու միջնորդություն, որի հիմքում դրված են դեռեւս 22թ․ նոյեմբերին Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործը կարճելու եւ նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդության վերաբերյալ դատարանի որոշման մեջ արձանագրված ձեւակերպումները(այդ միջնորդությունը մերժվել էր):

Ըստ Արամ Օրբելյանի՝ այդ գնահատականներով դատարանը փոփոխել է մեղադրական եզրակացության իրավական գնահատականը՝ կատարելով դիտարկումներ, որոնք բնորոշ են դատավճռի կայացման փուլին․ «Մինչդեռ դատարանը չի կարող դուրս գալ մեղադրանքի սահմաններից եւ հանդես գալ մեղադրանքի կողմում։ ՍԴ-ն այս առնչությամբ արձանագրել է, որ դատարանը գործը քննում է ըստ ներկայացված մեղադրանքի եւ իրավասու չէ դուրս գալու մեղադրանքի շրջանակներից։ Դատարանի գործառույթը չէ փորձել փրկել մեղադրանքը կամ արհեստական եղանակներով պաշտպանել այն։ Տվյալ դեպքում դատարանը դուրս է եկել մեղադրանքի սահմաններից՝ օրենքը մեկնաբանելով այնպես, որ այն ցանկացած դեպքում անբարենպաստ է Ռուբեն Վարդազարյանի համար։ Գործ ունենք ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի հետ, որն արտահայտվել է մեղադրանքի կողմի դիրքորոշումները վերահաստատելով։ Թերություններով մեղադրանքն «ապրեցնելը» դատարանի խնդիրը չէ։ Այսպես կասկածի տակ է դրվում դատարանի անկողմնակալությունը»։

Ապա Արամ Օրբելյանն ընթերցեց դատարանի որոշման այն հատվածը, որը վերաբերում է նախորդ եւ գործող քրեական օրենսգրքի երկու հոդվածներն ապաքրեականացված համարելուն, եւ ինչը հիմք է տվել իրեն նման միջնորդություն ներկայացնելու։

Պաշտպանի խոսքով՝ Ռուբեն Վարդազարյանին առաջադրված մեղադրանքը ապաքրեականացված է եղել, մինչդեռ դատարանը, այն չկարճելու պայմաններում կարծիք է հայտնել ՔՕ երկու հոդվածների համապատասխանության մասին՝ հանդես գալով մեղադրողի դիրքերից։ Մեկ այլ դրվագով, ինչպես Արամ Օրբելյանը նշեց, դատարանը գնահատական է տվել օրենսդիր մարմնի իրավաչափությանը, մինչդեռ նման իրավասություն ունի տալու միայն ՍԴ-ն։

Մեղադրող դատախազ Աշոտ Ժամկոչյանը կարծիք հայտնեց, որ Արամ Օրբելյանի միջնորդությունը պատճառաբանված եւ հիմնավորված չէ․ «Այդ դատական ակտը բողոքարկված է, եւ քննարկումը կծավալվի վերաքննիչ ատյանում։ Ուստի հարցի քննարկումը վերադաս ատյաններում պետք է արվի, ոչ թե դատարանի ինքնաբացարկի պայմաններում»։

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Վահե Դոլմազյանը բացարկ հայտնելու միջնորդությունը մերժեց։ Դա նշանակում է, որ այս գործը շարունակելու է քննել Վահե Դոլմազյանը։

 

Լուիզա ՍՈՒՔՒԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930