Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն այնքան էլ հարթ չեն ընթանում, ինչպես որ կցանկանայինք: Այս մասին Ղազախստան կատարած այցի շրջանակում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ես իմ գործընկերոջը տեղեկացրի բանակցային գործընթացի ներկա կարգավիճակի մասին: Մենք տրամադրված ենք հարաբերությունների կարգավորմանը: Հենց Ադրբեջանն է առաջարկել սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ, որը գործնականում արդեն սկսվել է, բայց այնքան էլ հարթ չի ընթանում, ինչպես որ կցանկանայինք»,- ասել է Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո:
Նա նշել է, սակայն, որ խաղաղության պայմանագրին այլընտրանք չկա, քանի որ «հարևանների միջև հարաբերությունները պետք է լինեն նորմալ», չնայած «30-ամյա օկուպացիային» և «ադրբեջանցի ժողովրդի կրած տառապանքներին»:
«Չնայած դրան՝ մենք նայում ենք ապագային և կարծում ենք, որ հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ՄԱԿ կանոնադրության սահմանների անխախտելիության, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա, ինչը կշրջի բազմամյա թշնամության էջը»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ