Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշվեց լրամշակել առաջարկվող բարեփոխումների փաթեթը. կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի 15-րդ նիստը

Ապրիլ 10,2023 18:12

Ապրիլի 7-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի 15-րդ նիստը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ։ Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՓՄՁ խորհրդի անդամ բիզնես ասոցիացիաներն ու ոլորտային բիզնես հատվածի ներկայացուցիչներ։

Օրակարգային հարցերի թվում էին գործատուի կողմից օրենքով սահմանված կարգով աշխատավարձը չվճարելու կամ չհաշվարկելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով սահմանված պատասխանատվության վերանայման հնարավորությունները։ Ներկայիս ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների համաձայն գործատուի մեղքով աշխատավարձի վճարման ուշացման պարագայում, գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: Բացի այդ, ըստ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի կազմակերպության տնօրենին նշանակվում է տուգանք չվճարված աշխատավարձի 25%-ի չափով` անկախ այն փաստից աշխատավարձի վճարումը ուշացվել է 1 oրով, թե 4 ամսով: Քննարկվող լուծումները վերաբերում էին վարչական տուգանքի չափի հաշվարկանը, ինչպես նաև պատասխանատվություն կրող սուբյեկտին։

Հարցի քննարկման ընթացքում իրենց դիրքորոշումն ու մոտեցումները հայտնեցին և քննարկեցին Արդարադատության նախարարության ներկայացուցիչը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչը և ՓՄՁ խորհրդի անդամները։ Արդյունքում որոշվեց, որ պատասխանատվության պետք է ենթարկվի իրավաբանական անձը (ներկայիս ֆիզիկական անձի փոխարեն), առաջին խախտումը պետք է հանգեցնի գործատուին նախազգուշացմանը, իսկ երկրորդ իրավախախտման դեպքում պատժի չափը ենթակա է հավելյալ քննարկման և վերջնական որոշման առաջիկայում։

Հաջորդ օրակարգային հարցը վերաբերում էր Հայաստանում օպցիոնի պայմանագրի հասկացության, դրա կիրառման հիմնական պայմանների և իրավակարգավորող դաշտի ստեղծմանը։ Քննարկմանը իրենց դիրքորոշումը հայտնեցին Կենտրոնական բանկի ներկայացուցիչը և Պետական կադաստրի ներկայացուցիչը, ինչպես նաև ներկայացվեց խորհրդի փորձագիտական թիմի մոտեցումը։ Որոշվեց լրամշակել առաջարկվող բարեփոխումների փաթեթը՝ հաշվի առնելով բոլոր գործընկերների առաջարկները։

Քննարկվեց նաև վարժական հավաքների դեպքում պետության կողմից վճարվող գումարի և աշխատավարձի տարբերությունը գործատուի կողմից վճարվելու խնդրի լուծման տարբերակները։

Յուրաքանչյուր քննարկված փաթեթի վերաբերյալ հետագա զարգացումների և թարմացումների մասին նորությունները կհրապարակվեն Հայաստանի ներդրումային խորհրդի կայքում։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930