Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հստակ պահանջ դնել՝ կամ գերեվարված ադրբեջանցու և մյուս դիվերսանտի կյանքին վտանգ կսպառնա, կամ նրանք պիտի փոխանակվեն այս պահին հաստատված՝ մեր 33 ռազմագերիների հետ»․ Նաիրա Զոհրաբյան

Ապրիլ 10,2023 16:44

«Ադրբեջանից մյուս դիվերսանտին էլ պետք է կալանավորել և հստակ պահանջ դնել, որ կամ նրանց կյանքին վտանգ կսպառնա, կամ նրանք կփոխանակվեն այս պահին հաստատված՝ մեր 33 ռազմագերիների հետ»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ տարածքում հայտնաբերված և ձերբակալված Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի հետ կապված միջադեպին:

Հիշեցնենք՝ երեկ ուշ գիշերին Սիսիանի բնակավայրերից մեկում ադրբեջանցի է հայտնվել, որը բնակիչներից մեկի տուն է մտել, խոսել հայերեն։ Բնակիչը կասկածել է, եւ ադրբեջանցին փախուստի է դիմել։ Եղել է զինվորականի հագուստով։

Ըստ նրա խոսքի՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Նաիրա Զոհրաբյանը նաև պնդեց, որ հայ ռազմագերիների թիվը 33-ից անցնում է ու շարունակեց․ «Ես պնդում եմ՝ կան բոլոր տեսանյութերը, որոնք փոխանցված են եվրոպական բոլոր կառույցներին, որ գերի հանձնված տղաների թիվը 33+80 է։ Գոնե այն 33 տղաները, որոնց թիվը պաշտոնապես հաստատվել է Ալիևի կողմից, նրանք պետք է փոխանակվեն Ադրբեջանի զինուժի զինծառայողների հետ։ Մեկն արդեն կալանավորված է։ 30 րոպե է պետք Ադրբեջանի զինված ուժերի մյուս դիվերսանտին ևս ձերբակալելու համար Սիսիանում։ Խնդիր պիտի դնել Ալիևի առաջ, որ նրանց կփոխանակեն այս պահին Ադրբեջանի բանտերում դանդաղ մահացող 33 հայ ռազմագերիների հետ։ Մայրեր, մի լռեք, մի վախեցեք։ Գիտեմ՝ ուղարկելու են ձեր տներ մարզպետարանների, գյուղապետարանների ներկայացուցիչներին և ասեն՝ ոչ մի գործողություն չանեք։ Դիմում եմ զոհվածների ծնողներին, բռնի տեղահանված շուշեցիներին, հադրութցիներին, ձեր լռությունը փորձում են գնել»։

Նաիրա Զոհրաբյանը ցավով հիշեց, որ առանց նախապայմանի Հայաստանն Ադրբեջանին էր վերադարձրել ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք 2014 թվականին Արցախում դատապարտվել էին երկարատև ազատազրկման Արցախի քաղաքացու սպանության համար ու հորդորեց գերեվարվածների ծնողներին գնալ կառավարության շենքի առաջ և պահանջել, որ 33 հայ գերեվարվածները փոխանակվեն ադրբեջանցի դիվերսանտների հետ։

Դիմելով ընդդիմությանն ասաց․ «Դիմում եմ խորը քնի մեջ մտած ընդդիմությանը․ զարթնեք և ծնողների կողքին եղեք․ նրանց աջակցություն է պետք այս պահին, պահանջեք, որ այս գերեվարված ադրբեջանական զինուժի ներկայացուցիչը, որը պատահական քաղաքացի չէր, փոխանակվի 33 գերեվարված տղաների հետ։ Իմ հարազատները Գորիսում ասում են, որ Գորիսում ազատ վխտացող ադրբեջանցիներ են տեսնում։ Պարոն Աբազյան, հույս ունեմ՝ չեք մտածելու այս Սիսիանից փախած, սիսիանցու տուն մտած ադրբեջանցի զինծառայողին կերակրելու մասին»։

Կրկին անդրադառնալով ընդդիմությանը՝ Նաիրա Զոհրաբյանը շարունակեց պնդել, որ ընդդիմության՝ խորհրդարան վերադառնալը սխալ էր ու նշեց․ «Մենք տեսնում ենք՝ ինչ են անում․ գնում, ասում են՝ Ալեն ջան, Վլադիմիր ջան։ Մեր խորհրդարանում նման ընդդիմություն չպիտի լինի։ Մեր խորհրդանում չպիտի լինի ընդդիմություն, որը տարբեր տենդերներ է բանակցում իշխանության հետ։ Այդ մասին պիտի խոսել ու ասել, որովհետև մենք՝ այսօր նաև ձեր հանդուրժողականության, «Ալեն ջան»-երի պատճառով հայրենիք ենք կորցնում։ Տեսե՞լ եք մի երկիր, որտեղ ԱԺ նախագահն իր թիկնազորի միջոցով անզգայացնել տար քաղաքացուն և թքեր երեսին։ Դրանից հետո նա տեղում պիտի հրաժարական տար։ Ամենազարհուրելին այն է, որ թքում են ժողովրդի վրա և դա անում են՝ իրենց ձայն տված 680 հազարի անունից։ Հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի լեզու են ասում՝ կկտրենք, գլուխն են ասում՝ կջարդենք։ Այսօր մեզ պետք է մահապարտ քաղաքական էլիտա, որովհետև Նիկոլը իշխանություն պահելու մահապարտ է։ Պետք է ընդդիմությունն էլ հասկանա, որ պիտի լինի մահապարտ, իսկ ովքեր «Ալեն ջան» ու «Վլադիմիր ջան» են, պետք է իրենց մանդատը վայր դնեն, գնան, իրենց տանը նստեն։ Եթե սա լիներ պատերազմից առաջ, կասեինք՝ ընդդիմությունը յոլա է գնում, բայց այժմ ամեն «Ալեն ջան», «Վլադիմիր ջան»-ից հետո մենք Տեղ գյուղում և ՀՀ այլ մասերում տարածքներ ենք կորցնում»։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ ՔՊ-ն այժմ ունի ցածր վարկանիշ։ Նա մանրամասնեց․ «ՔՊ-ն այսօր ունի պատմական ամենացածր վարկանիշը։ Եթե հավատամ, որ մարդիկ անկեղծ են պատասխանել, քանի որ շատ դեպքերում ՀՀ-ում սոցհարցումների ճշգրտությանը չեմ հավատում, նույնիսկ, եթե հավատանք այդ թվին, մոտ 21 տոկոսն է վստահում ՔՊ-ին, 49-52 տոկոս են կազմում բացասական պատասխան տվածները, կամ որ չեն մասնակցելու ընտրություններին։ Այսինքն՝ հասարակության գերակշիռ մասը պատրաստ չէ ձայն տալ ՔՊ-ին։ Եթե քաղաքական էլիտան առաջնորդի, կա ադեկվատ հատված, որն ուղղակի խելագարվում է տանը նստած, քանի որ չի տեսնում այն քաղաքական էլիտային, որը պատրաստ է գալ։ Այդ դեպքում Նիկոլի իշխանությանը մնալու են շաբաթներ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930