Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից եւ գերնպատակը եղել է ավարտել հայերի ցեղասպանությունն արդեն Արեւելյան Հայաստանում եւ ամբողջ Անդրկովկասում»

Ապրիլ 10,2023 17:07

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում խոսելով արդեն գրեթե երեք ամիս փաստացի Ադրբեջանի գերության մեջ գտնվող Արցախի մասին՝ հիշեցրեց պատմությունը:

«Հիշեցնեմ, որ 1918 թվականին Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից եւ գերնպատակը եղել է շարունակել եւ ավարտել հայերի ցեղասպանությունն արդեն Արեւելյան Հայաստանում եւ ամբողջ Անդրկովկասում: Եվ, փաստորեն, քանի որ ժամանակակից Ադրբեջանն իրեն հայտարարել է հենց այդ ցեղասպանածին պետության իրավահաջորդը, պետք է հստակեցնեմ, որ մարտի 2-ին ընդունվելով ՄԱԿ որպես անդամ պետություն, արդեն ապրիլի 10-ին Ադրբեջանն իրականացրել է այն ցեղասպանական գործողությունը, որը բարոնուհի Քերոլայն Քոքսը բնութագրել, է որպես ժամանակակից Գողգոթա: Դա տեղի է ունեցել ճիշտ այս օրը, 1992 թվականի ապրիլի 10-ին: Այնպես որ, ժառանգություն կամ իրավահաջորդություն պետք է հասկանալ հենց այսպես. ինչի համար ստեղծվել է Ադրբեջանը, դա էլ նա իրականացնում է հետեւողական, տարբեր մեթոդներով, նայած ժամանակահատվածին:

Ցեղասպանությունը տարբեր ձեւերով է դրսեւորվում: 1920 թվականին սովետական կարգերը հաստատվելուց հետո, երբ Ադրբեջանը համարվեց սովետական հանրապետություն, իրեն բռնակցված Նախիջեւանի եւ Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, վիճելի տարածքներում հենց 20 թվականից Սովետական Ադրբեջանը իրականացնում էր ցեղասպանությունն այլ ձեւերով:

Լեռնային Ղարաբաղի, այսպես ասած, ընդգրկումը ոչ ազգային ադրբեջանական հանրապետության մեջ ուներ կոշտ իրավաբանական եւ իրավական պահանջ: Ամբողջ Լեռնային Ղարաբաղին, ոչ թե ԼՂԻՄ-ին, որը ամբողջ Լեռնային Ղարաբաղի ¼-ն է ընդամենը, պետք է տրվեր ինքնավարության կարգավիճակ: Եվ տեսեք, 20-ից 23 թվականը Սովետական Ադրբեջանը չի իրականացրել այդ պահանջը: Այլ ձգելով բերել է նրան, որ ամբողջական Լեռնային Ղարաբաղից կտրտելով տարածքներ, արել է այնպես, որ ԼՂԻՄ-ը անջատված լինի Հայաստանից: Դա էլ ցեղասպանություն է, որովհետեւ այդպես Լեռնային Ղարաբաղի հայերը զրկվել են մեծ ի մասով իրենց Հայրենիքից:

Եթե անդրադառնանք հաջորդ տարիներին, պետք է մեջբերում անեմ Հեյդար Ալիեւից, որն ասել է. «Ես սովետական ժամանակ լինելով ղեկավարն Ադրբեջանի, իրականացրել եմ այնպիսի ժողովրդագրական քաղաքականություն, որ Լեռնային Ղարաբաղում հայերի թիվը քչանա, իսկ ադրբեջանցիների թիվը մեծանա»: Ցեղասպանագետները այդպիսի քաղաքականությունը հստակ համարում են ցեղասպանության փուլերից կամ ձեւերից մեկը»,-ասաց տիկին Ալավերդյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930