ԱՄՆ-ում գործող «Ճշմարտության եւ արդարության կենտրոն» փաստահավաք կազմակերպությունը արբանյակային պատկերներով փաստագրել է 2023 թ. հունվարի 13-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Աղավնո գյուղի ամբողջական ոչնչացումը:
Aravot.am-ի հետ զրույցում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն ասաց. «Ես դեռ երբվանից էի ասում, որ եթե Աղավնոն հանձնվում է, ադրբեջանցիները գալու են Տեղ գյուղի տակ ու անմիջապես առաջխաղացումը սկսելու են: Իրենց տեսլականում կար, որ Աղավնոն պետք է ռազմաբազա լինի, որտեղ պետք է ամրանալ: Դա իրենց համար շատ կարեւոր առանցքային դիրք է: Բնականաբար, օրինաչափ է, որ եթե քանդում են, այդտեղ քաղաք չեն սարքում: Կարծում եմ, որ սա հասկանալու համար պետք չէ վերլուծաբան լինել, սա ռացիոնալ քաղաքականություն է, որ յուրաքանչյուր պետություն, որն ունի ազգային անվտանգության ռազմավարություն, պետական զարգացման ծրագիր, պիտի հաշվի առներ: Եվ այս առաջխաղացումներն անընդհատ լինելու են, պարբերաբար են կրկնվելու են, վախի մթնոլորտը շարունակվելու է: Արդեն Սիսիանի գյուղեր են ադրբեջանցիները մտնում»:
Թե որն է այս ամենից ձերբազատվելու լուծումը, ի պատասխան Սուրեն Պետրոսյանը նշեց. «Այդ հարցին ավելի ուշ կպատասխանեմ, դրա հետ կապված բավականին մեծ աշխատանք ենք կատարել, մոտավորապես երեք դոկտորական աշխատանքի չափ, ընդ որում՝ ոչ թե տեսական: Դրա բոլոր պատասխանները, թե իրականում ինչ է հնարավոր անել, կներկայացնենք մի 10-15 օրից: Դա տեսականորեն այլընտրանք չունի եւ գործնականում հնարավոր է իրականացնել: Եվ կարճ ժամանակի մասին է խոսքը՝ մեկ կամ մեկուկես տարվա ընթացքում ամբողջ խորքային փոփոխության մասին: Մեր ուսումնասիրությունն ունի եւ պատմական, եւ գիտական հենք: Որեւէ մեկը չի կարող ասել, որ եթե պատմության մեջ ինչ-որ փոփոխություն է եղել, եղել է՝ առանց այդ գործոնների հաշվի առնման եւ իրականացման: Ամենակարեւորը՝ պետք է հուսահատ վիճակից դուրս գանք, եւ բոլոր լուծումները շատ առարկայական են»:
Սուրեն Պետրոսյանն ընդգծում է, թե մեզ անընդհատ հրամցնում են, որ այլ ընտրություն չունենք, ինչը նրա ձեւակերպմամբ՝ ամենամեծ անհեթեթությունն է. «Ամենացավալին այն է, որ մեզ անգամ Արցախն ազատագրելուց հետո են այդ օրակարգերը տվել, որ միեւնույն է՝ ավելի ուժեղ չենք կարող լինել: Նույնիսկ հաղթած ժամանակ են դա ասել: Մինչդեռ այն մարդը, որ նման բան է ասում, ուրեմն գնում է մարդաբանությանը հակառակ, պատմությանը, ամեն ինչին հակառակ; Դա ամենամեծ անհեթեթությւոնն է: Սա բոլորովին մեր օրակարգը չէ: Եթե այդպես լիներ, ուրեմն պետք է ոչ քարտեզներ փոփոխվեին ժամանակի ընթացքում, ոչ էլ այլ բան, եւ պատմությունն ունենար միայն մեկ ուղղություն՝ մեծ պետությունները մեծանային, փոքրերը վերանային: Չկա նման բան: Նորից եմ կրկնում՝ սա մի օրակարգ է, որը մեզ հետ կապ չունի, այն հակագիտական է, հակապրակտիկ եւ այլն: Մեր ամենամեծ խնդիրն է լինելու հիասթափության ֆոնը հաղթահարելը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Սուրեն Պետրոսյանն ի սկզբանե պնդում էր, թե Աղավնոն համակարգված ձեւով հանձնվում է: Նա վստահ էր, որ Բերձոր և Աղավնո համայնքների համար հնարավոր է ինքնապաշտպանություն կազմակերպել, ինչ նպատակով էլ ընտանիքով գտնվում էր Աղավնոյում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ